ՆԱՀԱՊԵՏ Ա ԵԴԵՍԱՑԻ

1691-1705 թվականներին ամենայն հայոց կաթողիկոսն էր Նահապետ Ա Եդեսացին՝ հակասական, բարդ, բռնակալ, բիրտ ու կոպիտ մի անձնավորություն։ Նա հիշատակվում է որպես ճոռոմախոս, բիրտ, փառատենչ ու ահարկու կաթողիկոս։

Նահապետ Եդեսացու ծննդյան թվականն անհայտ է։ Ծնվել է Հյուսիսային Միջագետքում՝ Եդեսիա (Ուրհա) քաղաքում։

Նա ուսում է ստացել տեղում, արագ բարձրացել հոգևոր սանդղակով և դարձել Եդեսիայի եպիսկոպոսը։

Նահապետ եպիսկոպոսը մտերիմն ու գործակիցն էր Եղիազար Այնթապցի կաթողիկոսի։ Եվ կաթողիկոսի կամքի համաձայն, Եղիազարի մահից ընդամենը երեք օր անց, 1691 թվականի օգոստոսի 10-ին, կաթողիկոս է հռչակվում Նահապետ եպիսկոպոսը։ Տեսակետ կա, որի համաձայն, Նահապետին կաթողիկոս է օծել դեռևս Եղիազարն՝ իր կյանքի վերջին օրերին։

Ամեն դեպքում, Նահապետ Ա Եդեսացին կաթողիկոս է օծվել հոգևորականների նեղ շրջանում, առանց հեռավոր թեմերի համաձայնության և ներկայության։

Հետաքրքիր է, որ ժամանակակիցների պնդմամբ՝ նորընծա կաթողիկոսը թույլ էր գրել-կարդալու գործում։

Իր աթոռակալման ընթացքում Նահապետ Եդեսացին կարողացել է ընդարձակել Էջմիածնի կալվածքները, ուժեղացնել եկեղեցու ազդեցությունը։ Սակայն Նահապետ Եդեսացու դեմ հաճախ էին ըմբոստանում հոգևորականությունը։ Ինչպես 17-րդ դարի պատմիչ Խաչատուր Ջուղայեցին է վկայում՝ Նահապետը ,սաստկությամբ վարեր զգործ կաթողիկոսութեանն,,։ Նա շարունակ կամայականություններ էր գործադրում, անցնելով ամեն չափ ուսահման։

Էջմիածնի հոգևորականության դժգոհություններից մեկն էլ այն էր, որ կաթողիկոսն օսմանահպատակ էր և իշխում էր իրենց վրա։ Էջմիածնի հոգևորականությունը տեղացի կաթողիկոս էր ուզում։

Նահապետ Եդեսացին ահակալման ողջ ընթացքում ակտիվ շինարարական գործունեություն է վարել։ Նա վերանորոգել է Էջմիածնի վանատունը, կառուցել է Օշականի կամուրջը, Շողակաթ եկեղեցին, եկեղեցիներ է կառուցել Քանաքեռում, Կոնդում, Երևանում, Ձարագյուղում։

Կաթողիկոսը վանքի հողատարածքները ոռոգելու համար Հրազդան գետից ջրանցք անցկացրեց։ Նա նախաձեռնեց նաև Քասախի վրա Օշականի մեծ կամրջի շինարարությունը, որն ավարտվեց նրա մահից հետո՝ 1706 թվականին։

Վանատան և Շողակաթի ծախսերը հոգաց Աղամալ Շոռոթեցի մեծահարուստ իշխանավորը։

Այս ամենի հետ, ինչպես վերևում նշեցինք, լինելով բռնակալ բնավորության տեր՝ Նահապետ Եդեսացին ցանկացավ միահեծան կառավարում և արդյունքում վատացրեց հարաբերությունները շատերի հետ։

Արդյունքում՝ նրա դեմ կրկին ըմբոստացավ Աղթամարի կաթողիկոս Թովմասը։ Նա 1693 թվականին խզեց կապերն Էջմիածնի հետ։ Նահապետ Ա նրան գահազուրկ հայտարարեց և Աղթամաիրի կաթողիկոս նշանակեց Էջմիածնի միաբան Ավետիս եպիսկոպոսին՝ հանձնարարելով տիրանալ Աղթամարի կաթողիկոսությանը։  Սակայն Թովման թուրք կուսակալի օգնությամբ, 1693 թվականի վտարեց Ավետիս եպիսկոպոսին Աղթամարից, իրեն աթոռակից կարգեց Սահակ Արծկեցի եպիսկոպոսին և չորս տարի անց, 1697 թվականին, դարձյալ թուրք կուսակալի օգնությամբ, աթոռազուրկ արեց Վանի եպիսկոպոսին և Վանը ենթարկեց Աղթամարի կաթողիկոսությանը։ Այսպիսով՝ Աղթամարի կաթողիկոսությունը վերստին անկախացավ Էջմիածնից։

