ԿԱՐՍԻ ԱՆԿՈՒՄԸ

Կան պատմական իրադարձություններ, որոնք ոչ միայն կոնկրետ, բուն սխալների արդյունք են, այլև՝ էթնոհոգեբանության և արժեհամակարգի։ Կան պատմական սայթաքումներ, որոնք երբևէ ոչ մի սերնդի կողմից չեն ներվի։

Հայոց եղեռնից դասեր չառանք, դասեր չքաղեցինք։ Եվ հինգ տարի անց գործեցինք ևս մեկ աններելի սխալ։ Տանուլ տվեցինք ոչ միայն պատերազմը, այլև՝ պետությունը։ Կարսը Հայաստանի Հանրապետության բանալին էր։

Ինչպես սովորաբար պատահում է՝ Կարսի անկման պատմության  ուսումնասիրողներն այդ խայտառակության պատճառը վերագրեցին բոլշիկներին, որոնք ամեն կերպ թուլացրեցին ու քայքայեցին հայ-թուրքական ճակատը։ Իրավ, զգալի էր բոլշևիկյան պառակտիչ գործունեությունը։ Բայց, արդյո՞ք դա էր անհաջողության և խայտառակության հիմնական պատճառը։ Իհարկե, ո՛չ։

Նախ, անկախության երկու տարիների ընթացքում այդպես էլ ՀՀ կառավարությունը կտրուկ քայլեր չձեռնարկեց հայոց բանակի սպայակազմին «հայացնելու» ուղղությամբ։ Նրանք, լինելով նախկին ցարական բանակի սպաներ, իրենց ռուս էին համարում։ Կարսի անկման նախօրեին հայոց բանակում բարոյական վատ մթնոլորտ էր տիրում: Հայ զինվորականությունն իրեն հայ չէր համարում, այլ ռուսական բանակի մի կցորդը. Հայ սպայակազմն, ինչպես նշում է Կարսի նահանգապետ Ստեփան Ղորղանյանը, ՀՀ համարում էր ժամանակավոր երևույթ և քամահրանքով էր լցված ազգային արժեքների նկատմամբ: Նրանք ծաղրում էին ամեն հայկական, անգամ լեզուն: Հրամանները տալիս էին ռուսերեն, կենցաղում խոսում էին ռուսերեն, անգամ ամեն խնջույքի վերջում ,,Ուռռա,, էին գոռում և հայացքը հառում դեպի հյուսիս:

Գրեթե նույնն է գրում նաև ժամանակի հայ ռազմական, քաղաքական գործիչ Ռուբեն Տեր Մինասյանը․«․․․ թէեւ 1918ից Երեւանեան Հանրապետութիւնը անկախ էր, թէեւ 1919ից Միացեալ եւ Անկախ Հայաստանի գաղափարն էր առաջադրուած, բայց փաստօրէն ռուսահայ ժողովուրդի մի խոշոր մասի համար դրանք անհասկանալի եւ անբովանդակ խօսքեր էին միայն․ նոյնիսկ պետական հիմնարկութեանց եւ շատ պատասխանատու անձանց համար, ձեռք բերուած անկախութիւնը կը համարուէր ժամանակաւոր մի երեւոյթ, Հայաստան երկիրը կը համարուէր ռուսական մի երկրամաս, եւ հայ զօրքը նոյնիսկ ռուսական զօրքի մի մասը»։

Ավելին, Կարսի հայոց կայազորում զգալիորեն մեծ թիվ էին կազմում ռուսները, որոնք որևէ շահախնդրություն չունեին Հայաստանի պաշտպանության հարցում։ Դեռ պատերազմից առաջ, Կարս ժամանած հայոց բանակի 20 սպաներից 17-ը ռուսներ էին, երեքը՝ հայեր, բայց այդ հայերն էլ հայերեն չգիտեին, ինչպես գրում է Ստեփան Ղորղանյանը:

