ԳԱՌՆԱՀՈՎԻՏ

Արագածոտնի մարզի Գառնահովիտ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին Է դարի կառույց է և պատկանում է Ավան-Հռիփսիմեատիպ եկեղեցիների թվին։

Պատմությունը լռում է եկեղեցու կառուցման կոնկրետ թվականի, ճարտարապետի անվան մասին։ Սակայն, եկեղեցու արևմտյան պատի պատուհանի պսակի 12 սմ տրամագծով կամարներից ձախակողմյան երեքի վրա փորագրված են ԳՈՐ և ԳՐԻ տառերը։ Իսկ հարավային պատի պատուհանի արտաքին պսակի կամարներից ձախակողմյան վեցում գրված է ՄՈՎՍԵՍ։ Ըստ ամենայնի՝ Գրիգորը դա կառուցող ճարտարապետի անունն է, իսկ Մովսեսը՝ եկեղեցու պատվիրատուի՝ Մովսես Եղվարդեցի կաթողիկոսի անունը։

Եկեղեցին առանձնանում է ճարտարապետական ինքնատիպ լուծումներով։ Այն ուղղանկյուն հատակագծով, խաչաձև կենտրոնագմբեթ, երեք քառորդ խորշերով, քառախորան եկեղեցի է։ Խորաններից արևելյանն ու արևմտյանը, մյուս երկուսի հետ համեմատած, բավական լայն են։

Քառակուսի հատակագծով չորս ավանդատները գտնվում են եկեղեցու չորս անկյուններում։

Սուրբ Գևորգ եկեղեցին ունի երկու մուտք՝ արևմտյան և հարավային։

Եկեղեցու երկարությունը՝ 19,5 մետր է, լայնությունը՝ 15,7 մետր։

Քառակուսի հատակագծով ավանդատները գտնվում են եկեղեցու չորս անկյուններում։ Եկեղեցու հորինվածքում իշխող է գմբեթի թմբուկը: Գմբեթատակ քառակուսուց անցումը դեպի գմբեթ իրականացված է մեծ ու փոքր 4 լրացուցիչ տրոմպների միջոցով։ Գմբեթը հենված է քառանկյուն թմբուկի վրա, որն ունի 12 փոքրիկ որմնախորշեր և լուսամուտներ։

Եկեղեցին հարուստ է արտաքին հարդարանքով․ ատամնաշարեր, խաղողի ողկույզներ, կրկնաշար տերևներ, որոնք զարդարում են քիվերն ու լուսամուտների պսակները։

 

 

Վահէ Լոռենց

 

Facebooktwittergoogle_pluslinkedin