Համաձայն չինական օրացույցի` 2013 թվականը օձի տարի է: Եկող տարվա ընթացքում, (եթե իհարկե աշխարհի կործանումը դարձյալ հետաձգվի) մեզ մի շարք հետաքրքիր քաղաքական իրադարձություններ են սպասվում, որոնցից առաջնայինն, իհարկե, ՀՀ նախագահի ընտրությունն է: Ինչպիսին կլինի Օձ-2013, հայտնի չէ, բայց փորձենք հետհաշվարկ կատարել և հեսնել թե ինչպիսին է եղել չինական օձը հայոց պատմության քառուղիներում….
Եվ այսպես, օձի տարվա առաջին նշանակալից մեզ հայտնի իրադարձությունը վերաբերվում է մթա 807 թվականին, երբ Արարատյան թագավորությունն ու Ասորեստանը պայքարի մեջ են մտնում մեձուրմյան Մանա երկրին տիրանալու համար: Պետք է նշել, որ այս պայքարն ավարտվեց Արարատյան թագավորության հաղթանակով:
783 թվ. մթա-Արգիշտի Ա թագավորը գրավում է Մելետեան, Խաթեն: Հաջորդ տարին հայոց զորեղ գահակալը հիմնադրել է Էրեբունին:
Բայց օձի տարին միշտ չէ բարեհաճ գտնվել հայոց համար…
735 թվ. մթա-Թիգլաթպալասար Գ ջարդեց Ուրարտուի և նրա դաշնակիցների բանակները Եփրատի հովտում: Դրանից հետո սկսվեց Արարատյան թագավորության անկումը:
735-713-Ռուսա Ա թագավոր: Պարզվում է` օձի տարում թագավորած մեզ հայտնի առաջին այս գահակալը հաջողակ չէր… Գահակալության վերջում պարտություն կրելով Ասորեստանի Սարգոն Բ թագավորից` Ռուսա Ա ինքնասպան եղավ… Սա համարենք նախանշա՞ն: Էնքան էլ ՙխերով չէ՚ օձի տարում գահակալելը…
87 թվ. մթա-Տիգրան Բ արշավանքը Պարթևստան: Առհասարակ, ասում են, նույն այս տարում հայոց երկնակամարում գիսավոր երևաց, որն էլ հետո, իր թագին պատկերեց արևելքի զորեղ տիրակալը: Այս տարին թերևս, ամենահաջողակն էր Տիգրանի թագավորության համար, քանզի ծնկի բերելով պարթևական պետությանը` հայոց արքան նրանցից խլեց արքայից-արքա տիտղոսն ու սկսեց իր նվաճումները:
51 թվ. մթա-Հայ-պարթևական ուժերը ասպատակեցին Ասորիքը: Մինչ այդ հռոմեացիները, որ զրկել էին հայոց թագավորությանը արտաքին նվաճումներից` ցանկանում էին Արտավազդ Բ զրկել նաև իր հայրենիքից… բայց հայոց թագավորը դաշնակցեց բարեկամ պարթևների հետ ու… լավ ջարդ տվեց հռոմեացի օձերին:
117-Վաղարշ Ա թագավոր հայոց. Բախտավոր թագավոր էր. վերականգնեց Մեծ Հայքի անկախությունն ու հիմնադրեց Վաղարշապատ քաղաքը: Գահ բարձրանալով` Վաղարշը փաստացի վերականգնեց նաև Հայաստանի անկախությունը:
261-Պարսիկները գահընկեց են անում և սպանում հայոց թագավոր Արտավազդ Ե (253-261): Իսկապես վատ նախանշան… Նույն տարում Հայաստանում հաստատվում է պարսկական գերիշխանություն: Տեսբես մեզ ում գերիշխանությունն է սպառնում. ռուսական, ամերիկյան, հրեական…
273-276-Հայաստանում գահ է բարձրանում պարսիկ Որմիզդակը: Օձի տարին այս դեպքում շատ ավելի հաջողակ էր պարսիկների համար…. տեսնես 2013-ին կառաջադրվի ազգությամբ ոչ հայ որևէ մեկը…
297-Հայ-հռոմեական բանակը հաղթեց պարսկական բանակին, որից հետո պարսիկներն ու հռոմեացիները կնքեցին Մծբինի քառասնամյա հաշտության պահմանագիրը: Սրանով արևելքում երկարատև խաղաղություն հաստատվեց:
309-Պարսկաստանում գահ բարձրացավ Շապուհ Բ Երկարակյացը (309-379): Սասանյան հզոր այս արքան իր թագավորության ընթացքում շատ նեղություններ պատճառեց Հայաստանին` պատերազմելով հայոց Արշակունիների հարստության հինգ սերունդների` Տրդատ Գ, Խոսրով Գ, Տիրան, Արշակ Բ, Պապ թագավորների դեմ: Հետաքրքիր է Ալիևների դինաստիան հարևան երկրում ինչքան կդիմանա….