Ֆրանսիայի ռազմական ներկայացուցիչ Պուադեբարը ժամանում է Կարս և հայ զինվորականությանը ողջունում է հայերեն: Նրա խոսքը ստիպված էին թարգմանել  հայերենից ռուսերեն, որպեսզի հասկանա… գեներալ Հովսեփյանը: Արտյոմ Հովսեփյանը, Կարսի անկման առաջին պատասխանատու Դանիելբեկ Փիրումյանի փեսան, Կարսի ու շրջակայքի թալանի հիմնական կազմակերպիչն ու պատասխանատուն։

Տեղին է նշել, որ նրանք 1920 թվականի մայիսյան խռովության օրերին անցել էին ապստամբ բոլշևիկների կողմը կամ պասիվ չեզոքությամբ նպաստել էին նրանց խռովությանը։

Երբեմն գործը ոչ միայն զավեշտի, այլև՝ հակապետական ծաղրի էր հասնում։ 1919 թվականի աշնանը հայոց սպարապետ գեներալ Նազարբեկովն այցելում է Կաղզվան: Սպարապետի պատվին տրվող ճաշի ժամանակ գավառի զորամիավորումների հրամանատար, գնդապետ Շաղուբաթյանն առաջարկում է ռուս գեներալ Վրանգելի կենացն ու հայտարարում, թե «Արտասուքն աչքերին իղձ է հայտնում՝ Կովկասում նորից տեսնել ռուսական իշխանությունը»:

Ոչ ոք ոչ միայն չի ընդդիմանում, այլև հայ սպայակույտը «Ուռռա» է կոչում և ծափահարում:

Փիրումյանի շտաբի պետ գնդապետ Վահան Տեր-Առաքելյանն, ով նախկին տիրացու է եղել, սովորել Գևորգյան ճեմարանում, գերի ընկած ժամանակ, Կարսի անկումից հետո, անգամ իր երգերով գերել է թուրք զինվորականությանը:

Հայոց պառլամենտի անդամ Արտաշես Բաբալյանը, ով Կարսում գերվեց թուրքերի կողմից, հետագայում Կարսի դեպքերի մասին խոսելիս, գրել է․ «Մեր բարձր հրամանատարությունն ու սպայակույտը ռուսական կողմնորոշում ունեցող մարդկանց ձեռքում էր։ Զորավարներ Նազարբեկյանը, Սիլիկյանը, Հախվերդյանը, և այլոք, մի՞թե նվիրված էին մեր անկախությանը։ Նրանցից շատերը շատ լավ հայեր էին, սակայն անկախ Հայաստանը համարում էին ժամանակավոր մի երևույթ, որը պիտի չքանար ռուսական ազդեցության տակ»։ Ցավոք, Բաբալյանն իրավացի էր։

Գրեթե նույնն է կրկնում նաև Հայաստանի կառավարության, ներգաղթի գծով Կարսում ներկայացուցիչ Վահէ Արծրունին, ով Կարսի անհաջողության պատճառը համարում էր հայ զինվորականությանը համակած անզուսպ թալանը։

Ինչպես նշում է Կարսի անկման ականատես Գարեգին արքեպիսկոպոս Հովսեփյանը (գիտնական, հայագետ, հետագայում՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս), ողջ 1920 թվականի ընթացքում Կարսի բերդապետ Դանիելբեկ Փիրումյանն ու իր փեսան՝ գեներալ Արտյոմ Հովսեփյանն, զբաղված էին թալանով: Մասնավորապես, նրանք թալանում էին հայկական, թուրքական ու քրդական գյուղերը, անասունները վաճառքի հանում Վրաստանում:

Հայ զինվորականությունը թուրքերի և քրդերի տները թալանելուց հետո հնձում էր նրանց արտերը: Սակայն այդ բերքն անգամ թույլ չէին տալիս հայ գյուղացիները վայելեն, այլ տանում, վաճառում էին Վրաստանում կամ Կարսում:

Թալանել են նաև պետական պաշտոնյայի. Օլթիի գավառապետ քուրդ Էզո բեգի 800 գլուխ ոչխարը:

Զինվորականները թալանում էին անգամ ռուսների կուտակած ռազմական գույքը, զինամթերքը: Կարսի անկումից շաբաթ առաջ, երբ որոշվում է կարգի գցել ամրությունները, պարզվում է, որ բերդը զուրկ է էլեկտրականությունից, ջրից. Ամեն բան թալանված էր: Թալանված էր հեռախոսային կապի ապարատուրաները, հեռագրական սարքերը: Գողացել էին նաև ավտոմեքենաներն ու վաճառել Թիֆլիսում:

Կարսի իրավիճակին բավական ուշ անդրադարձավ ՀՀ կառավարությունը։ Միայն սեպտեմբերի 14-ին քննարկելով Կարսում տիրող իրավիճակը՝ կառավարությունն այնտեղ ռազմական դրություն հայտարարեց ու զինվորական, քաղաքացիական իշխանությունը կենտրոնացրեց․․․ գլխավոր թալանչիի՝ զորավար Դանիելբեկ Փիրումյանի ձեռքում։

Դեռ ժամանակին, Կարսի նահանգապետ Ստեփան Ղորղանյանն էր դիմել կառավարությանը՝ քննության առնել Օլթիի դեպքերը, Կարսի մարզում համատարած թալանը և պատժել մեղավորներին։ Սակայն կառավարությունն ուղղակի անտեսում է Ղորղանյանի դիմումները։

Կարսի խայտառակության մեղավորները հենց գենարալ Դանիելբեկ Փիրումյանն էր իր փեսայի՝ գեներալ Արտյոմ Մակարյանի հետ։ Բնականաբար, նրանք իրենց ձախողումները հետո փորձեցին արդարացնել այլ փաստարկներով, սակայն երկուսով Կարսում պաշտոնավարելու ողջ ընթացքում զբաղված էին միայն թալանով։ Հատկապես՝ գեներալ Հովսեփյանը։

Ամիսներ շարունակ Կարսի նահանգապետ Ղորղանյանը դիմում է կառավարությանը՝ խնդրանքով, որ գեներալ Հովսեփյանին հեռացնեն Կարսից։ Սակայն Երևանում Հովսեփյանի և Բեկ-Փիրումյանի հովանավորները զանց են առնում Ղորղանյանի խնդրանքը։ Ղորղանյանը նշում էր, որ գեներալ Հովսեփյանն ու գնդապետ Մազմանյանը հազարավոր գլուխ անասուններ են քշում, ծախում Թիֆլիսի շուկաներում։ Միայն պատերազմի սկսվելուց հետո, երբ կառավարության անդամները Կարս հասան, նրանք էլ միացան նույն պահանջին։ Երևանը քայլեր ձեռնարկեց, բայց արդեն շատ ուշ էր․․․

Նահանգապետ Ղորղանյանը հետագայում գրեց․ «Կարսն ընկավ ոչ պարտված, նա մեր ոճրագործ անհոգության զոհը դարձավ»։

Սակայն ՀՀ իշխանություններն անկարող եղան կտրուկ քայլեր ձեռնարկել ու շտկել իրադրությունը։ Սեպտեմբերի 27-ից 30-ը թուրքերը գրավում են Արդահանի հարավային մասը (շրջանի հյուսիսային մասը գտնվում էր Վրաստանի հանրապետության տարածքում) և Մերդենեկը։ Հայկական զորքը հայ բնակչության հետ փախչում է Կարս։ Երևանում գումարված կառավարության նիստը որոշում է Կարսում արտակարգ լիազորություններով զորավար նշանակել գեներալ Սիլիկյանին՝ նրա տրամադրության տակ դնելով ողջ իշխանությունը։

Սեպտեմբերի 30-ին , թուրքական զորքերն առանց դիմադրության գրավում են նաև Կաղզվանը։

Իսկ Կարսում օրեցօր աճում է խուճապը։ Մարդիկ թողնելով իրենց ինչքը՝ փախուստի են դիմում։ Առաջին փախչողներից էր գեներալ Հովսեփյանի ընտանիքը, եղբայրը։ Իհարկե, նրանք չմոռացան իրենց հետ նաև հարյուրավոր անասուններ քշել-տանել։

Կարսի դեպքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ հայոց բանակի մարտունակությունը տեղն էր, սպառված չէին ո՛չ նյութական, ո՛չ էլ բարոյական ռեսուրսները։ Ուղղակի՝ պաշտպանությունը վատ էր կազմակերպված և վստահված էր ապազգային ու թալանի մոլուցքով տարված սպայակազմին։ Մասնավորապես, Սուրմալուի ճակատում Դրոյի գլխավորած զորամիավորումները համառ ու արյունահեղ կռիվ տվեցին հարձակվող թուրքական զորքին։ Նույնը Կուռո Թարխանյանի զորախումբը։ Սրանք, ցավոք, մասնակի դեպքեր էին։ Իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, եթե ՀՀ իշխանությունները ժամանակին սպայակազմի ճիշտ տեղաբաշխում անեին, այսօր այլ պատկեր կունենայինք։

Մարտունակ էր նաև Սեպուհի գունդը, իր քաջարի հրամանատարով։ Սակայն լարված էին Սեպուհի հարաբերությունները գեներալներ Բեկ-Փիրումյանի և Հովսեփյանի հետ։ Նրանք Սեպուհի հրամանատարությամբ գործող գունդը մասնատել էին և ցրել ճակատի տարբեր հատվածներում, դրանով իսկ զրկելով Սեպուհին՝ որևէ հարցի միջամտելու կարողությունից։

Կարսի ձախողման պատճառը ճշգրիտ տվել է Անդրկովկասում Մեծ Բրիտանիայի բարձր կոմիսար գնդապետ Ստոկսը, որը 1920 թվականի դեկտեմբերի 20-ին իր կառավարությանն ուղղված ծածկագիր զեկուցագրում գրում է.

-Հայ ժողովրդի մոտ կռվելու կամքի բացակայությունը բացատրվում է նրանով, որ հենց սկզբից համոզված էին, թե պայքարն իրենց ուժերից վեր է:

Բայց, տեսնենք, արդյո՞ք անակնկալ էր թուրքական բանակի հարձակումը, և իսկապե՞ս պատերազմը թուրքերն սկսեցին։ Ի սկզբանե, այդ անակնկալ կոչված հարձակումն արդեն ծաղր է մեր այն ժամանակվա պետության, բանակի համար։ Եթե իսկապես դա անակնկալ էր հայոց բանակի համար, ուրեմն մեր բանակն ավելի քան անգործ էր, քանզի դա նշանակում է՝ չունեինք հետախուզություն, չունեինք դիվանագիտություն, չունեինք համապատասխան մասնագետներ, որոնք կարող էին գենե տեսականորեն կանխատեսել դեպքերի նման ընթացքը։

Բայցևայնպես, դեռ 1920 թվականի ամռանը, հայկական բանակն ինքը նախահարձակ եղավ Թուրքիայի վրա և գրավեց Օլթիի շրջանը։ Մի կողմ թողնելով հարցի բարոյական և իրավական կողմը, փորձենք խորհել․ նման իրավիճակում, երբ երկրին ռեալ վտանգ է սպառնում երեք կողմերից՝ Ռուսաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից, արդյո՞ք խոհեմ քայլ էր ՀՀ կառավարության այդ որոշումը՝ Օլթին Հայաստանին կցելու, դրանով իսկ՝ Թուրքիայի հետ փաստացի պատերազմական դրության մեջ հայտնվելու մասին։

