ԳՐԻԳՈՐ  ԶՈՀՐԱՊ

Ձերբակալության օրը՝ հունիսի 2-ին, Գրիգոր Զոհրապը «Cercle d’Orient» ակումբում Թալեաթ փաշայի և Հալիլ բեյի հետ երեկո էր անցկացնում և քննարկում երկրի վիճակը: Կեսգիշերին Զոհրապը վեր կացավ` տուն գնալու: Ոտքի է կանգնում նաև Թալեաթը, մոտեցնում Զոհրապին ու համբուրում այտը…

Քսաներորդ դարասկզբի արևմտահայ նշանավոր գործիչներից է Գրիգոր Զոհրապը: Լինելով հայ գրականության նովելների ժանրի անգերազանցելի վարպետ՝ նա սակայն, աչքի է ընկել նաև այլ ոլորտներում: Գրիգոր Զոհրապը քաղաքական գործիչ էր, անվանի իրավաբան:

Գրիգոր Զոհրապը (Զոհրապյան) ծնվել է 1861 թվականին, Կոստանդնուպոլսի Բեշիկթաշ թաղամասում  հաստատված ակնեցի Խաչիկ էֆենդու և մալաթիացի Էֆթիկ խանումի ընտանիքում:

Տակավին պատանի՝ Զոհրապն ընդունվում է Բեշիկթաշի Մաքրուհյան վարժարան և ստանում նախնական կրթություն:

Ինը տարեկան էր Զոհրապը, երբ դժբախտությունը պատուհասեց նրանց ընտանիքին: Մահացավ Խաչիկ էֆենդին: Մեկ տարի անց Զոհրապի մայրն ամուսնացավ Ավետիս Յորտումյանի հետ, ով Պոլսում ճանաչված փաստաբան էր: Էֆթիկ խանումի ամուսինը բնակվում էր Օրթագյուղում և կնոջն ու նրա զավակներին՝ Գրիգորին ու Միհրանին, տանում է իր տուն: Գրիգորն ուսումը շարունակում է Օրթագյուղի Թարգմանչաց վարժարանում:

Այստեղ էլ առաջին քայլերն է անում գրականության ասպարեզում՝ գրելով առաջին բանաստեղծությունները: Ամենայնիվ, Զոհրապն այդպես էլ աչքի չընկավ պոեզիայի ժանրում՝ դառնալով սակայն, հայ նովելի անգերազանցելի վարպետ:

1876 թվականին ավարտելով դպրոցը՝ Գրիգոր Զոհրապն ընդունվում է Ղալաթասարայի վարժարանը, ուր երկրաչափություն է ուսումնասիրում: Ի դեպ, վարժարանն այն տարիներին Օսմանյան կայսրության միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն էր:

Շուտով սակայն, Զոհրապը փոշմանում է և ընդունվում է նույն վարժարանի իրավագիտության բաժինն ու միաժամանակ աշխատանքի անցնում Ավետիս Յորտումյանի իրավաբանական գրասենյակում: Ի վերջո՝ Զոհրապը 1884 թվականին Էդիրնե քաղաքում քննություն է հանձնում և ստանում փաստաբան-իրավաբանի կարգավիճակ:

Տակավին տասնյոթ տարեկան՝ Գրիգոր Զոհրապը առաջին լուրջ քայլերը կատարեց գրականության ասպարեզում: 1878 թվականից նա դարձավ Պոլսում հրատարակվող ,,Լրագիր,, օրաթերթի թղթակիցը: Զոհրապն աչքի ընկավ հրապարակախոսական ոլորտում և կարճ ժամանակ անց մեծ ճանաչում ստացավ արևմտահայ գրական շրջանակներում:

1883 թվականին, Գրիգոր Զոհրապը Հակոբ Պարոնյանի հետ հրատարակեց ,,Երկրագունդ,, հանդեսը: Մեկ տարի անց նա հրատարակեց իր անդրանիկ վեպը՝ ,,Անհետացած սերունդ մը,,:

Քսանյոթ տարեկան հասակում, Գրիգոր Զոհրապը հանդիպեց իր սիրուն՝ Կլարա Յազչյանին և նրանք ամուսնացան: Կլարան Զոհրապին չորս զավակ պարգևեց՝ երկու որդի և երկու դուստր՝ Լևոն, Դոլորես, Արամ և Հերմինե: Մինչ կյանքի վերջը Զոհրապ ամուսինները գորովալից սեր էին տածում միմյանց նկատմամբ:

Այնքան մեծ էր Գրիգոր Զոհրապի հեղինակությունը պոլսահայության շրջանում, որ նա 1891 թվականին ընտրվեց Ազգային ժողովի երեսփոխան: Սակայն երիտասարդ իրավաբանի թեկնածությունը Ազգային ժողովում չհաստատվեց, քանզի տարիքային ցենզ կար՝ երեսփոխանը պետք է առնվազն 30 տարեկան լիներ:

Զբաղվելով հասարակական գործունեությամբ՝ Զոհրապը շարունակում էր ստեղծագործել: 1892 թվականին նա հրատարակեց ,,Մասիս,, հանդեսը, որի էջերում մեծ տեղ էր հատկացնում ազգային խնդիրներին, ժամանակի քաղաքական անցուդարձին: 1898 թվականից ,,Մասիսը,, դարձավ օրաթերթ և Զոհրապը հիմնականում այնտեղ էր հրատարակում իր նովելները:

Այնուամենայնիվ, Գրիգոր Զոհրապը Պոլսում շատ ավելի հայտնի էր որպես փաստաբան, իրավաբան: Նա Պոլսում ռուսական դեսպանատան իրավագետ-խորհրդականն էր ու թարգմանիչը: Վարժ տիրապետում էր ֆրանսերենին, որ այդ ժամանակվա միջազգային դիվանագիտության լեզուն էր, ինչը հնարավորություն էր տալիս Զոհրապին, որ նա աղմկահարույց գործեր վերցնի օտարահպատակներից ու շահի դատը՝ բարձրացնելով իր վարկանիշը: Շատ արագ նրա համբավը տարածվեց Օսմանյան Թուրքիայի սահմաններից դուրս:

Սա իհարկե, դուր չէր գալիս թուրքական պետական պաշտոնյաներին, և 1906 թվականին Թուրքիայի արդարադատությունն արգելեց Զոհրապի փաստաբանական գործունեությունը Օսմանյան Թուրքիայի տարածքում և արտաքսեց նրան երկրի սահմաններից:

Զոհրապն ստիպված էր տեղափոխվել Եվրոպա և հաստատվել Փարիզում: Սակայն, 1908 թվականի թուրքական հեղափոխությունից հետո, երբ Թուրքիայում հաստատվեցին սահմանադրական կարգեր, նա ընտանիքով դարձյալ հաստատվեց Կոստանդնուպոլսում:

Վերադառնալով հայրենիք՝ նա դարձյալ արագ ինտեգրվեց հասարակական կյանքին և ընտրվեց թուրքական խորհրդարանի անդամ: Իր գործունեության մեջ Զոհրապը շատ ակտիվ էր և լայն կապեր ուներ թե՛ թուրք, թե՛ հայ և հույն գործիչների հետ: Հասարակական գործունեության հետ մեկտեղ՝ Պոլսի համալսարանի իրավաբանական բաժնում դասավանդում էր քրեական իրավունք:

Նա առաջինն էր, որ օսմանյան պառլամենտում հարց բարձրացրեց 1909 թվականի Ադանայի ջարդերի վերաբերյալ՝ պահանջելով, որ իրավական հարթակ բերվեն կազմակերպիչներն ու պատժվեն:

Իր պառլամենտական գործունեության ընթացքում Զոհրապն առաջ քաշեց Թուրքիայի հայկական շրջաններում բարենորոգումներ իրականացնելու հարցը, դրանով իսկ նպաստելով Հայկական հարցի՝ միջազգային դիվանագիտության օրակարգ մտնելուն:

Առհասարակ, իր քաղաքական հայացքներում Զոհրապը կիսում էր Հայ հեղափոխական դաշնակցության տեսակետններն ու արևմտահայության ապագան տեսնում էր Օսմանյան պետության կազմում՝ ներքին լայն իրավունքներով: Այս իմաստով Գրիգոր Զոհրապը հայերի և թուրքերի հաշտեցման ու եղբայրության ջատագովն էր: Խոսելով հետսահմանադրական Թուրքիայում հայերի և թուրքերի հարաբերությունների մասին՝ նա առաջ քաշեց հետևյալ կարգախոսը. «Մեր կրոնը տարբեր է, իսկ հավատքը` նույնը. բոլորս ազատության հավատակիցներ ենք»: Լինելով սոցիալիստ՝ իր հայացքների համար Զոհրապին կարելի է նաև բնութագրել որպես աշխարհաքաղաքացի: Նա երբեք չդրեց հայության ազատագրության և անկախ պետականության ստեղծման խնդիր՝ Հայկական հարցի լուծումը տեսնելով միայն Օսմանյան կայսրության սահմաններում, միաժամանակ գտնելով, որ հայության խնդիրները կբավարարվեն միայն միջազգային դիվանագիտության ճնշումների ներքո:

