ԱԳԱՐԱԿԻ  ՀՆԱՎԱՅՐԸ

Ագարակ պատմամշակութային արգելոցը գտնվում է Արագած լեռից հարավ, Ամբերդ գետակի ափին, Երևան-Գյումրի ավտոճանապարհի աջ և ձախ կողմերում, Երևանից 16 կմ հեռավորության վրա:

Ագարակի հնավայրը պատահականորեն է հայտնաբերվել: Երևան-Գյումրի ավտոմայրուղու շինարարության ժամանակ բացված հնագիտական շերտերը անմիջապես գրավեցին մասնագետների ուշադրությունը:

Ագարակն աշխարհի հնագույն բնակավայրերից մեկն է համարվում: Հնագիտական ամենահին շերտը թվագրվում է մթա չորրորդ հազարամյակով: Այսինքն՝ Ագարակի հնավայրն ավելի հին է, քան եգիպտական Գիզայի բուրգերն են:

Դեռևս վաղ բրոնզե դարում Ագարակը կանոնավոր հատակագծով քաղաքային բնակավայր է եղել: Ի դեպ, այն խոշոր բնակավայր է եղել նաև Արարատյան թագավորության անկումից հետո՝ Երվանդունիների շրջանում: Ագարակի վերելքը շարունակվել է մինչև Արշակունիների թագավորության վաղ շրջանը՝ 2-3-րդ դարերը:

Հնավայրի ողջ տարածքն զբաղեցնում է ավելի, քան 120 հեկտար տարածք: Պեղված է միայն չնչին մասը:

Ագարակի հնավայրում առկա են դամբարանադաշտեր, կենցաղային, տաճարական կառույցների հետքեր, արտադրական շինություններ և այլն:

Պեղումների ժամանակ հայտնաբերվել են նաև մեծաքանակ խեցեղեն, թրծակավե արձանիկներ, կլոր և պայտաձև օջախների, հենակ-պատվանդանների մնացորդներ:

Պեղված հրապարակներում բացված գինու մեծաքանակ ժայռափոր հնձանները վկայում են, որ խաղողագործությունն ու գինեգործությունն ագարակցիների կյանքում առանձնահատուկ տեղ են զբաղեցրել։ Լինելով Այրարատից դեպի Շիրակ և Անի տանող առևտրական մայրուղու կարևորագույն հանգույցներից մեկը, այս բնակավայրի տնտեսական և առևտրական կյանքը ծաղկում է ապրել հատկապես Ք.ա. 4-3-րդ դարերից մինչև Ք.հ. 2-4-րդ դդ.։

Այդ են վկայում հելլենիստական և ուշ անտիկ շրջանի քաղաքային մշակույթին բնորոշ գունազարդ խեցեղեն պարունակող շերտերից հայտնաբերված Ալեքսանդր Մակեդոնացու արծաթե դրախման և Օգոստոս Օկտավիանոսի արծաթե դենարը, ուշ հելլենիստական շրջանի ժայռափոր թաղումներից հայտնաբերված մի քանի կնքադրոշմ մատանիները։ Բնակատեղիի անմիջական հարևանությամբ տարածվել է ընդարձակ գերեզմանոցը, որտեղ թաղումներ են կատարվել Ք.ա. 4-րդ դարից մինչև Ք.հ. 5-6-րդ դդ.։ Հատկանշական է, որ հեթանոսական և քրիստոնեական ծեսերով թաղումները բացվում են միմյանց հարևանությամբ` վկայելով, որ քրիստոնեությունն այս համայնքում տարածվել ու գերիշխող է դարձել բավականին տևական մի ժամանակահատված` դեռևս քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց առաջ։

Հարթակը, հելլենիստական շերտը և վաղ միջնադարյան թաղումները ծածկող հողի լիցքից հայտնաբերված ջնարակված և խոհանոցային խեցեղենի սակավաթիվ նմուշները վկայում են, որ բնակատեղին բնակեցվել է նաև զարգացած միջնադարում՝ 12-14-րդ դդ.

Դամբարանադաշտերի մեջ հանդիպում են սալարկղային, քարարկղային թաղումներ, դիակիզման ծեսի հետքեր: Բայց առավել հետաքրքրական է ուրարտական ժայռափոր դամբարանը: Այն ժայռի մեջ փորված մեծ սենյակ է, ուր ամփոփել են ազնվականի դին՝ իր անձնական իրերի, կենցաղային պարագաների հետ:

Այստեղ հայտնաբերվել է փողոց, որի եզրերին շրջանաձև հատակագծով տներ են եղել, և այլ, ուղղանկյուն կառույցներ: Ամեն ինչ վկայում է, որ այստեղ հնագույն բնակավայր է եղել, որը թվագրվում է բրոնզե դարին:

Ագարակում փաստորեն, անընդմեջ բնակավայր է եղել  մթա չորրորդ հազարամյակից մինչև ուշ միջնադար ընկած ժամանակահատվածը:

Ծիսական կառույցների կողքին առկա մեծ, կլոր ջրափոսերը վկայում են, որ այստեղ նաև հնագույն աստղադիտարան է եղել:

Հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված գտածոներից առանձին արժեք են ներկայացնում Շենգավիթյան ժամանակաշրջանի արձանիկները, որ թվագրվում են ավելի, քան 6000 տարեկան:

Պեղումների ժամանակ հայտնաբերված հելլենիստական և հռոմեական շրջանի բազում դրամները վկայում են, որ Ագարակը այդ ժամանակահատվածում՝ մթա չորրորդ դարից մինչև մթ չորրորդ դարը՝ ծաղկուն վաճառաշատ բնակավայր է եղել:

Ամբողջ հնավայրի տարածքում տուֆի հսկայածավալ զանգվածները մարդկանց կողմից վեր են ածվել քարակոփ կառուցվածքների: Այստեղ հսկայական մակերեսի վրա ամբողջ քարաժայռերն ու հարթակների ճակատային մասերն անգամ մշակված են: Առկա են բազում ժայռախորշեր, աստիճանահարթակներ, վիմափոր դամբարաններ, բազում նշանակության շինություններ: Այստեղ իրար հաջորդում են փողոցները, տները, ծիսական, կենցաղային կերտվածքները, բազում են պայտաձև, կլոր փորվածքները, դրանք իրար հետ կապող առուները, զոհարանները…

Ժայռափոր այս կառույցների մի մասի նշանակությունը դեռ վերջնականապես որոշված չէ:

Վահէ Լոռենց

 

 

 

Facebooktwittergoogle_pluslinkedin