Հայկական բանակի նպատակը ոչ միայն Օլթին ՀՀ ենթարկելն էր, այլև՝ դեպի Սև ծով ճանապարհ բացելը, ինչը ենթադրում է ՀՀ իշխանությունների անլրջության և իրավիճակին չտիրապետելու մասին։ Սակայն թուրքերը Օլթիում ջարդեցին ՀՀ զորաբանակն ու մեծ ռազմավար վերցրին։

Նույն հուլիսին հայկական զորքը Սարիղամիշից հարձակվեց և փորձեց գրավել Բարդուսը, սակայն թուրքերը կրկին ջարդեցին հայկական հարձակվող զորախումբը։

Այս դեպքերի առթիվ Բեքիր Սամի բեյն (Թուրքիայի արտգործնախարար) ու թուրքական զորքերի հրամանատար Քյազիմ Կարաբեքիր փաշան, բողոքի նոտա հղեցին ՀՀ կառավարությանը, սակայն այդ նոտան անպատասխան մնաց։ Ի դեպ, Թուրքիայի արտգործնախարարն իր բողոքի նոտայում հատուկ նշում է ՀՀ Կարսի մարզի մահմեդական բնակչության նկատմամբ հայ զինվորականության անզուսպ թալանի մասին։

Կարսի շրջանի մահմեդական բնակչությունը որևէ համակրանք չէր տածում արշավող թուրքական բանակի նկատմամբ և Հայաստանի կառավարության պահանջով լծվեց շրջանը թուրքերի հարձակումից պաշտպանելու գործին։

Անգամ հայ-թուրքական պատերազմի օրերին, Ռուբեն Տեր Մինասյանն առաջարկում է ՀՀ կառավարությանը՝ բանակցություններ սկսել թուրքերի հետ, սակայն ՀՀ վարչապետ Հ․Օհանջանյանն այն մերժում է՝ պատճառաբանելով, թե ՀՀ օրինավոր իշխանություններին հարիր չէ բանակցել ապստամբ ու օրինական իշխանությունը չներկայացնող Քեմալի կառավարության հետ։

Եվ եկեք իրերն իրենց անունով կոչենք։ Օլթիի գրավումից հետո, թուրքական հարձակումը կարելի՞ էր անակնկալ համարել, կամ արդյո՞ք դա հարձակում էր, ոչ թե՝ հակահարձակում։ Չէ՞, որ պատերազմը սույնով փաստորեն, մե՛նք սկսեցինք, ոչ թե թուրքերը։ ՀՀ կառավարությունը Օլթիի վրա հարձակում է նախաձեռնում, բայց ամիսներ անց, հոկտեմբերին, վարչապետ Օհանջանյանը վրացիներից ու արևմտյան դաշնակիցներից օգնություն էր աղերսում՝ նույն թուրքերի դեմ պատերազմ վարելու համար։ Սա վկայում է հենց ՀՀ իշխանությունների անլրջության և իրավիճակին բնավ չտիրապետելու փաստի մասին։

ՀՀ կառավարությունն արտաքին օգնություն էր աղերսում այն դեպքում, երբ ՀՀ բանակի վրա հարձակվող թշնամին թվաքանակով քիչ էր, վատ էր սպառազինված, հաճախ՝ ցնցոտիների մեջ էր, կիսասոված, այն դեպքում, երբ ՀՀ բանակն ապահովված էր անհրաժեշտ ռազմամթերքով ու սննդով։

Հայաստանն օգնություն էր աղերսում ոչ միայն դաշնակիցներից, այլև Վրաստանից։ Սակայն, վրացիները նախապես գաղտնի համաձայնություն ունեին թուրքերի հետ՝ այս պատերազմից իրենց բաժինն առնելու։ Դեռ հոկտեմբերի 14-ին հայկական բանակի պարտությունից հետո, երբ ճեղքվեց ճակատի գիծը, վրացական մի զորամաս Ջավախքից մտավ Զորղունա և գրավեց այն։ Միայն հայոց զորքի ուժեղ հակազդեցության արդյունքում վրացիները նահանջեցին։ Շաբաթներ անց, երբ Կարսն արդեն թուրքերի ձեռքին էր, վրաց բանակի սպաները Կարս այցելեցին, իրենց բաժինն ակնակելով, սակայն թուրքերը զենքով վերցրածը բնականաբար, չէին պատրաստվում զիջել։

Այնուամենայնիվ, անգամ այդ վիճակում, թուրքական հարձակումը ոչ թե պատերազմի, այլ թեթև զբոսանքի ու հաղթարշավի էր նման, քանզի ՀՀ բանակն արժանավոր դիմադրություն չցուցաբերեց։

Կարսի մեջ Կարաբեքիր փաշայի զեկուցագրի համաձայն,  ՀՀ բանակից գերվել են 3 զորավար (գեներալ), վեց գնդապետ, 12 փոխգնդապետ, 100-ից ավել սպաներ ու ենթասպաներ, ավելի, քան 2000 զինվորներ:

Քյազիմ Կարաբեքիր փաշան գրում է նաև, որ Կարսը գրավելով, որպես ռազմավար վերցրել է սարքին վիճակում 377, վերանորոգման կարիք ունեցող՝ 339 թնդանոթ, միլիոններով ռումբեր, փամփուշտներ:

Միայն Կարսից և Գյումրիից ձեռք բերած ռազմավարի մի մասն իրեն պահելով, Կարաբեքիրը Քեմալին է ուղարկել 117 թնդանոթ, 12 հազար հրացան, 244 գնդացիր, 14 հազար սվին և սուր, հրետանու 170 հազար ռումբ, 32 միլիոն փամփուշտ, 110 հազար պայթուցիկ, այլ զինամթերք, շատ գումար:

Ակներև է, որ Կասում հայկական բանակն ապահոված էր անհրաժեշտ ռազմամթերքով և կարող էր անհրաժեշտ դիմադրությունը ցույց տալ արշավող թուրքական զորքերին։

Ինչևէ, պահն անդառնալի կորսված էր, ու Կարսն ընկավ ոչ թե թուրքերի հարձակման օրը, այլ դրանից առաջ, ՀՀ իշխանությունների ամենաթողության արդյունքում․․․

Եղան անհույս ճիգեր՝ փրկելու վիճակը։ Հոկտեմբերի 29-ին, անկարող լինելով տանել այս խայտառակությունը,  զորքի առաջ ինքնասպան եղավ գնդապետ Մազմանյանը։ Պետք է նշել, չնայած, որ նա հոռի բարքերի տեր մարդ էր, և լինելով գեներալ Հովսեփյանի ենթակայության տակ, անմիջական մասնակցություն է ունեցել թալանին, միաժամանակ քաջ ու անձնվեր սպա էր։

Հոկտեմբերի 30-ին, առավոտյան, թուրքերն սկսեցին իրենց քայլերթը դեպի Կարս։ Զորքը չդիմադրեց ու փախավ։ Բերդը, որ լավ զինված էր թնդանոթներով, միայն վեց արկ արձակեց։ Ժամը 12-ին քաղաքն անցավ թուրքերին։ Կարսի գրավման ժամանակ թուրքական զորքից միայն 5 զինվոր վիրավորվեց։

Ինքնասպանություն գործեց նաև հայոց բանակի շտաբի պետ Չիլինգարյանը։ Սակայն այլևս ոչինչ փրկել հնարավոր չէր։ Կարսն ընկավ, պատերազմը պարտվեցինք, անկախությունը կորցրեցինք․․․

 

Վահէ Լոռենց

 

Facebooktwittergoogle_pluslinkedin