ԱՇՈՏ ՄՍԱԿԵՐ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ

Հայոց միջնադարյան պատմության մեջ միշտ չէ, որ թագավորական իշխանություն ենք ունեցել։ Հաճախ մեր հայրենիքը գտնվել է օտարի տիրապետության տակ։ Սակայն եղել են դեպքեր, երբ օտարի տիրակալությունն անվանական բնույթ է կրել և Հայաստանը թեև չունենալով թագակիր իշխանավոր, բայց ունենալով արժանավոր առաջնորդ եղել է լիարժեք անկախ երկիր։

Նման արժանավոր ու հզոր գործիչներից է նաև Ը-Թ դարերի հայոց իշխան Աշոտ Մսակեր Բագրատունին, ով պատմագիտությանը հայտնի է նաև Քաջ պատվանունով։

Կոնկրետ ե՞րբ է ծնվել Աշոտ Մսակերը, հայտնի չէ։ Նա որդին էր 775 թվականին հակաարաբական ապստամբության ժամանակ զոհված հայոց իշխան Սմբատ Բագրատունու։

Աշոտ Բագրատունին Մսակեր կոչվել է եկեղեցական կարգն արհամարհելու և պաս չպահելու համար։

Յոթերորդ դարի քաղաքական կացությունը հայ իշխաններին հուշեց, որ Հայաստանի անկախության և հզորացման համար անհրաժեշտ է փոխել մարտավարությունն արաբների դեմ։ Է-Ը դարերում, Հայաստանի խոշոր իշխանական տներից Մամիկոնյանները, Կամսարականները շարունակ զինված բախումներ էին հրահրում արաբների դեմ, այդ բախումներին երբեմն կրոնական շղարշ հաղորդելով։ Եվ հզորության գագաթնակետին գտնվող Արաբական խալիֆայությունն օգտվելով առիթից, մեծ բանակներ էր ուղարկում Հայաստան և ճնշում այդ շարժումները։

Եվ հայոց երկրի ապագայով մտահոգված հայոց իշխանական տները՝ Բագրատունիները, Արծրունիներն ու Սյունիները, դաշինք ձևավորեցին՝ համակարգված ու ձեռք-ձեռքի պայքարելու Հայաստանի անկախության համար։ Բնականաբար, իրենց նպատակին հասնելու համար հայոց զորեղ այս իշխանական տները պետք է լուծեին Մամիկոնյանների, Կամսարականների առաջադրած խնդիրները․․․ Այս գործը մեծամասամբ իրականացրեց Աշոտ Մսակեր Բագրատունին։

Արաբները Հայաստանում իշխանությունն անվանապես իրականացնում էին Արմինիա փոխարքայության  մայրաքաղաք Դվինում նստած ոստիկանի միջոցով։  Սակայն իրականում երկրի իրական տերը Հայոց իշխանն էր, որի գերագահությունն ընդունում էին Հայքի, Վիրքի և Աղվանքի բոլոր աշխարհիկ և հոգևոր տերերը։ Նա էր հավաքում հարկերը, իրականացնում երկրի փաստացի կառավարումը և ըստ էության՝ համարվում էր իրական փոխարքան Արմինիայում։

785 թվականին սպանվում է Հայոց իշխան Տաճատ Անձևացին։ Նրա փոխարեն հայոց իշխաններն իրենց առաջնորդ ճանաչեցին իր դիրքով ու զորությամբ ամենից բարձր իշխանին՝ Աշոտ Մսակեր Բագրատունուն։ Սակայն արաբական խալիֆայությունը Աշոտին Հայոց իշխան ճանաչեց շատ ավելի ուշ։

Աշոտ Մսակերը նոր էր Հայոց իշխան դարձել, երբ ստիպված եղավ լուրջ խնդիր լուծել։ Արաբներն իրենք քաղաքականության իրականացման, ինչպես նաև Հայաստանում սոցիալական հենարան ստեղծելու համար արաբական շատ ցեղախմբեր էին տեղափոխում Հայաստան՝ մշտական բնակության։ Եվ այս ցեղախմբերից Ութմանիկները հաստատվելով Հայաստանում, փորձեցին տեղավորվել Աղիովիտ գավառում։ Գավառի տերերը՝ Գնունի իշխանները, ինքնուրույն անկարող էին դիմագրավել խալիֆայությանն ու արաբական ցեղերին և օգնության համար դիմեցին Աշոտ Բագրատունուն։ Վերջինս նույնպես անկարող լինելով բացեիբաց հանդես գալ ընդդեմ խալիֆայության, Գնունիների իշխանական տոհմին տեղափոխեց Մամիկոնյաններից նոր ձեռք բերաց Տայոց աշխարհ։