Զոհրապը Մարսել Լեար ծածկանունով 1913 թվականին Փարիզում հրատարակեց «Հայկական հարցը վավերագրերի լույսի ներքո» ֆրանսերեն գրքույկը, ինչն իրավամբ, լիովին արտահայտում էր անցյալ դարասկզբի հայ քաղաքական մտքի սկզբունքները:

Սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը: Հայոց քաղաքական միտքը ցավոք, ոչ միայն ճկուն չեղավ, ճիշտ կողմնորոշվելու ստեղծված նոր իրավիճակում, այլև՝ առհասարակ պատրաստ չէր դեպքերի նման զարգացմանը:

Երիտթուրքերը ծրագրեցին հայոց եղեռնը: Դրա իրագործման համար նախ հարկ էր գլխատել հայ մտավորականությանը: Եվ 1915 թվականի ապրիլի 23-ի, լույս 24-ի գիշերը Պոլսում ձերբակալվում են 250 հայ մտավորականներ: Ձերբակալվածների մեջ Զոհրապը չկար. Նա օգտագործելով իր կապերը Թուրքիայի իշխող ուժերի հետ, ցանկացավ օգտակար լինել հայ մտավորականությանն ու հասնել նրանց ազատ արձակմանը: Զոհրապը ընկերական հարաբերություններ ուներ և մտերիմ էր հատկապես նորքին գործերի նախարար Թալեաթի և խորհրդարանի նախագահ Սայիդ Հալիմ փաշայի հետ: Զոհրապն օսմանյան ատյանները հեղեղում է նամակներով, բողոքագրերով… Սակայն թուրքերը ոչ միայն ունկ չդրեցին Զոհրապի հորդորներին, այլև՝ 1915 թվականի մայիսի վերջին նրա և հասարակական գործիչ Վարդգես Սերենգուլյանի ձերբակալման հրամանը տվեցին: Ողբերգական էր Զոհրապի վախճանը. հունիսի 2-ին Զոհրապը «Cercle d’Orient» ակումբում Թալեաթ փաշայի և Հալիլ բեյի հետ երեկո էր անցկացնում և քննարկում երկրի իրավիճակը: Կեսգիշերին Զոհրապը վեր կացավ` տուն գնալու: Ոտքի է կանգնում նաև Թալեաթը, մոտեցնում Զոհրապին ու համբուրում այտը…: Նույն գիշերը Զոհրապը ձերբակալվեց Թալեաթի հրամանով:

Շաբաթներ անց, հուլիսին, աքսորի ճանապարհին, Եդեսիայի մատույցներում, օսմանյան բանակի սպա Չերքեզ Ահմեդի կողմից  սպանվեց Գրիգոր Զոհրապը: Ճանապարհին, իբր, փչանում է սայլը: Եվ Չերքեզ Ահմեդը խնդրում է Զոհրապին՝ օգնել կարգի գցելու անիվը: Երբ Զոհրապը կռացած փորձում է կարգի գցել սայլանիվը՝ ոճրագործը քարով ջախջախում է նրա գլուխը…

Ուֆայի քաղաքային բժշկի եզրակացության համաձայն՝ Զոհրապը մահացել է քաղաքի մատույցներում՝ սրտի կաթվածից:

Նրա վերջին նամակն ուղղված կնոջը՝ Կլարային, պարունակում է Զոհրապի պատգամը. «Սիրելի՛ս, միա՛կս, արդեն մեզ համար սկսվում է վերջին արարը: Այլևս ուժ չունեմ: Եթե կենդանի չմնամ, երեխաներիս իմ վերջին պատգամն այն է, որ միշտ իրար սիրեն, քեզ մեծարեն ու պաշտեն, չվշտանան ու ինձ էլ հիշեն»:

 

Վահէ Լոռենց

Տպագրվել է ,,Անկախ,, շաբաթաթերթում, 2016 թվականի հուլիսի 7-ին

 

Facebooktwittergoogle_pluslinkedin