ԲԱՅԱԶԵՏ

Բայազետի հայերը, ովքեր հանուն ռուսական շահերի բազմիցս զենքի էին դիմել, անկարող եղան պաշտպանել իրենց կյանքն, արժանապատվությունը: Առանց զենք գործածելու՝ կոտորվեցին: Այժմ էլ քաղաքի վերին՝ Զանգեզուր թաղամասում, կարող եք տեսնել 1918 թվականին կոտորված հայերի տների ավերակները…

Հայոց Դարոյնք քաղաքը՝ ներկայիս Բայազետը, գտնվում է Մասիս լեռան հարավ-արևմտյան մասում՝ Ծաղկանց լեռների ամենաբարձր գագաթի՝ Թոնդուրեկ լեռան հյուսիսային լանջերին: 1441 թվականին ժայթքեց Թոնդուրեկի հրաբուխը՝ լավայի հսկայական շիթ դուրս թողնելով իր ընդերքից, բայց Բայազետին չէր սպառնում հռոմեական Պոմպեի ճակատագիրը: Թոնդուրեկի լավան հոսեց դեպի հարավ, դեպի Վասպուրական աշխարհ…

Բայազետ անվանումը պատմագիտությունը կապում է օսմանյան կայսրության սուլթան Բայազետ Ա հետ, ով գահակալել է 14-15-րդ դարերում: Նա 1402 թվականին, Անկարայի ճակատամարտում ջախջախիչ պարտություն կրեց Լենկ-Թեմուրից, ով գերեց սուլթանին և նվաստ վիճակում էր պահում նրան՝ շների վանդակում:

Սակայն, քաղաքի Բայազետ անվանումն իրականում հայկական ծագում ունի:

4-րդ դարում հայոց Խոսրով Բ Կոտակ Արշակունի արքան (331-338), օրենք ընդունեց, որի համաձայն, հայոց մայրաքաղաքում և արքունիքում կարող են բնակվել միայն թագաժառանգները: Իսկ արքայի մյուս զավակները՝ պայազատները, պետք է բնակվեին մայրաքաղաքից հեռու, հատուկ նրանց համար կառուցած ապարանքում: Եվ Արշակունի պայազատների համար հայոց արքան Դարոյնք ամրոցի հարակից տարածքում կառուցեց ապարանք: Բայազետ անունն էլ ծագել է հայերեն պայազատից:

Պատահական չէր հայոց արքաների ընտրությունը: Նախ, Դարոյնքում հզոր ամրություններ եղել են դեռ նախաուրարտական շրջանում: Նրանք կառուցված են Արնաքար անմատույց լեռան լանջերին և քերծերում: Հռոմեացի պատմիչ Տակիտոսը Դարոյնքի բերդը համարում էր Տավրոսի դարպասները՝ նկատի ունենալով նրա անառիկությունը:

Քաղաքն իրավ, ունի բնական անմատչելի դիրք: Այն գտնվում է Գռնավուկ դաշտի խորքում՝ երեք կողմերից շրջապատված անմատչելի ժայռերով ու լեռներով:

Եթե մեր օրերում առիթ ունենաք այցելել Բայազետ՝ ապա քաղաքի բարձրադիր՝ հայկական Զանգեզուր թաղամասում, ուր գտնվում է պատմական Դարոյնք բերդը, մի գեղեցիկ ապարանք կտեսնեք:

Դա Իսահակ փաշայի պալատն է, որի մերձակայքում ժամանակին կանգնած է եղել Սուրբ Գրիգոր եկեղեցին: Իսահակ փաշան Բայազետի փաշան է եղել 17-18-րդ դարերում, և վերանորոգել, գեղեցիկ պալատ է այստեղ կառուցել: Պալատի շինարարներն էլ հայ վարպետներն են եղել, ովքեր պատերի վրա, սյուներին հայատառ իրենց նշանագրերն են թողել: Ասում են, Իսահակ փաշան գիտությունների և արվեստների սիրահար է եղել և բարեկամական հարաբերություններ է ունեցել իր հպատակ հայերի հետ:

Ամենայն հավանականությամբ, Իսահակ փաշայի պալատի ներկայիս տեղում էր կանգնած Արշակունի պայազատների ապարանքը:

Իսկ այնտեղից չքնաղ տեսարան է բացվում՝ հայոց Կոգովիտ գավառը, որի կենտրոնն էլ Դարոյնքն էր: Երևում է Դարոյնքի դաշտն իր ողջ գեղեցկությամբ: Հեռվում՝ ցից ժայռ կա՝ Արծվաքարը: Այստեղով հոսում է Արածանի գետը: Բարակ մի առու, որ կտրելով Կոգովիտը, հոսում է հայոց Բագրևանդով և իջնում Մշո դաշտ՝ շարունակ իր մեջ ներառելով վտակներ ու լայնանալով Հայոց Միջագետքում դառնում է հսկա մի գետ:

Արծվաքարի տակ հայոց Արծափ գյուղն է եղել: 642 թվականին հայոց իշխան Թեոդորոս Ռշտունին Արծափի մատույցներում սոսկալի ջարդ տվեց մինչ այդ անպարտելի համբավ ունեցող արաբական զորքերին: Արծափցիները 1918 թվականին գաղթեցին Արևելյան Հայաստան և հաստատվեցին են ներկայիս Բջնի գյուղում:

Դարոյնքի մոտ է գտնվել հայոց ամենասակավակյաց մայրաքաղաք Արշակավանը, որը 350-ական թվականների վերջին կառուցել է հայոց զորեղ արքա Արշակ Բ (350-368):

