ԱՐԵՆԻ

Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի գյուղում, Արփա գետի ձախ ափին, Երևանից 110 կմ դեպի հարավ։

Արենին միջնադարում եղել է Օրբելյան իշխանական տան նստավայրը: Գյուղը հայտնի նաև որպես գինու համաշխարհային մայրաքաղաք: Հենց Արենիում է գտնվել աշխարհի հնագույն գինու հնձանը, որ գրեթե 6000 տարեկան է: Ամեն տարի, հոկտեմբեր ամսին այստեղ գինու ավանդական փառատոն է անց կացվում:

Արենիի եկեղեցին կառուցել է Մոմիկ ճարտարապետը՝ Սյունաց արքեպիսկոպոս Հովհաննես Օրբելյանի պատվերով՝ 1321 թվականին:

Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցին միջնադարյաան անվանի ճարտարապետ Մոմիկի առաջին հանճարեղ գործն է: Մոմիկն ի սկզբանե ծաղկող է եղել՝ ձեռագրեր է ընդօրինակել: Սակայն, երբ վատանում է Մոմիկի տեսողությունը, նա որոշում է ճարտարապետ դառնալ: Մասնակցում է քանդակագործների մի մրցույթի և հաղթում: Մրցույթի մասնակից Մոմիկի մրցակիցը  հիացած նրա վարպետությամբ՝ գոչում է. ,,Քարը նրա ձեռքում կարծես մոմ լինի,,: Այդ օրվանից նրա մականունը դարձավ Մոմիկ: Ցավոք, հայտնի չէ այս հանճարեղ ճարտարապետի իսկական անունը: Հայտնի են նրա կենսագրությունից որոշ հատվածներ: Ծնվել է Վայոց ձորի Գնիշիկ գյուղում,  սովորել է Կիլիկիայում: Ավանդույթը պատմում է, որ Մոմիկը սիրահարվում է իշխան Բուրթել Օրբելյանի գեղանի դստերը: Իշխանը համաձայնվում է իր դստերը Մոմիկին տալ, եթե վերջինս երեք տարվա մեջ կառուցի այնպիսի մի հրաշք, որի նմանը չի լինի աշխարհում: Եվ Մոմիկը երեք տարվա մեջ կառուցում է Նորավանքի կրկնահարկ տապանատուն-եկեղեցին՝ Բուրթելաշենը, որ Նորավանքի վանական համալիրի զարդն է: Ավանդույթը պատմում է նաև, որ  չցանկանալով իր դստերը կնության տալ Մոմիկին՝ իշխանը նրան հրում է և ցած գցելով եկեղեցու երկրորդ հարկից՝ սպանում: Մոմիկի գերեզմանը գտնվում է Նորավանքում:

Սուրբ Աստվածածինը կենտրոնագմբեթ եկեղեցի է: Խորանն ունի ինքնատիպ հորինվածքի զույգ խաչաձև լուսամուտներ, արևմտյան մուտքի բարավորի զարդաքանդակի կենտրոնում, գահավորակի վրա քանդակված է Աստվածածինը՝ մանուկ Հիսուսը գրկին։ Արևմտյան մուտքից ներս մտնողի առջև միանգամից բացվում է եկեղեցու ողջ ներքին տարածքը, իսկ գմբեթակիր կամարների 4 անկյուններում 4 ավետարանիչների բարձրաքանդակներն են` նրանց խորհրդանիշները` հրեշտակ, թևավոր առյուծ, թևավոր ցուլ (եզ) և արծիվ (Մատթևոս ավետարանիչը ներկայացվում է մարդ-հրեշտակի տեսքով, քանի որ նա իր Ավետարանում ավելի շատ անդրադարձել է Հիսուսի երկրային կյանքին: Մարկոս ավետարանիչը ներկայացվում է առյուծի տեսքով, որովհետև նրա Ավետարանում ընդգծվում է Քրիստոսի թագավորական պաշտոնը, ինչն էլ խորհրդանշում է առյուծը: Ղուկաս ավետարանիչը ներկայացվում է եզան կերպարանքով, որովհետև նրա Ավետարանում ընգծվում է Քրիստոսի քահանայական պաշտոնը, ինչն էլ խորհրդանշում է զոհաբերության խորհրդանիշը հանդիսացող եզը կամ ցուլը:Հովհաննես ավետարանիչը պատկերվում է արծվի տեսքով, քանի որ նա խոսել է Հիսուսի 2-րդ գալստյան մասին, իսկ արծիվը խորհրդանշում է աստվածային արդարություն, հավիտենական լույս և փրկություն:)

Եկեղեցու արևմտյան մուտքի բրվորին քանդակված է «Տիրամայրը՝ մանուկ Հիսուսը գրկի» հոյակերտ բարձրաքանդակը: Այն հայ միջնադարյան քանդակագործության բարձրարվեստ նմուշներից է:

Եկեղեցու բակում բազում խաչքարեր ու տապանաքարեր կան:

Այս տապանաքարերը պատկերազարդված են, ինչը հնարավորություն է տալիս կարծիք կազմել ննջեցյալների մասնագիտության, կենցաղի, առօրյայի մասին:

Տարածքում նաև մինհիրներ՝ հնագույն մահարձաններ  կան, որ միջնադարում խաչազարդվել են: Մինհիրները թվագրվում են մթա երրորդ հազարամյակ: Դա հուշում է, որ նախաքրիստոնեական շրջանում այստեղ հեթանոսական տաճար է կանգնած եղել:

Եկեղեցու մոտ է գտնվում հայոց իշխան Տերսայիճ Օրբելյանի ապարանքի ավերակները: Տերսայիճ Օրբելյանը միջնադարյան հայ մեծ զորավար էր, իշխան: Նա բազում մարտերի է մասնակցել մոնղոլական բանակների կազմում՝ կռվելով Եգիպտոսի սուլթանության դեմ, եղել է հայ-վրացական միացյալ բանակի հրամանատարը: Տերսայիճ Օրբելյանը Սյունաց գահերեց իշխանն էր: Նրա իշխանանիստը նախապես Եղեգիսն էր, ապա այն հաստատեց Արենիում՝ այստեղ մեծ ու գեղեցիկ ապարանք կառուցելով:

Իսկ Օրբելյնների հայոց տոհմը վաղ միջնադարում հաստատվելով Հյուսիսային Լոռիում՝ ութերորդ դարում քաղկեդոնականություն ընդունեց: Նրանք ինտեգրվելով վրաց պետակաան համակարգին՝ մեծ դերակատարություն ունեցան միջնադարյան Վրաստանի ռազմաքաղաքական կյանքում՝ վարելով վրաց բանակի սպարապետության պաշտոնը:

1178 թվականից հետո Օրբելյանները հաաստատվեցին Սյունիքում և Զաքարյաններից հետո դարձան ամենաազդեցիկ ու ամենազորեղ հայ իշխանական տոհմը:

 

Վահէ Լոռենց

Facebooktwittergoogle_pluslinkedin