Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

Ազգային պատկերասրահը Հայաստանի խոշորոգույն գեղարվեստական թանգարանն է: Այն ունի 56 ցուցասրահ, ուր հայ անվանի նկարիչների գործերի կողքին կարելի է ծանոթանալ նաև արտասահմանյան արվեստագետների աշխատանքներին և ստեղծագործություններին: Ազգային պատկերասրահը գտնվում է Երևանի Հանրապետության հրապարակում: Հիմնադրվել է 1921 թվականին: Հայաստանի ազգային պատկերասրահը տարածաշրջանի խոշորագույն թանգարաններից մեկն է և անդամակցում է Կերպարվեստի թանգարանների համաշխարհաին ընկերակցությանը: Պատկերասրահի ֆոնդերում պահպանվում են շուրջ 25.000 կտավներ, այդ թվում՝ Մարտիրոս Սարյանի, Հովհաննես Այվազովսկու, Մինաս Ավետիսյանի, Հարություն Կալենցի, Էդուարդ Իսաբեկյանի, Մարկ Շագալի, Օգյուստ Ռոդենի, Տինտորետտոյի, Ռուբենսի, Գուստավ Կուրբենի, Ռեպինի, Սերովի, այլ մեծահամբավ արվեստագետների ստեղծագործություններից: Պատկերասրահը տարեկան շուրջ 100.000 այցելու է ընդունում իր հարկի տակ: Հայաստանի Ազգային պատկերասրահի ցուցադրության զգալի մասը ներկայացնում է հայ արվեստը, որն ընդգրկում է հին և միջնադարյան արվեստի ուրարտական որմնանկարների, Գառնու տաճարին կից բաղնիքի հատակի խճանկարի և միջնադարյան որմնանկարների ու մանրանկարչության բարձրարվեստ վավերագրական կրկնօրինակներ, 17-19-րդ դարերի եկեղեցական գեղանկարչություն, ձեռագիր մատյանների արծաթե պահպանակ կազմեր, խաչեր և այլն։ Ցուցադրությունը շարունակվում է հայ գեղանկարչության դասական (Հ. Հովնաթանյան, Հ. Այվազովսկի, Գ. Բաշինջաղյան, Փ. Թերլեմեզյան, Վ. Սուրենյանց, Ե. Նազարյանց, Վ. Մախոխյան և այլն) և 20-րդ դարի (Մ. Սարյան, Գ. Յակուլով, Վ. Գայֆեջյան, Ե. Թադևոսյան, Հ. Կոջոյան, Հ. Գյուրջյան, Է. Շահին, Հ. Զարդարյան, Է. Իսաբեկյան, Գ. Խանջյան, Մ. Ավետիսյան և այլն) մեծանուն վարպետների աշխատանքների ներկայացմամբ։ Հայաստանի ազգային պատկերասրահը մասնաճյուղեր ունի Հայաստանի բոլոր մարզերում ու մեծ քաղաքներում: