ՄՈՐԻԿ ԿԱՅՍՐ

Մորիկն առաջին հայազգի կայսրն էր Բյուզանդիայի գահին։ Նա պատմությանը հայտնի է նաև Փլավիոս Մավրիկիոս Տիբերիոս Ավգուստոս անունով։

Մորիկ կայսրը ծնվել է 539 թվականին։ Ապագա կայսրի ծննդավայրի վերաբերյալ հակասական կարծիքներ կան։ Արևմտյան պատմագիտությունը Մորիկի ծննդավայր է համարում Փոքր Հայքի Արփսուս հայաբնակ բնակավայրը։ Հայ պատմագրությունը (Շապուհ Բագրատունի, Կիրակոս Գանձակեցի, Ստեփանոս Տարոնացի) Մորիկի ծննդավայր է համարում Այրարատի Օշական գյուղը։

Մորիկն իր գահակալման ողջ ընթացքում հակահայ քաղաքականություն վարեց։ Հայոց ավանդույթը հետաքրքիր զրույց է փոխանցել Մորիկի մասին։ Նա ծնվելով Օշականում, մանկուց աչքի է ընկել չարությամբ, դաժանությամբ։ Հայրը նախատելով նրան, միշտ ասում էր, թե Մորիկը մարդ չի դառնա։ Կայսր դառնալով՝ Մորիկը պալատ է հրավիրում հորը, ցույց տալիս կայսերական գահը, շքեղ հանդերձանքը, ասում է․-Իսկ դու ասում էիր՝ մարդ չես դառնա։ Հայրը նայելով որդու աչքերի մեջ՝ պատասխանում է․-Ես չեմ ասել, թե չես կարող կայսր դառնալ։ Ես ասել եմ՝ Մարդ չես դառնա։ Եվ դու չդարձար մարդ։

Մորիկի հոր անունը Պողոս էր։ Որդին նրան կայսերական գահ բարձրանալուց հետո,  սենատի նախագահ նշանակեց։ Մորիկն ուներ նաև Պետրոս անունով եղբայր, Թեոկտիստա և Գորդիա անունով քույրեր։ Ժամանակակիցները Մորիկին նկարագրում են որպես խոհեմ, համեստ մարդ, որից հեռու էին գոռոզությունն ու մեծամտությունը։ Ազնիվ էր, պարկեշտ և շատ խիստ ու արդարադատ։ Միաժամանակ՝ շատ խնայող էր և ժլատ։ Նա սիրում էր արվեստը՝ երաժշտություն, պոեզիա, պատմություն։ Հովանավորում էր արվեստի, մշակույթի գործիչներին։ Զերծ էր մոլախաղերից և զվարճություններից։

Մորիկը Հայաստանից Կոստանդնուպոլիս այցելեց և որոշ ժամանակ այնտեղ գործում էր որպես նոտար։ Շուտով Մորիկը որոշեց թողներ իրավաբանությունն ու ծառայության անցնելով բանակում։ Նա աչքի էր ընկնում քաջությամբ, հմտությամբ, ազնվությամբ և շուտով դարձավ կայսերական թիկնազորի հրամանատար։ Տիբերիոս Բ կայսրը նկատեց նրան ու իր փեսան դարձրեց՝ նշանելով իր Կոստանդինա դստեր հետ և գահաժառանգ հռչակեց, ապա Մորիկին վստահեց արևելյան զորքերի հրամանատարությունը։ Կոստանդինան Մորիկին ինը զավակ պարգևեց՝ Թեոդոսիոս, Տիբերիոս, Պետրոս, Պողոս, Հուստինոս, Հուստինիանոս որդիներին և Անաստասիա, Թեոկտիստա, Կլեոպատրա դուստրերին։

582 թվականին, Տիբերիոսի մահից հետո, Մորիկը գահ բարձրացավ և կառավարեց մինչև 602 թվականը։ Գահ բարձրանալով՝ ճոխ հարսանիք և ժողովրդական տոնախմբություն կազմակերպեց։