405-Հայ գրերի գյուտը: Թերևս ամենաբախտորոշ իրադարձությունը օձի տարում: Ստացվում է` գրերի գյուտի համար պարտական ենք ոչ թե մաշտոցին, այլ չինական օձին…
633-Դավիթ Սահառնունին դարձավ հայոց իշխան: հայոց այս իշխանի օրոք սկսվեցին արաբական ասպատակությունները: Վերջերս համացանցում տարածված տեղեկատվության համաձայն` մեզ սպառնում է պակիստանյան ասպատակություններ…
693-Ոմն Մուհամմեդ նշանակվում է Արմինիայի փոխարքա: Արաբների կողմից Հայաստանի նվաճումից հետո սա առաջին արաբ ոստիկանն էր…
717-Հովհաննես Օձնեցին ընտրվեց Հայոց կաթողիկոս: Ազգանվեր, գիտնական, եզակի մի կաթողիկոս…օձի տարվա պարգևը… Օձուն գյուղից, ուր, համաձայն ավանդության, իր իսկ բնորոշմամբ օձաբարո մարդիկ էին ապրում…
885-Աշոտ Ա հռչակվեց հայոց թագավոր` հիմք դնելով Բագրատունիների թագավորությանը: Չինական օձը մեզ դարձյալ անկախություն պարգևեց: Տեսնես ինչի տարում էր ծնվել այն կործանող օձաբարո ու ազգուրաց կաթողիկոս Պետրոս Գետադարձը…
1041-Մահացան հայոց թագավորներ Հովհաննես-Սմբատ Գ և Աշոտ Դ: Միմյանց թշնամի այս եղբայր-թագավորները ողջ կյանքում պայքարել են միմյանց դեմ և օձավարի կծել իրար` Բագրատունիների պետությունը հասցնելով կործանման եզրին:
1053-Սելջուկների առաջին հարձակումը Կարսի վրա: Այն հերոսաբար հետ մղվեց Վանանդի թագավորության սպարապետ Թաթուլ Վանանդեցու կողմից ու Տուղրիլի ջարդված բանակները օձակերպ սողալով նահանջեցին:
1065-Կործանվեց Վանանդի թագավորությունը: վերջին թագավորը օձի նման սողալով թուլամորթաբար իր հողերը վաճառքի հանեց Բյուզանդիային…
1113-Կործանվեց Լոռու թագավորությունը: Հարևան և ՙբարեկամ՚ վրացական թագավորության օձ խայթոցներից ու հարվածներից…
1113-Հիմնադրվեց Աղթամարի կաթողիկոսությունը: Հակաթոռ այս կաթողիկոսությունը ամենակենսունակն էր Ամենայն հայոց կաթողիկոսությունից հետո:
1137-Բյուզանդական Հովհաննես Կոմնենոս կայսրը գրավեց Կիլիկիան և վերացրեց հայկական իշխանությունը: Շատ չանցած սակայն, Կիլիկիայում իրերի նախկին վիճակը վերականգնվեց. հայերը ջարդեցին բյուզանդական օձի գլուխն ու Կիլիկիան դարձյալ հանդես եկավ որպես հայկական իշխանապետություն:
1149-Կաթողիկոսական աթոռը հաստատվեց Հռոմկլայում:
1161-Հայ-վրացական բանակը գրավեց Անին: Այն շատ չանցած օձաբարո վրացիները վերադարձրին սելջուկներին: Անին վերջնականապես ազատագրվեց միայն 1199 թվականին:
1185-Սարգիս Զաքարյանը նշանակվում է վրաց ամիրսպասալար: Այսպիսով սկսվում է Զաքարյան տոհմի վերելքը վրաց արքունիքում, որն էլ նպաստեց նրանց միջոցով հայոց անկախության վերականգնմանը և օձաբարո սելջուկյան իշխանության տապալմանը:
1245-Մոնղոլներն ավարտեցին Հայաստանի նվաճումը: Դեռ 1236 թվականի գրավելով Անին` միայն տասնամյակ անց նրանք գրավեցին Արևմտյան Հայաստանի մի շարք գավառներ:
1305-1307 Լևոն Դ թագավոր:Անհաջողակ գահակալ Կիլիկիո գահին, ով օձի խորամանկություն անգամ չուներ և կուլ գնաց ժամանակի արհավիրքներին:
1677-Էջմիածնի գաղտնի ժողովը Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ, որ նամակներ ուղարկեց արևմուտքի օձաբարո գահակալներին` Հայաստանի ազատագրության խնդրանքով:
1701-Իսրայել Օրին առաքելությամբ այցելում է Մոսկվա: Սկսվում է հայ ժողովրդի ՙհյուսիսացավը՚: Հուսահատված արևմուտքի խոստումներից` հայ քաղաքական միտքը սևեռվում է ռուսական օձի վրա և այսուհետ հենց հայությունը պիտի դառնար ռուսական մկրտումների առաջամարտիկը…
1725-Արցախ-Սյունիքում հայկակն ուժերը համառ պատերազմ են մղում թուրքերի դեմ: Դավիթ բեկը իր մի բուռ քաջերով ապացուցեց, որ հնարավոր է ինքնուրույն պայքարել ու հաղթել թուրքական օձին:
1761-Հովսեփ Էմինի այցը Ռուսաստան: Էմինը ռուսական կաբինետից օգնություն էր խնդրում` Հայաստանի ազատագրության համար: Հետագայում Հայաստանի ազատագրության նպատակներով նա անցավ Հայաստան, Վրաստան… Նրա ծրագրերը վիժեցին իր իսկ խոսքերով` հայոց հոգևորականության պատճառով:
1773-Աստրախանում հիմնադրվում է ռուսահայոց եկեղեցական թեմը:
1869-Ծնվեց Հովհաննես Թումանյանը…:
1869-Ծնվեց Կոմիտասը… օձի տարում իրական հանճարներ են ծնվել…:
1941-Սկսվեց Հայրենական պատերազմը… գերմանացիները չհասկացան որ օձի տարին իրենցը չէր…:
Վահե Անթանեսյան
Տպագրվել է ,,Անկախ,, շաբաթաթերթում

Համլետ Մարտիրոսյան․ Հնագույն քաղաքակրթություններ։