ՄԽԻԹԱՐ  ԳՈՇ

 

«Օրենքները մարդու համար են, ոչ թե մարդը՝ օրենքների համար»:     

Մխիթար Գոշ

 

Միջնադարյան իրականության մեջ հազվագույտ է եղել, երբ հասարակ ծագմամբ մարդն այնպիսի գործ է արել, այնպիսի ժառանգություն թողել, որ դարակազմիկ նշանակություն է ունեցել: Հայ իրականության մեջ նման գործիչ է գիտնական, օրենսդիր, հասարակական գործիչ, հոգևորական, մանկավարժ և առակագիր Մխիթար Գոշը:

Մխիթար Գոշի կենսագրությունը համեմատաբար լավ է ուսումնասիրված՝ շնորհիվ իր աշակերտի՝ Կիրակոս Գանձակեցու թողած տեղեկությունների: Մխիթար Գոշը ծնվել է 1120-ական թվականներին՝ հայոց արևելից Գանձակ քաղաքում:

Ապագա օրենսդիրը նախնական կրթությունն ստացել է հայրենի Գանձակում: Չափահաս դառնալով՝ ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ կյանքը նվիրելով հոգևոր գործունեությանը: Ուսումնառության առումով Մխիթար Գոշի բախտը բերել է. Նրա ուսուցիչը միջնադարի անվանի գիտնական, վարդապետ Հովհաննես Տավուշեցին էր:

Ութ տարի ուսանելուց հետո Գոշը Հայ առաքելական եկեղեցու վարդապետ է կարգվում:

Սակայն  դա բավական չէր Մխիթար Գոշի համար և ուսումնատենչ այրը մեկնում է արևմուտք՝ Կիլիկիա՝ շարունակելու ուսումը: Նա գնաց Սև լեռան վարդապետանոց, ուր թաքցնելով իր ով լինելը՝ դարձյալ սովորեց ու երկրորդ անգամ ստացավ վարդապետի կոչում:

Այդ տարիներին Սև լեռան վարդապետանոցը հռչակավոր էր ոչ միայն Հայաստանում. Այնտեղ ուսանելու էին մեկնում անգամ հեռավոր երկրներից:

Շուտով Մխիթար Գոշը վերադարձավ ծննդավայր ու անցավ հոգևոր գործունեության: Սակայն որակյալ ուսում ստացած վարդապետին փշերով ընդունեց ժամանակի հետադիմական կղերականությունը: Գոշի և Աղվանից կաթողիկոս Ստեփանոսի հարաբերությունները սրվում են: Կաթողիկոսը հալածանքներ է սկսում գիտնականի նկատմամբ: Մխիթար Գոշն ստիպված տեղափոխվում է Արցախ՝ Հաթերքի Վախթանգ իշխանի մոտ՝ Խաչեն: Սակայն Արցախում նա երկար չմնաց և ի վերջո՝  տեղափոխվեց Գետիկի վանք:

Սակայն Մխիթար Գոշը Գետիկի վանքում էլ երկար չմնաց. Երկրաշարժից ավերվում և քարուքանդ է լինում վանքը:

Չցանկանալով տեղում վերականգնել վանքը՝ Իվանե Զաքարյանի հանձնարարականով, Մխիթար Գոշը որոնեց մեկ այլ վայր՝ եկեղեցու շինարարության համար: Նա տեղանքն ընտրեց Գետիկից ոչ հեռու՝ Տանձուտա ձորում, ուր 1188 թվականին հիմնադրվեց Նոր Գետիկի վանական համալիրը:

Շուտով Մխիթար Գոշը Նոր Գետիկում վարդապետանոց է բացում, ուր կրթվել են ականավոր հայ մտածողներ Վանական վարդապետը, Կիրակոս Գանձակեցին… Այնքան մեծ էր Գոշի հռչակը, որ շատերն էին երկրի տարբեր ծայրերից գալիս նրա մոտ՝ աշակերտելու:

1196-1198 թվականներին Մխիթար Գոշը ուխտագնացության է մեկնում Երուսաղեմ:

Նա հայոց տիրակալի՝ Զաքարե Զաքարյանի խոստովանահայրն էր ու խորհրդատուն:

Գոշի հեղինակությունը արագ աճեց Զաքարյանների շնորհիվ:

1205 և 1207 թվականներին Զաքարե Զաքարյանը Լոռեում և Անիում եկեղեցական ժողովներ հրավիրեց:

Բանն այն էր, որ հայ-վրացական դաշնային պետության մեջ հայ և վրաց եկեղեցիների անհաշտության պատճառով ճեղքեր էին առաջացել: Հարկ էր լուծել մի քանի դավանաբանական խնդիրներ, որոնք էապես տարբեր ընկալում ունեին երկու եկեղեցիների կողմից: Եվ Զաքարե Զաքարյանը հենց այդ պատճառով հրավիրեց  ժողովները:

Հայոց տիրակալները՝ Զաքարեն և Իվանեն, դեմ չէին եկեղեցիների մերձեցմանը. Սակայն հայոց արևելքի վարդապետները՝ Մխիթար Գոշի գլխավորությամբ, ընդդիմացան այդ ծրագրին և խափանեցին Զաքարեի և Իվանեի ծրագիրը, ինչը մեծ լարվածություն առաջացրեց երկրում:

1184 թվականին Մխիթար Գոշն ավարտեց իր գլուխգործոցը՝ ՙԳիրք Դատաստանին՚:

Այն բաղկացած է նախաբանից և բուն դատաստանագրքից՝ շուրջ 251 հոդվածներով:

