Հայ-վրացական պատերազմը Հայաստանի առաջին հանրապետության պատմության կարևորագույն դրվագներից է, որ, սակայն, քիչ է լուսաբանված:
Փաստ է. եթե չլիներ Նժդեհի գլխավորած Լեռնահայաստանի հերոսամարտը` այսօր ՀՀ կազմում չէինք ունենա Սյունիքը: Նույնը կարող ենք ասել նաև Լոռվա պարագայում. եթե չլիներ հայ – վրացական հաղթական պատերազմը` Լոռին կկիսեր Ջավախքի ճակատագիրը:
Դեռևս 1918 թվականի ամռանը հայկական և վրացական կառավարությունների միջև բանակցություններ էին ընթանում Բորչալու գավառի (Լոռու դաշտ` Հյուսիսային Լոռի` խառը, հայ, վրաց և ադրբեջանցի բնակչությամբ) բաժամնան վերաբերյալ: Վրացական կողմը հավակնություններ ուներ Ախալքալակի, Ղազախի (Նոյեմբերյանի տարածաշրջան) Բորչալուի (Հյուսիսային Լոռի) և Ալեքսանդրապոլի գավառի Փամբակի շրջանի նկատմամբ:
Վրաց կողմը դա հիմնավորում էր տնտեսական, ռազմաքաղաքական և ,,պատմական,, փաստարկներով: Փաստորեն, վրացական կառավարությունն առաջարկում էր ամրագրել թուրքերի նահանջից հետո հայ – վրացական զորքերի առկա սահմանագիծը պայմանագրով, քանզի թուրքական բանակի նահանջից հետո գերմանա – վրացական զորքերը զբաղեցրել էին վերոհիշյալ շրջանները: Դրան ինչ խոսք, չէր կարող համակերպվել ՀՀ կառավարությունը:
Վրացական կողմը բանակցություններին առընթեր ուժեղացնում էր ճնշումները հայկական շրջաններում: Ծանր տուրքեր էին դրվում հայերի վրա, հեռացնում և մեկուսացնում էին հայ պաշտոնյաներին, վրաց զորքը կեղեքում էր առանց այն էլ ծանր վիճակում գտնվող հայ գյուղացուն:
Դրությունն ավելի շիկացավ, երբ վրաց կառավարությունը որոշեց զինակոչ անցկացնել նշյալ շրջաններում: Եվ երբ հոկտեմբեր ամսին հայկական զորքերը Դրոյի գլխավորությամբ ազատագրեցին Լոռի – Փամբակը, պարզ էր` պատերազմն անխուսափելի է:
Հոկտեմբերի 20 – ին Սանահին կայարանում կայանած վրացական զրահատար գնացքի պետ Գոգուաձեն նոտա հղեց հայկական կողմին` պահանջելով պարպել Փամբակի շրջանը` Շահալի կայարանը ներառյալ: Գործին փորձեց միջամտել նաև Գերմանիայի զինվորական ներկայացուցիչ Ֆոն Բերեսը` վրացիներին անմիջական աջակցություն ցուցաբերելու սպառնալիքով:
Պատերազմը Հայաստանի համար ոչ միայն պարտադրված էր, այլև` անցանկալի:
Որևէ աջակցությունից զուրկ, փախստականներով լցված, հաղորդակցական ուղիներ չունեցող և թշնամական երկրներով շրջապատված, համաճարակների ու սովի ճիրաններում հայտնված երկիրը պիտի պատերազմեր Գերմանիայի աջակցությունը վայելող Վրաստանի դեմ:
Բայց վրացական բանակի վիճակն էլ նախանձելի չէր. նրան թիկունքից հարվածում էր հայ աշխարհազորը: Աշխարհազորի ելույթները ճնշելու համար հոկտեմբերի 23 – ին զորավար Գոգուաձեի զրահագնացքը գնդակոծեց Շնողը: Երեք օր անց ռմբակոծման ենթարկվեց Այրումը:
Վրացիներն ավելի ուժեղացրին ճնշումները հայկական գյուղերում: Վրաց զինվորներն ապրում էին հայերի տներում, ունեզրկում հայ գյուղացիներին, խուզարկությունների պատրվակով թալանում էին գյուղերը, բռնաբարում կանանց ու աղջիկներին, ամեն տեսակ խայտառակություններ գործ դնում, բռնագրավում ամեն ինչ:
Մի խոսքով` ենիչերական կարգեր էին հաստատվել Լոռիում:
Այս պայմաններում ապստամբեց նաև Օձունը: Նոյեմբերի 21 – ից դեկտեմբերի 8 – ն ուժեղ բախումներ տեղի ունեցան Օձունի շրջանում` տեղի բնակչության և վրացական բանակի ստորաբաժանումների միջև: Այստեղ հայ աշխարհազորայիններին հաջողվում է հզոր հակահարված տալ թշնամուն, նույնիսկ` Ալավերդի – Սանահին հատվածում քանդել երկաթգիծը:
