ՔԱՐԱՀՈՒՆՋ

Քարահունջի հնագույն աստղադիտարանը գտնվում է Սյունիքի մարզում, ծովի մակարդակից 1710 մետր բարձրության, Երևանից 205 կմ հեռավորության վրա:

Հնավայրի տարածքն ընդգրկում է շուրջ 7 հետկար տարածք:

Հնավայրը հայտնի է նաև Զորաց քարեր, Ցից քարեր անուններով: Սակայն 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի աշխատության մեջ այն կոչվում է Քարհունջ: Իսկ մնացած անվանումները հետագա դարերի ծնունդ են:

Քարահունջ` նշանակում է` խոսող քարեր (հունջ-հնչյուն): Քարահունջ անունից են ծագում  Անգլիայի Սթոունհենջ, Ֆրանսիայի Քարնակ, Իռլանդիայի Քալենիշ անունները: Սրանք բոլորն էլ հնագույն աստղադիտարաններ են` տարիքով ավելի փոքր:

Հնագույն Անգլո-սաքսոնական ժամանակագրություն գրքում, որ 8-րդ դարի աշխատություն է, գրված է, որ Բրիտանիայի առաջին բնակիչները բրիտներն են, որոնք եկան Արմենիայից:

Հետաքրքիր է, որ Անգլիայի Սթոունհենջից մինչեւ Եգիպտական բուրգեր եւ մինչեւ Քարահունջ գրեթե նույն հեռավորությունն է:

Հայաստանը մարդկային քաղաքակրթության բնօրրաններից է: Հայաստանում դեռ վաղնջական շրջանում զարգացել են գիտությունը, արվեստները, արհեստները: Եվ պատահական չէ, որ եզակի ազգ ենք, որ մեր դիցարանում ունենք գիտության, դպրության աստվածածություն, հանձինս Տիրի: Տիրի տաճարներ Հայաստանի տարածքում գրեթե ամենուր են եղել: Այստեղ հայոց քրմերը գիտությամբ են զբաղվել: Իսկ վաղնջական շրջանում կարևոր էր հատկապես աստղագիտական և տոմարագիտական ուսումնասիրությունները, քանզի դրանց հետ էին կապված երկրագործական աշխատանքները: Եվ Տիր աստծու պաշտամունքի շատ տաճարներ ծառայել են նաև որպես աստղադիտարաններ:

Քարահունջի աստղադիտարանը հնագույններից է աշխարհում: Նրա տարիքը թվագրվում է 7500 տարեկան, համաձայն Եվրասիական Աստղագիտական Միության նախագահ Ն. Գ. Բոչկարյովի և ակադեմիկոս Պարիս Հերունու ուսումնասիրությունների:

Քարահունջի հնավայրը բաղկացած է մի քանի խումբ կառույցներից և առանձին քարերից, որոնք միասին կազմում են մեգալիթյան հուշարձանը։ Ցցուն քարերի ընդհանուր թվաքանակը 222 է:  Հուշարձանը կազմող կառույցներն են՝ կենտրոնական շրջանը, հյուսիսային և հարավային թևերը, հյուսիս–արևելյան քարուղին, շրջանը հատող լարագիծը, ինչպես նաև առանձին կանգնած քարեր։

Քարահունջի քարերի դասավորվածությունը կրկնում է Կարապի կամ Անգղի համաստեղության աստղերի դասավորվածությանը. նույնատիպ թևերի բացվածք ունի Արևմտյան Հայաստանում` Պորտասարում (Գյոբեգլի Թեփե) հայտնաբերված նախապատմական աստղադիտարանի քանդակներից մեկի վրա պատկերված անգղը:

Քարերը բազալտից են, որոնց բարձրությունը տատանվում է 0,5-ից մինչև 3 մ, իսկ զանգվածը՝ մինչև 10 տոննա։

Հնավայրի Կենտրոնական շրջանը կազմված է 40 քարերից։ Այն ունի ձվաձև տեսք և սուր ծայրով ուղղված է դեպի արևմուտք։ Շրջանի կենտրոնում ժամանակին կանգնած է եղել տաճարը։ Կենտրոնական շրջանի ներսում բնական մագնիսական ուժագծերը պարույրի տեսք ունեն։

Քարահունջի հյուսիսային թևը բաղկացած է 80 առանձին քարերից, որոնցից 49 անցքեր ունեն։ Թևի երկարությունը 136 մ է։ Հյուսիսային վերջավորությունը բաժանվում է արևմտյան և արևելյան քարուղիների, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը 50 մ է։ Այստեղ կան նաև 1-1,5 մ լայնությամբ սալարկված քարուղիներ։ Նմանատիպ քարուղիներ կան նաև հարավային թևում։

Հուշարձանի հարավային թևը ձգվում է կենտրոնական շրջանից 75 մ դեպի հարավ, այնուհետև թեքվում դեպի արևմուտք–արևմուտք–հարավ ու շարունակվում ավելի քան 40 մ։ Այն կազմված է 70 քարերից, որոնցից 26–ի վրա անցքեր կան։ Հարավային թևի վերջավորությունից հետո կան շրջանաձև 3-8 մ տրամագծով գերեզմաններ։

Հուշարձանի տարբեր հատվածներում կան նաև առանձին կանգնած քարեր։ Դրանք կանգնեցված են արևելյան և արևմտյան կողմերում մինչև 90 մ և ավելի հեռավորության վրա։ Կան առնվազն 5 այսպիսի քարեր։ Դրանցից մեկը ունի անցք։ Հավանաբար այս քարերը օգտագործվել են նշանառության համար, ինչպես որ Մեծ Բրիտանիայի Սթոունհենջում Կրնկաքարը։

Քարահունջի քարերից շատերը ունեն անցքեր, որոնք եզակի երևույթ են հնագույն հուշարձաններում։ Այդ հսկա քարերի մեջ արված անցքերը ապահովում են դեպի նպատակակետը ուղղվածության բարձր ճշգրտություն և կայունություն։

Անցքերն ունեն 4-5 սմ տրամագիծ և գտնվում են քարերի գագաթներից 15-20 սմ ներքև։ Անցքերը երկու կողմից կոնաձև լայնանում են տրամագծում մինչև 12սմ։ Անցքերը պատրաստվել են օբսիդիանի միջուկներ ունեցող թրծված կավե գործիքներով և ներսի կողմի մակերեսը մաքուր է ու ողորկ։

Քարհունջի աստղադիտարանը դեռևս շատ գաղտնիքներ է ամփոփում իր մեջ: Բայց մի բան պարզ է. Եգիպտական բուրգերից էլ շատ հին այս կառույցը վկայում է, որ համաշխարհային քաղաքակրթության բնօրրանը հենց Հաայաստանն է:

 

Վահէ Լոռենց

Facebooktwittergoogle_pluslinkedin