Դատաստանագրքում Մխիթար Գոշն ամրագրում է պետական իշխանության դերը, այդ գործում առանձնահատուկ դերակատարություն վերապահելով եկեղեցուն: Եկեղեցին հանդես է գալիս կյանքի գրեթե բոլոր ոլորտներում:

Մխիթար Գոշի դատաստանագրքում ներառված են քրեական, քաղաքացիական, սոցիալական իրավունքի հոդվածներ, որ մինչ օրս շատ օրենսդրական ժողովածուների հիմքում են:

Ըստ այդմ՝ Դատաստանագրքում մեղքն ու հանցանքը ընկալվում են 2 իմաստով՝ կրոնական և իրավական. Հետևաբար՝  Գոշը նախատեսում է պատժի 2 տեսակ՝ հոգևոր-եկեղեցական (բանադրանք, ապաշխարություն, աստիճանազրկում) և մարմնական-նյութական (մահապատիժ, մարմնական պատիժներ, ազատազրկում, դրամական տույժեր):

Գոշը նաև հատուկ հոդվածներով սահմանում է կանանց իրավունքները: Նա դատաստանագրքով հատուցում է սահմանում կանանց ծեծող, նվաստացնող ամուսինների համար, ինչը հսկայական առաջընթաց է միջնադարի իրավունքի տեսանկյունից:

Նա առաջնորդվել է՝    «Օրենքները մարդու համար են, ոչ թե մարդը՝ օրենքների համար»,    իր իսկ հռչակած սկզբունքով:

Մխիթար Գոշի ՙԴատաստանագիրքը՚ լատիներեն համառոտ թարգմանությամբ գործածության մտավ լեհահայոց գաղութում: Շատ չանցած` այն թարգմանեցին և կիրառեցին Ղրիմի թաթարները: 18-րդ դարի կեսերին Աստրախանի հայ համայնքը նրա հիմքի վրա կազմեց նոր օրենսգիրք, որը հաստատվեց ցարական կառավարության կողմից: 18-րդ դարի վերջին վրաց արքայազն Վախթանգը (հետագայում` Վախթանգ 6-րդ թագավոր) այն թարգմանել տվեց վրացերեն և գործածության դրեց ողջ Վրաստանում: Դատաստանագիրքը կիրառվել է նաև Հնդկաստանում, Սուդանում…

Պակաս կարևոր չէ Մխիթար Գոշի առականին, որով նա արտահայտում է միջնադարյան հայ իրականությունը, սոցիալական, դասային հարաբերությունները… Իր առականիում նա զետեղել է 190 առակ: Սա հայ իրականության մեջ առաջին արձակ ստեղծագործությունն է, որ ներկայացված է որպես գեղարվեստական, այլ ոչ պատմագիտական  ժանրում:

Առակների կարևորագույն ձեռքբերումներից մեկն այն է, որ միջնադարում սույնով, հայ աշխարհիկ գրականությունը ծնվեց, պատմական, կրոնական ժանրից զատ ունեցանք նաև աշխարհիկ գրականություն:

Մխիթար Գոշի առականին դեռևս 1790 թվականին տպագրվեց Վենետիկում, ապա թարգմանվեց ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով:

Բացի դատաստանագիրքն ու առականին՝ Գոշը ևս տաս աշխատությունների հեղինակ է. Նա գրել է ՙՀամառօտ մեկնութիւն մարգարեութեանն Երեմիայի», «Ողբք ի վերայ բնութեանս՝ ի դիմաց Ադամայ առ որդիս նորա», «Յայտարարութիւն ուղղափառութեան հաւատոյ ընդդէմ ամենայն հերձուածողաց՝ ի խնդրոյ մեծ զօրավարին Զաքարէի և եղբօր իւրոյ», «Թուղթ խրատականք», «Շարքհայրապետացն Աղուանից», աղոթքներ, առակներ։ Ուշագրավ են «Յայտարարութիւն»–ը, որ Զաքարեին և Իվանեին ուղղված գրություն է, որով հեղինակը հորդորել է նրանց մեղմելու հայ և վրաց եկեղեցիների տարբերությունների պատճառով եղած բամբասանքների ազդեցությունը այդ երկու ժողովածուների համակեցության վրա, և «Շարք հայրապետացն Աղուանից» գործերը: Վերջինիս կարևորությունը նրանում է, որ այն եզակի աղբյուր է՝ Հայոց Աղվանքի 11-13-րդ դարերի պատմության ուսումնասիրության համար:

Մխիթար Գոշը մահացավ 1213 թվականին՝ Նոր Գետիկում և թաղվեց տեղում: Նրա մահից հետո հայ ժողովուրդը Նոր Գետիկի վանական համալիրն անվանակոչեց իր անունով՝ Գոշավանք:

Մխիթար Գոշի գործունեությունը հակիրճ, բայց դիպուկ է բնորոշել հայ անվանի արևելագետ Հովսեփ Օրբելին. «Թեև Մխիթար Գոշի առակներում պատմական անձերի անուններ չեն հիշվում, բայց նրանցից շատերը երբեմն ավելի շատ բան են տալիս Հայաստանի պատմությունը ճիշտ հասկանալու համար, քան իրար կրկնող միջնադարյան ժամանակագիրների տասնյակ էջերը»:

 

Վահե Լոռենց

Տպագրվել է ,,Անկախ,, շաբաթաթերթում 2015 թվականի հոկտեմբերի 8-ին

 

 

 

 

 

 

Facebooktwittergoogle_pluslinkedin