Մորիկը պալատ հրավիրեց իր հորը, ազգականներին, նրանց կալվածքներ և պաշտոններ շնորհեց, իրեն շրջապատեց բարեկամներով ու մտերիմներով։

Կայսրի կարևոր նորամուծությունն այն էր, որ հունարենը հայտարարեց կայսրության պաշտոնական լեզու՝ լատիներենի փոխարեն։

588 թվականին, Մորիկի դեմ հուժկու ապստամբություն բռնկվեց, որը մեծ դժվարությամբ հնարավոր եղավ  ճնշել։

Մորիկը շարունակեց Տիբերիոս կայսրի օրոք սկսված պատերազմը Պարսկաստանի դեմ և հաղթական ավարտի հասցրեց 591 թվականին։

571 թվականին, Հայաստանում Կարմիր Վարդան Մամիկոնյանը ապստամբություն էր բարձրացրել Պարսկաստանի դեմ և կաթողիկոս Հովհաննես Գաբեղենցու հետ փախել Բյուզանդիա։ Սպարապետն ու կաթողիկոսը քաղկեդոնականություն ընդունեցին Պոլսում, իսկ բյուզանդական բանակն օգտվելով առիթից՝ ներխուժեց Հայաստան։

Մորիկը հաղթանակով ավարտեց պատերազմն ու 591 թվականին, Պարսկաստանին հարկադրեց ստորագրել հաշտություն, որով Հայաստանի մեծ մասն անցավ Բյուզանդիային։

Գրավելով Հայաստանի մեծ մասը, Մորիկն այստեղ վարեց հակահայ քաղաքականություն՝ ցանկանալով հայաթափել Հայաստանն ու հայկական ռազմական ուժերը թուլացնելու նպատակով նա նամակ ուղղեց պարսից Խոսրով Բ թագավորին, ուր ասում էր, որ ինքը հայկական գնդերը կուղարկի Թրակիա՝ պատերազմի, իսկ դու քո բաժնի Հայաստանի գնդերն ուղարկիր Միջին Ասիա։ Եթե հայերն սպանեն՝ կսպանեն մեր թշնամիներին, եթե սպանվեն՝ կսպանվեն մեր թշնամիները։

Նա հայերին պարտադրում էր քաղկեդոնականություն ընդունել։  Նաև, 10 հազար հայերի բռնությամբ տեղահանեց և բնակեցրեց Կիպրոսում։

Մորիկը ծանր պատերազմներ մղեց Թրակիայում։ Ավարները հարձակվելով Բյուզանդիայի վրա՝ հասան մայրաքաղաքի պարիսպներին։ Բայց ավարների բանակում ժանտախտի համաճարակ բռնկվեց։ Մեկ օրում մահացան խաքանի յոթ որդիները։ Ավարները համաձայնվեցին նահանջել, եթե կայսրը հարկ վճարի։ Կայսրը ժլատություն արեց և ոչ միայն հարկ չվճարեց, այլև հրաժարվեց փրկագնել 12 հազար գերյալ զինվորներին։ Ավարները մայրաքաղաքի պարիսպների տակ մորթեցին բոլորին։ Դա մեծացրեց ատելությունը կայսրի նկատմամբ։

Այնուամենայնիվ,  599 թվականին, Մորիկը  ավարներին հետ մղեց մինչև Դունայ գետը։

Նա ամրացրեց նաև Բյուզանդիայի դիրքերն Իտալիայում, կասեցնելով լանգոբարդների առաջխաղացումն ու ամրացնելով Ռավեննան։ Կայսրը  պայքարեց Հռոմի Գրիգոր Ա պապի դեմ,  որպեսզի չեզոքացնի նրա ազդեցությւնը կայսրությունում , դրա փոխարեն Պոլսի պատրիարքի դիրքերն ուժեղացրեց։