Ամբողջ երկու օր վրացիները թնդանոթային կրակի տակ առան Օձունը: Կողոպտվեցին ու ավերվեցին Աղեգի, Ամոջ, Աքորի գյուղերը:
Ի վերջո` դեկտեմբերի 13-ին Հայաստանի կառավարությունը հանձնարարեց Դիլիջան – Լոռի զորախմբի պետ Դրաստամատ Կանայանին` մաքրել Լոռին վրացիներից:
Դրոյի տրամադրության տակ կար 28 վաշտ, 26 գնդացիր, 7 լեռնային հրանոթ, 400 ձիավոր ու հայկական աշխարհազորը:
Վրացիները շրջանում կենտրոնացրել էին 8000 զինվոր:
Հարձակման առաջին իսկ օրը հայկական ուժերն ազատագրեցին Վորոնցովկան և Պրիվոլնոյեն: Ապա գնդապետ Նեստերովսկու զորամասը ազատագրեց Սանահին կայարանը` մեծ ռազմավարով: Միաժամանակ` Այրում կայարանի մոտ աշխարհազորը քանդեց երկաթգիծը և վրացիներին կտրեց թիկունքից, փակեց նրանց նահանջի ուղին:
Ողջ ճակատով հայկական ուժերը հարձակման անցան:
Գնդապետ Թարվերդյանը գիշերային հարձակումով ջարդեց թշնամու խմբաքանակը Հաղբատի ու Ախթալայի միջև: Միաժամանակ, ռոտմիստր Փիրումյանի հարյուրյակն ազատագրեց Լալվար սարը, աքցանի մեջ առավ Ալավերդին: Մյուս կողմից ազատագրվեց Միխայլովկան:
Դեկտեմբերի 15 – ին հայկական ուժերն ազատագրեցին Ալավերդին ու հարձակման անցան Այրում – Սադախլո և Բոլնիս – Եկատերինֆելդ ուղղություններով: Նույն օրը վրացիներից պարպվեց Այրումը:
Դեկտեմբերի 17-ին վրաց բանակը համալրում ստացավ թիկունքից: Սակայն նույն օրը հայկական ուժերը խիզախ հարձակումով ջարդեցին վրացական 5 – րդ և 6-րդ գնդերը: Հայկական ուժերն ազատագրեցին աքցանի մեջ առած Ախթալան և ձեռք բերեցին հարուստ ռազմավար: Վրացիներն Ախթալա կայարանում թողին 60 դիակ: Դեկտեմբերի 18 – ին ազատագրվեց Բոլնիս – Խաչենը, թշնամին քաշվեց դեպի Արախլու գյուղը:
Միաժամանակ, վրացական ուժերը կենտրոնացան Սադախլոի շրջանում: Վրաստանում մեծ զորահավաք հայտարարվեց: Հայկական ճակատ ուղարկվեց Ժողովրդական գվարդիան: Սադախլո եկավ Վրաստանի զինվորական նախարարը` 1000 զինվորներով: Նույն ժամանակահատվածում հայկական բանակը համալրում չի ստացել: Սովը, ցուրտը, ռազմամթերքի պակասը նեղում էին զինվորներին: Բայց տեղի բնակչությունն ու աշխարհազորն ամեն կերպ աջակցում էին բանակին:
Դեկտեմբերի 19-ին հայկական ուժերն անակնկալ հարձակումով ազատագրեցին Սադախլոն: Հաջորդ օրը Կուռո Թարխանյանի հարյուրյակը ազատագրեց Շուլավերը: Ուժեղ կռիվներ ծավալվեցին Արախլուի համար: Կռիվներն արյունահեղ էին նաև Դաղեթ – Խաչեն և Սարաչլու գյուղերի ճակատում, ուր վերջնականապես ջախջախվեց զորավար Ցուլուկիձեի զորամասը:
Ամրանալով ազատագրված տարածքներում և շրջապատման մեջ առնելով թշնամու մեծ զորաբանակ` հայկական ուժերը վարում են դիրքային կռիվներ` սպասելով համալրման` Թիֆլիսին հարվածելու համար:
Դեկտեմբերի 28-ին վրացիները հարձակում սկսեցին բոլոր ուղղություններով: Նրանց աջակցում էր Բորչալուի թուրք խուժանը: Սակայն հայկական ուժերի հակահարվածը վրացիներին մղեց ելման դիրքերը:
Դեկտեմբերի 31 – ին դաշնակից պետությունների միջամտությամբ կնքվեց զինադադար: Հայ – վրացական պատերազմն ավարտվեց:
Վահէ Լոռենց
Տպագրված է ,,Անկախ,, շաբաթաթերթում, 2010 թվականի դեկտեմբերի 13-ին:
Ինչ ամոթ ա….Կեցցեք:
Իմ ունեցած տեղեկություններով, նաև`համագյուղացիների պատմելով, ապստամբել է նաև Աքորին… Աքորեցի Ղազոանց Ենոքը և ուրիշներ մեծ քարեր են գլորել, Ալավերդի-Սանահին հատվածում փակել զրահագնացի ճանապարհը, քանդվել է նաև երկաթգծի մի մասը…
Պապս պատմում էր նաև Ամոջեցի Գալուստի խմբի մասին, թե ինչպես են Օձունի կողմից քարաբեկորներ գլորելով, փակել զրահագնացքի ճանապարհը։