Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Հայաստանը համաշխարհային գրչության կենտրոններից է եղել: Հայերը աշխարհի եզակի ազգն են, որ իրենց դիցարանում՝ աստվածների պանթեոնում ունեցել են դպրության և գրչության հովանավոր աստվածություն՝ հանձինս Տիր աստծու: Հայոց ներկա գրային համակարգը հին հայկական գրատեսակների հիման վրա կազմել է Մեսրոպ Մաշտոցը՝ 405 թվականին: Արդեն 1600 տարի և ավելի հայ ժողովուրդը հարյուր հազարավոր մատյաններ ու գրքեր է հրատարակել՝ նվիրված պատմությանը, արվեստին, գիտություններին… Հայոց հին տաճարները բոլորը գրչության կենտրոններ են եղել: Անգամ Խորհրդային Միության ժամանակ, Հայաստանը ԽՍՀՄ-ի ամենափոքր հանրապետությունն էր, բայց հսկայական պետության մեջ ռուսերենից հետո ամենաշատ գրքերը հրատարակվել են հենց հայոց լեզվով: Ցավոք, թշնամական շարունակվող հարձակումները, հատկապես 1915 թվականի մեծ եղեռնը ոչնչացրեց հայ ժողովրդի ավանդած գրական ժառանգության հիմնական մասը: Եվ ահա մնացած պատառիկները աստիճանաբար հավաքվեցին Երևանի Մատենադարանում, որ այսօր արդեն աշխարհում հին ձեռագրերի պահոցներից խոշորագույններից մեկն է համարվում: Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն է։ Մատենադարանն ստեղծվել է 1921 թվականին: Այսօր աշխարհում պահպանվել է սոսկ 31000 հայերեն հին ձեռագիր: Նրանցից մոտ 14.000-ը՝ պահվում են Երևանի Մատենադարանում: Առհասարակ, այսօր Մատենադարանում պահպանվում են աշխարհի տարբեր լեզուներով՝ արաբերեն, թուրքերեն, պարսկերեն, ռուսերեն, չինարեն… շուրջ 22.000 ձեռագրեր: Իսկ արխիվային ֆոնդում պահպանվում են ավելի, քան 100.000 վավերագրեր: Մատենադարանի ներկայիս շենքը կառուցվել է 1957 թվականին՝ ճարտարապետ Մարկ Գրիգորյանի կողմից: Շենքն արտաքուստ կրում է հայկական ժամանակակից ճարտարապետությանը բնորոշ գծերը, իսկ ներսից հիմնականում միջնադարյան ճարտարապետության բնորոշ լուծումներ են: Շենքի օգտագործելի ողջ մակերեսը ավելի, քան 15.000 ք/մ է: Գլխավոր ճակատի խորշերի միջնապատերի առջև հայոց գիտության և մշակույթի մեծերի՝ Մովսես Խորենացու, Անանիա Շիրակացու, Մխիթար Գոշի, Թորոս Ռոսլինի, Ֆրիկի, Գրիգոր Տաթևացու բազալտե արձաններն են, իսկ ներքևի փոքրիկ հրապարակում՝ Մեսրոպ Մաշտոցի և Կորյունի արձանախումբը։