Մորիկն ամրապնդեց կայսրության դիրքերը նաև Հյուսիսային Աֆրիկայում՝ Կարթագենում։

Անվերջանալի պատերազմները կայսրության մեջ խոր ֆինանսական ճգնաժամ առաջացրեցին։ Կայսրը գանձարանը լցնելու համար բարձրացրեց պետության հարկերը, ինչը մեծ դժգոհությունների առիթ տվեց։ Նա Եգիպտոսից ներկրվող հացահատիկը կրկնակի թանկ էր վաճառում քաղաքացիներին, ինչն ավելի մեծացրեց դժգոհությունն ու ատելությունը։  Նրա նկատմամբ ատելությունն անսահման էր և շարունակ ապստամբություններ էին ծագում կայսրության տարբեր վայրերում։

Դրան գումարվեց երկրաշարժը, կայսրությունով մեկ մոլեգնող ժանտախտն ու երաշտը, որը հանգեցրեց սովի։

601 թվականին, կայսրը բոկոտն խաչերթի էր դուրս եկել մայրաքաղաքի փողոցներում, երբ նրա դեմ ժաղավուրդն ըմբոստացավ և սկսեց քարերով հարվածել շքախմբին։ Կայսրը հազիվ փրկվելով՝ փախավ և ապաստանեց պալատում։

Մորիկը դավադրության մեջ կասկածելով իր որդուն՝ Թեոդոսիոսին, ծեծեց նրան, իսկ  փեսային՝ Գերմանին, ցանկացավ մահապատժի ենթարկել, բայց մայրաքաղաքի բնակիչները փրկեցին Գերմանին։ Ապստամբությունը չավարտվեց, այլ գնալով մեծ ծավալներ էր ընդունում։

602 թվականին Փոկաս զորավարն ապստամբեց և շարժվեց դեպի մայրաքաղաք։ Մորիկի կողմնակիցները չդիմադրեցին և Փոկասն առանց դիմադրության գրավեց Կոստանդնուպոլիսը։ Կայսրը փորձեց կնոջ և ընտանիքի հետ փախչել փոքրիկ նավով, բայց փոթորկոտ ծովը նրան ափ հանեց Քաղկեդոնում, ուր էլ Մորիկը ձերբակալվեց։

Մորիկը գահընկեց արվեց և գահ բարձրացավ Փոկասը։ 602 թվականի նոյեմբերի 27-ին, Փոկասը Մորիկին մահապատժի ենթարկեց։ Փոկասի հրամանով, Մորիկի աչքի առաջ գլխատվեցին որդիները, ապա՝ կայսրն ինքը։ Երբ մահապարտներին տանում էին կառափնարան, Մորիկի նորածին որդու դայակը փախցնելով կայսրի որդուն՝ նրա փոխարեն կառափնարան էր ուղարկել իր սեփական զավակին։ Դա նկատեց կայսրն ու ըմբոստացավ անարդարության դեմ, հայտարարելով, որ դայակի զավակը մեղավոր չէ․․․  Փոկասի հրամանով սպանվեց նաև Մորիկի եղբայր Պետրոսը։ Մորիկի կին Կոստանդինան երեք դուստրերով, մենաստան աքսորվեց, բայց հետագայում նրանց մեղադրելով դավադրության մեջ՝ գլխատեցին։ Գլխատվեցին նաև Մորիկ կայսրի աջակից շատ պալատականներ ու զորավարներ։ Սպանվածների մարմինները ծովը նետեցին, իսկ գլուխները ցցի հանված դրվեցին մայրաքաղաքի հրապարակներից մեկում, մինչև կնեխեին։

Մորիկը փայլուն զորավար լինելուց զատ, նաև ռազմական տեսաբան էր։ Նա հեղինակել է Ստրատեգիկոն աշխատությունը, որը վաղ միջնադարյան ռազմագիտության տեսության փայլուն գործերից է։

 

Facebooktwitterlinkedin