ԱՎԱՆԻ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑԻ

 

Ավանը միջնադարում հարուստ ու ճոխ բնակավայր է եղել՝ պատմական Կոտայք գավառի կազմում։ Ծովի մակերևույթից բարձր է 1260 մետր։

Ճիշտ է, Ավանի Կաթողիկեն ավելի վաղ կառույց է, քան Վաղարշապատի Սուրբ Հռիփսիմեն, բայց վերջինս զգալիորեն մեծ է իր ծավալներով, այդ պատճառով, ճարտարապետական այս ոճը պատմության մեջ մտավ Հռիփսիմեատիպ բնորոշմամբ։

Ավանի Կաթողիկեն  միջնադարյան ճարտարապետության մեջ առաջին քառախորան, ¾ անկյունային խորշերով եկեղեցին է։ Ճարտարապետական այս տիպը հանդիպում է միայն Հայաստանում և Վրաստանում։

Ճարտարապետներ Թորոս Թորոմոնյանն ու Կարո Ղաֆադարյանը պնդում են, որ Ավանի Կաթողիկեն կառուցվել է դեռ 6-րդ դարում։ Տաճարը և կաթողիկոսական պալատը կառուցել է Հովհան Բագարանցի կաթողիկոսը, նախկինում եղած մեկ այլ կառույցի, հավանաբար՝ հեթանոսական կործանված մեհյանի հիմքերով․

Հետագայում, Ավանի տաճարի  ճարտարապետական հորինվածքով կառուցվեցին  Արամուսի Ծիրանավոր, Վաղարշապատի Սուրբ Հռիփսիմե, Սիսիանի  Սուրբ Հովհաննես, Գառնահովիտի Սուրբ Գևորգ, Այգեշատի Թարգմանչաց վանքերը:

Եկեղեցին ունի մուտք՝ արևմտյան շքամուտք և հարավային, որով կապվել է կաթողիկոսական պալատի հետ։ Արևմտյան մուտքի վերևում՝ ներսից, իբրև բարավոր ագուցված է մի խոշոր վիշապաքար (մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակներ)։ Արտաքինից ուղղանկյուն, ներսից խաչաձև հորինվածքով եկեղեցին նաև ունի արտաքին անկյունավոր խորշեր։ Տաճարի չորս անկյուններում կառուցվել են նաև բոլորակաձև ավանդատներ, որոնց շնորհիվ կառույցի ներքնամասի հորինվածքը խաչաձև է դառնում։ Ունեցել է մեկ խոշոր գմբեթ։

Սակայն ճարտարապետ Թորոս Թորոմոնյանը պնդում է, որ եկեղեցին հինգ գմբեթ է ունեցել։

Համալիրը բաղկացած է եղել Ծիրանավոր եկեղեցուց, կաթողիկոսական պալատից։ Տարածքում միջնադարյան գերեզմանատուն է պահպանվել։

Եկեղեցին կառուցել է քաղկեդոնիկ հայերի կաթողիկոս Հովհան Բագարանցին, 6-րդ դարի վերջին։ Քանի, որ Հայաստանում Բյուզանդիան ու Պարսկաստանը պայքարում էին ազդեցության համար, Մորիկ կայսեր հրամանով, բյուզանդական ազդեցության ամրացման նպատակով, Ավան կենտրոնով ստեղծվում է Ավանի կաթողիկոսությունը, ուր աթոռակալում է քաղկեդոնական Հովհան Բագարանցին, 591-601 թվականներին։

602 թվականին պարսից Խոսրով Բ Փարվեզ արքան գրավեց Ավանն ու արգելեց քաղկեդոնիկ հայ եկեղեցու գործշունեությունը։ Նա գերեց Հովհան կաթողիկոսին, ով վախճանվեց 609 թվականին ու թաղվեց Ավանի եկեղեցու բակում կառուցված դամբարանում։

Եզր կաթողիկոսն այստեղ Է դարում հայերեն և հունարեն երկլեզվյա արձանագրություն է թողել։ Ուշագրավ է, որ հունարենը ծածկագիր է և մեզ հասած գաղտնագիրների առաջին օրինակն է։

633 թվագրվող արձանագրությունից պարզվում է, որ Ավանի բնակիչները եղել են քաղկեդոնական։ Նրանք նույնադավան Եզր կաթողիկոսին համարում են Աստծու ճշմարիտ ծառա։ «Տեր Եզր Հայոց Կաթողիկոս Ճշմարիտ ծառայ Աստծոյ: Սամէղ ծառայ Քրիստոսի»: Արձանագրությունն այժմ պահպանվում է Հայաստանի պատմության պետական թանգարանում։

Ի դեպ, Ավանի բնակիչները քաղկեդոնական էին նաև զարգացած միջնադարում։ Ինչպես պարզվում է Իվանե Զաքարյանի, ԺԳ դարի արձանագրությունից, նա Ավանի բնակիչներին ազատել է բահահարկից՝ (բահով մշակվող հողերի հարկից), քաղկեդոնականների հետ դավանական միության համար։ Նույն արձանագրության մեջ Իվանեն նշում է, որ ով ով երկրի տեր լինի, պետք է հող ու ջուր ավելացնի ավանցիներին, որպես քաղկեդոնականների։

1285 թվականին, տաճարի արևմտյան պատին նմանատիպ արձանագրություն է թողել վրաց Դեմետրե Բ արքայի որդին՝ Դավիթը՝ վրաց ապագա Դավիթ Զ թագավորը։ Արձանագրության մեջ ասվում է, որ նա Ավանի ջուլհակներից գանձվող հարկերը զիջում է և նզովում բնակավայրի հետագա այն տերերին, ովքեր զանց կառնեն իր կարգադրությունը։

ԺԴ դարից հետո, Ավանի եկեղեցին վերաօծվել է որպես առաքելադավան։

1679 թվականի հունիսի 4-ին, Ավանի Կաթողիկեն էապես տուժեց ուժեղ երկրաշարժից և փլվեց։

Եկեցեղին այժմ ավերակ վիճակում է գտնվում։ Մասնակի վերանորոգվել է 1941 և 1968 թվականներին։

Ի դեպ․ Ավանի եկեղեցին հայտնի է Սուրբ Հովհաննես, Սուրբ Աստվածածին անուններով։ Ակնհայտ է՝ տարբեր ժամաներում օծվել է տարբեր անուններով։

Եկեղեցու արևելյան պատի իրար կողք երկու քարերին հետաքրքիր արձանագրություն կա․  ՅՈՀԱՆ, մյուսին` ԳԱՐԿ : Այս արձանգրությունները շատ վիճաբանությունների տեղիք են տվել: Հնագետ Կարո Ղաֆադարյանը պնդում է, որ նրանք առանձին են փորագրված: Երկու արձանագրություններն էլ անձնանուններ են` Յոհան և Գարկ (Գեորգ անվան հնացած ձևը): Ղաֆադարյանը  քիչ հավանական է համարում, որ Յոհանը դա  կաթողիկոսի անունն է, քանի որ անունը չի ներկայացված տիտղոսով: Իսկ  պատմաբան Պ. Մուրադյանը «Յոհան Սարկավագ» թե «Յոհան, Գարկ» հոդվածում նշում է, որ այս երկու արձանագրություն միևնույն ժամանակ են արվել: ԳԱՐԿ-ը դա ծածկագիր է և բացվում է սարկավագ: Ստացվում է Յոհան սարկավագ, որն էլ Ավանի տաճարի հիմնադիրն է:

Վահէ Լոռենց

 

 

 

Facebooktwittergoogle_pluslinkedin