Նա հետևողական պայքար ծավալեց Կամսարականների դեմ՝ նրանց տիրույթները բռնագրավելով, տիրացավ Շիրակին և Արշարունիքին։ Երբ 786 թվականին Դարբանդի մոտ սպանվեց Ներսես Կամսարական իշխանը, Աշոտ Մսակերը չհապաղեց և տիրացավ Կամսարականների վերջին տիրույթներին։ Կամսարականները հեռացան Հայաստանից։ Սակայն նրանք կենսունակ գտնվեցին․ Կամսարականների մի ճյուղը բուլղարական գահ բարձրացավ, ոմանք Բյուզանդական կայսրությունում աչքի ընկան ռազմի ասպարեզում։ Միայն Ժ դարում նրանց սերունդները վերադարձան Հայաստան և կրկին աչքի ընկեն հայոց քաղաքական, ռազմական, հոգևոր և մշակութային կյանքում, բայց արդեն կրելով Պահլավունի տոհմանունը։

Ինչ վերաբերվում է Մամիկոնյաններին, Աշոտ Մսակերը նրանց տիրույթների մի մասին տիրացավ ժառանգական իրավունքով, քանզի իր մայրը Մամիկոնյան էր։ Իսկ Մամիկոնյանների տիրույթների մի մասը ձեռք բերեց՝ վճարելով գանձերով։ Մամիկոնյանները լքեցին թե՛ Տարոն աշխարհը, թե՛ Տայքը։ Նրանց մի մասը հեռացավ արևմուտք՝ Բյուզանդական կայսրություն, ոմանք այնտեղ անգամ գահ բարձրացան, իսկ մյուս մասը հեռացավ Լոռի՝ Դսեղ։ Դսեղի Մամիկոնյաններից հետագայում սերեց Թումանյանների տոհմը։

Աստիճանաբար ընդարձակելով իր տիրույթները՝ Աշոտ Մսակերը ձեռք բերեց նաև Աշոցքը, Լոռի-Տաշիրը, Սասունը, Շիմշատը, Մոկսը․․․

Արաբական խալիֆայությունը 804 թվականին Աշոտ Մսակերին ճանաչեց Հայոց իշխան։ Նա ստանալով իշխանական խորհրդանշանները՝ անմիջապաես վարչական գործունեության անցավ։ Առաջին հերթին Հայոց իշխանն իր նստավայրը Բագրատունիների ամրակուռ Դարոյնք ամրոցից (ներկա Բայազետ քաղաքը Արևմտյան Հայաստանում) տեղափոխեց Երվանդունիների հինավուրց մայրաքաղաք Բագարան, ամրացնելով քաղաքը։ Ապա Աշոտն իր եղբայր Շապուհ Բագրատունուն նշանակեց հայոց զորքերի սպարապետ՝ կարգադրելով մեծացնել ու ուժեղացնել հայոց հեծելազորը։ Ի դեպ, շատ չանցած՝ առիթ եղավ մարտադաշտում չափվել արաբների հետ։

Հայաստանում հաստատված Ջահհաֆ անունով արաբ ամիրան, ով ամուսնացել էր Մուշեղ Մամիկոնյան իշխանի դստեր հետ, հանդես եկավ Մամիկոնյանների երբեմնի կալվածքների նկատմամբ հավակնություններով։ Քանի, որ Մամիկոնյանների տիրույթներն անցել էին Բագրատունիներին, բախումը Տարոնի համար անխուսափելի դարձավ։ Բայց վճռական կռվում Աշոտը փառահեղ հաղթանակ է տանում և Ջահհաֆ ամիրային վտարում է Տարոնից։

Աշոտ Մսակերը ամրապնդեց Բագրատունիների տոհմային դաշինքը Հայաստանի զորեղ իշխանական տների՝ Արծրունիների և Սյունիների հետ։ Հատկապես կարևոր էր Վասպուրականի Արծրունիների հետ դաշինքը։ Արծրունիներն իրենց զինական, տնտեսական հզորությամբ երկրորդն էին Բագրատունիներից հետո, նաև, Արծրունյաց տիրույթները գտնվում էին հենց հայ-արաբական շփման գոտում՝ հարավում։

Արծրունիների հետ դաշինքն ամրապնդելու համար Աշոտ Մսակեր Բագրատունին իր Հռիփսիմե դստերն ամուսնացրեց Համազասպ Արծրունի իշխանի հետ։

Այնքան զորեղ էր Աշոտ Մսակերի դիրքը և այնքան ազդեցիկ էր նա, որ ասորի պատմիչ Միքայել Ասորին նրան համարում է Բագրատունյաց տոհմի առաջին գահակալը։

Հայոց զորեղ իշխանը մահկանացուն կնքեց 826 թվականին։ Նա իր զորեղ ու ընդարձակ իշխանությունը փոխանցեց ավագ որդուն՝ Բագարատ Բագրատունուն, իսկ հայոց զորքերի սպարապետ դարձավ կրտսեր որդին՝ Սմբատը։

 

Վահէ Լոռենց

 

Facebooktwittergoogle_pluslinkedin