Նա իր անզգույշ քայլերով վատացրեց հարաբերությունները Պոլսի պատրիարքի հետ։

Նահապետ կաթողիկոսը Պոլսի պատրիարքությունը կառավարում էր աշխարհիկ տեղակալների միջոցով։ Դա դժգոհություն էր առաջացնում պոլսահայերի շրջանում։ Եվ, քանի որ կաթողիկոսն ականջալուր չէր ժողովրդին՝ 1692 թվականին պոլսահայերը պատրիարք ընտրեցին Սարի Մատթեոս եպիսկոպոս Կեսարացուն։ Նա երկու տարուց պակաս աթոռակալեց, ապա սուլթանից հրովարտակ ստանալով՝ գահընկեց արեց Կիլիկիո կաթողիկոսին՝ զբաղեցրեց նրա աթոռը։ Մատթեոսից հետո Պոլսի Պատրիարք դարձավ Ներսես Ղափանցին, որ Նահապետ կաթողիկոսի կարգադրությամբ անօրինական դաժանություններ ու խստություններ կիրառեց Պոլսի և Արևմտյան Հայաստանի կաթոլիկ հայ համայնքի դեմ, ինչն ավելի մեծացրեց պառակտումը հայության շրջանում։ Բանսարկություններով, կեղծ մատնություններով Էջմիածինն ու Պոլսի պատրիարքությունը կարողացան նեղ վիճակի մեջ դնել կաթոլիկ հայությանն ու սուլթանական կառավարությունը անասելի հալածանքներ սկսեց կաթոլիկ հայերի նկատմամբ։

Չնայած կաթոլիկների նկատմամբ անսքող ատելությանը, կաթողիկոսը 1695 թվականին  Հռոմի Ինեկենտիոս ԺԲ Պապին հղեց ,,Սիրո և յարգության,, թուղթ՝ նամակ, որով նյութական աջակցություն ու քաղաքական հովանավորչություն էր աղերսում։ Նամակը լի էր քսու քծնանքով և հաճոյախոսություններով։  Սակայն հետագայում, Նահապետ կաթողիկոսը մերժեց Իսրայել Օրու՝ Հայաստանի ազատագրության ծրագիրը, քանզի Օրին եվրոպացիների օգնության ակնկալիքով առաջարկում էր ազգովի կաթոլիկ դառնալ։ Մյուս կողմից, Նահապետ Եդեսացին լատին քարոզիչներին իրավունք էր տվել՝ Հայաստանի եկեղեցիներում ազատ քարոզելու։ Տեսնում ենք, կաթողիկոսի վարքում ու գործելաոճի մեջ բացակայում էր սկզբունքայնությունը։ Նա ամենուր առաջնորդվում էր միայն անձնական շահով։

Նահապետի նամակագրությունը Հռոմի պապի հետ, ավելի սրեցին նրա հարաբերությունները հայ հոգևորականության հետ։

Ի վերջո՝ Նահապետ Ա-ից դժգոհ Էջմիածնի միաբանները, համագործակցելով Գողթնի և Նախիջևանի հոգևորականների հետ՝ ժողով գումարեցին և նրան գահազուրկ հայտարարեցին։  Նրանց խնդրանքով Իրանի շահ Հուսեյնը 1695 թվականին կաթողիկոս նշանակեց Իրանի և Հնդկաստանի հայոց առաջնորդ Ստեփանոս Ջուղայեցուն, որն այդ պաշտոնին հասավ մեծ կաշառքներով։ Ստեփանոս Ջուղայեցին մինչ Արարատյան երկիր հասնելն այստեղ է ուղարկում Ալեքսանդր Ջուղայեցի վարդապետին, որը պետք է կալանավորեր Նահապետ Եդեսացուն և արգելափակեր նրան Տաթևի վանքում։  Սակայն Նահապետ Ա անձնատուր չեղավ։ Ձևացնելով, իբր, Տաթև է մեկնում, նա գնաց Թավրիզ։ Պարսկաստանում կար Շահի օջախ անունով հաստատություն, ուր կարող էին ապաշխարել ու  ապաստան գտնել անգամ հանցապարտները։ Նահապետ Եդեսացին մեկնեց այդ ապաստարանը։ Ստեփանոսը կաթողիկոսական գահ բարձրացավ, սակայն երկար չկառավարեց։ Նահապետ Եդեսացին Սպահանում ազդեցիկ աջակիցներ ուներ։ Նրանցից էր Ավետիս Ջուղայեցին, ով իսլամ էր ընդունել, և անգամ շահին հաճոյանալու համար իր երկու դուստրերին հարեմ էր հանձնել, ինքն էլ ստացել Մուհամմեդ Հուսեյն անունը։ Նա կարողացավ սիրաշահել շահին և շահը հրամայեց Ստեփանոսին բանտարկել՝ նրանից գանձելով 1000 թուման տուգանք և Նահապետ Եդեսացուն վերականգնել կաթողիկոսական աթոռին։

Ստեփանոսն իր համախոհների հետ բանտ նետվեց։ Նրա կողմնակիցները վճարելով տունգանքն՝ ազատվեցին, բայց Ստեփանոսն ազատ չարձակվեց։ Նրա ոտքերը դրեցին կոճղի մեջ, վզից ծանր քարեր կապեցին։ Այդպիսի տանջանքներով նա 1698 թվականին մահացավ բանտում։ Նահապետ Եդեսացին այդպես ոխակալությամբ Ստեփանոսին սպանել տալուց հետո մեծ հանդիսավորությամբ նրա աճյունը հողին է հանձնում Խոր Վիրապի վանքում։

1705 թվականի հունիսի 13-ին Էջմիածնում մահացավ Նահապետ կաթողիկոսը։ Մարմինն ամփոփվեց Շողակաթ եկեղեցու բակում։

 

Վահե Լոռենց

 

Facebooktwitterlinkedin