Սակայն արքայի դեմ ապստամբած նախարարներն օգտվելով Արշակ Բ բացակայությունից,  Ներսես Կամսարական իշխանի և Ներսես Պարթև կաթողիկոսի գլխավորությամբ պաշարեցին քաղաքը: Նրանք գրոհով չկարողացան վերցնել Արշակավանը: Այդժամ, թունավորեցին քաղաքի ողջ բնակչությանն ու մտան քաղաք՝ սրակոտոր անելով մեծահասակներին, իսկ փոքրերին Ներսես կաթողիկոսը հավաքեց ու վանքերը տարավ:

Արշակավանի ճշգրիտ տեղագրությունն անհայտ է: Հնարավոր է՝ այն մնացել է Թոնդուրեկի լավաների տակ: Սակայն պատմիչների հավաստմամբ՝ քաղաքը գտնվել է հենց Դարոյնքի մոտակայքում:

Ի դեպ, դեռ Արշակի պապը՝ Խոսրով Կոտակ արքան է Դարոյնքի բերդին առանձնահատուկ նշանակություն տվել: Երբ 334 թվականին, մազքութաց Սանեսան Արշակունի արքան մեծ զորքով հարձակվեց հայոց երկրի վրա, Խոսրով Կոտակը հենց Դարոյնքում ապաստան գտավ, մինչև որ արևմուտքից հայոց զորքով Այրարատ եկավ Վաչէ Մամիկոնյան սպարապետն ու ջախջախեց մազքութներին:

Հետագայում, Դարոյնքը դարձավ Բագրատունիների կարևորագույն պատվարներից մեկը: Բագրատունյաց տիրապետության շրջանում բերդը հաճախ կոչվում էր նաև Ամրոց Պայազատաց:

1236 թվականին այն գրավեցին մոնղոլները, ապա, երկու դար անց, Բայազետը կռվախնձոր դարձավ Իրանի և Օսմանյան թուրքերի միջև: 1555 թվականին կնքված Ամասիայի պայմանագրով Բայազետն անցավ թուրքերին:

19-րդ դարում, երբ սկիզբ առան ռուս-թուրքական պատերազմները, Բայազետը կռվախնձոր դարձավ ռուսների ու թուրքերի միջև:

1828 թվականին, ռուսական զորքը հենց Բայազետի մելիք Մարտիրոսի 500 հոգանոց կամավորական գնդի օգնությամբ  գրավեց Բայազետը, իսկ մեկ տարի անց, ռուսներն այն վերադարձրին թուրքերին:

Ադրիանապոլսի պայմանագրով ռուսներն իրավունք ստացան Օսմանյան Թուրքիայի տարածքից գաղթեցնել հայ բնակչությանը: Բայազետից շատ հայեր հեռացան և հաստատվեցին Արևելյան Հայաստանում, հիմնելով Նոր Բայազետ քաղաքը՝ Գավառը, որ կարճ ժամանակ անց դարձավ Արևելյան Հայաստանի ամենամեծ բնակավայրերից մեկը՝ բնակչության  թվաքանակով զիջելով միայն Շուշիին և Ալեքսանդրապոլ-Գյումրիին:

Ղրիմի պատերազմի օրերին՝ 1854 թվականին, ռուսական զորքը դարձյալ գրավեց Բայազետը, սակայն կարճ ժամանակ անց քաղաքը վերադարձվեց թուրքերին:

1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ռուսական զորքերը գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ դարձյալ գրավեցին Բայազետը:

Հայազգի գեներալը փոքրաթիվ կայազոր թողեց այստեղ ու առաջ ընթացավ: Սակայն շուտով թուրքերը հակահարձակման անցան և պաշարեցին Բայազետի բերդը:

1878 թվականի հունվարին, հայ կամավորներն ու ռուս զինվորները 22 օր շարունակ հերոսական դիմադրություն ցուցաբերեցին մեծաքանակ թուրքական զորքերին: Հայ կամավորներից մեկը ճեղքելով թուրքերի շղթան, լուր է հասցնում Արշակ Տեր-Ղուկասովին: Վերջինս արշավում է Բայազետ և փրկում պաշարյալներին: Այս դեպքերն իրենց նկարագրությունն են ունեցել Րաֆֆու ,,Խենթը,, պատմավեպում:

1878 թվականին, Բեռլինի դաշնագրով ռուսները Բայազետը կրկին վերադարձրին թուրքերին:

Առաջին աշխարհամարտի օրերին, 1914 թվականին, հայ կամավորներն ու ռուսական բանակը միասին դարձյալ գրավեցին Բայազետը: Սակայն 1918 թվականին դարձյալ թուրքերը վերագրավեցին այն:

Առաջին աշխարհամարտի տարիներին Բայազետում 5000 տուն բնակիչներ կային, որոնց քառասուն տոկոսը հայեր էին:

Բայազետի հայերը, ովքեր հանուն ռուսական մեծապետական շահերի բազմիցս զենքի էին դիմել, անկարող եղան պաշտպանել իրենց կյանքն, արժանապատվությունը: Առանց զենք գործածելու՝ կոտորվեցին: Այժմ էլ քաղաքի վերին՝ Զանգեզուր թաղամասում, կարող եք տեսնել 1918 թվականին կոտորված հայերի տների ավերակները…

Այժմ Բայազետի բնակչությունը կազմում է շուրջ 90.000 մարդ, հիմնականում՝ քրդեր: Բայազետում նաև իսլամացած հայեր են բնակվում, տարբեր հաշվարկներով՝ մինչև 10.000 հոգի: Մեծ է խառնածինների թվաքանակը:

Իսկ 19-րդ դարասկզբին, Բայազետում շուրջ 2000 տուն հայ էր բնակվում: Թուրքերի ու քրդերի թվաքանակը 10 անգամ քիչ էր:

OLYMPUS DIGITAL CAMERA

Վահէ Լոռենց

 

 

Facebooktwitterlinkedin