Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ

1915 թվականի հայոց եղեռնի զոհերի հիշատակը հավերժացված է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Հայաստան այցելող գրեթե բոլոր հյուրերը այցելում են Ծիծեռնակաբերդ: Ամեն տարի ապրիլի 24-ին՝ եղեռնի զոհերի հիշատակի օրը, հարյուր հազարավոր հայեր և օտարազգիներ բարձրանում են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում թուրքական կառավարության իրագործած Հայոց Ցեղասպանության զոհերին։ Հուշահամալիրի 44 մետր բարձրությամբ սյունը նշանավորում է հայերի վերածնունդը։ 12 քարե սալերը դասավորված են շրջանագծով։ Շրջանի կենտրոնում զոհերի հիշատակի հավերժական կրակն է։ Հուշարձանի շուրջը տարածվող այգում գտնվում է 100-մետրանոց պատ, որի վրա փորագրված են ջարդերի ենթարկված ամենահայտնի քաղաքների և գյուղերի անունները։ 1995-ին հուշահամալիրի տարածքում բացվեց փոքր ստորգետնյա թանգարան, որտեղ կարելի է գտնել տեղեկություններ 1915 թվականի իրադարձությունների մասին։ Մասնավորապես թանգարանում ներկայացված են գերմանացի լուսանկարիչների (թուրքերի դաշնակիցները «Առաջին համաշխարհային պատերազմում»), այդ թվում՝ Արմին Վեգների մի շարք լուսանկարներ և որոշ հրատարակություններ։ Թանգարանին մոտ գտնվում է մի պուրակ, որտեղ աշխարհի շատ անվանի մարդիկ՝ դիվանագետներ, արվեստի գործիչներ, անվանական ծառեր են տնկել՝ հայտնելով իրենց աջակցությունը եղեռնի ճանաչման ու փոխհատուցման գործին: