ՈՒԽՏԱՍԱՐ

Ուխտասարը գտնվում է Սյունիքի մարզում, Երևանից 250 կմ հեռավորության վրա: Այն Զանգեզուրի լեռնաշղթայի բարձր գագաթներից մեկն է:

Ուխտասար բառը երկու բացատրություն ունի: Առաջին տարբերակը բառը կապում է ուղտ բառի հետ, քանզի սարը հեռվից ուղտի սապատի է նմանվում: Մյուս տարբերակի համաձայն՝ անվանումը կապված է ուխտ բառի հետ, քանզի Ուխտասարը հին ուխտատեղի է եղել:

Ուխտասարի գագաթի մոտ, ծովի մակերևույթից 3300 մետր բարձրության վրա է գտնվում Ծղուկ լիճը: Լիճն այդպես է անվանակոչված, քանզի Ուխտասարը գտնվում է պատմական Հայաստանի Սյունաց աշխարհի Ծղուկ գավառում:

Ծղուկ լճի շուրջը սփռված են հազարավոր ժայռապատկերներ: Ընդհանուր առմամբ, Հայաստանում հայտնաբերվել են ավելի, քան 20.000 ժայռապատկերներ: Նրանք սփռված են Սյունաց, Գեղամա լեռներում, Արագածի փեշերին… Որպես կանոն, ժայռապատկերները բարձրադիր վայրերում են գտնվում, ուր նաև ջրային հարուստ պաշարներ կան:

Հայաստանի ժայռապատկերներից ավելի, քան 6000 գտնվում են Ուխտասարում:  Ժայռապատկերը ժայռերին, առանձին քարերի վրա կամ քարանձավներում արված հնագույն պատկերներ և տեսարաններ են: Ժամանակագրական առումով նրանք սկիզբ են առնում Հին քարե դարից և հասնում միջնադար:  Կատարման տեխնիկայով բազմազան են՝ հանքային ներկերով արված բազմագույն նկարներից մինչև տարբեր որակի ուրվագծային պատկերներ ու հարթաքանդակներ։

Ժայռապատկերների կարևորությունը կայանում է նրանում, որ նրանց միջոցով պատկերացում ենք կազմում հնադարյան մարդկանց կենցաղի, ծեսերի, հավատալիքների, կյանքի մասին: Ուխտասարի ժայռապատկերները շատ մասնագետների կարծիքով՝ 8-12000 տարեկան են:

Ուխտասարի ժայռապատկերներում գերիշխողը այծի պատկերներն են: Այծը ժայռապատկերներում հանդես է գալիս նաև որպես Աստծո, աստվածային Ոգու կենդանական խորհրդանշան և Աստված գաղափարի արտահայտիչ։ Հետևաբար՝ այծագրերը մեկնաբանվում են նաև որպես աստվածային զորաց պատկերագրեր:

Սև և սրճագույն ժայռերի վրա ու քարերի վրա մեր նախնիների թողած առատ ու բազմազան պատկերներով աշխատանքային, ծիսական, որսի տեսարաններով, երկնային ուժերի վերաբերյալ պատկերացումների կոմպոզիցիաներով հարուստ ժայռապատկերները արտահայտում են համապատասխան դարաշրջանի մարդու նյութական և հոգևոր կյանքը։

ժայռապատկերներն ունեցել են նաև մոգական, հմայական կամ պաշտամունքային նշանակություն։ Դրանք հիմք են տալիս ենթադրելու, որ նախնադարի մարդը երկնային մարմինների մասին ունեցել է յուրօրինակ պատկերացումներ։

Ուխտասարում դեռ հազարամյակներ առաջ հայոց քրմերը ծեսեր են կատարել, զոհաբերություններ մատուցել: Այստեղ նաև աստղագիտությամբ են զբաղվել, քանզի ժայռապատկերներից շատերը երկնային մարմինների շարժն են պատկերում և Արեգակնային համակարգի քարտեզը:

Վահէ Լոռենց

 

Facebooktwittergoogle_pluslinkedin