Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ԵՐԵՎԱՆԻ ԿԱՊՈՒՅՏ ՄԶԿԻԹ

Կապույտ մզկիթը կառուցել է Երևանի սարդար Հուսեյն-Ալի խանը 1766 թվականին: Կապույտ մզկիթը պատկանում է շիա դավանության մզկիթների շարքին: Այն Երևանի մզկիթներից ամենագեղեցիկն ու ամենամեծն էր: Նա մի քառանկյուն ընդարձակ շինություն է՝ բարձր մինարեով և լայնանիստ գմբեթով: Աղյուսակերտ է և մինարեն: Գմբեթն ու պատերի մի մասը պատած են երկնագույն հախճապակով: Բուն մզկիթի թևերում և դիմացը կառուցված են օժանդակ մի շարք մանր շենքեր ու խցիկներ, որոնք բուն մզկիթի հետ միասին շրջապատում են մի քառակուսի գեղեցիկ ու ընդարձակ բակ: Վերջինիս կենտորոնում կառուցված է մի փոքրիկ ջրավազան, որի շուրջն ընկած է ստվերախիտ ծառերով ծածկված լայն ու խնամքով սալահատակված հրապարակը: Մզկիթն ունի երեք մուտք, երկու փոքրերը՝ արևելյան ու արևմտյան կողմերում, իսկ մեծը՝ հարավային: Կապույտ մզկիթը բաղկացած է երեք կամարակապ դահլիճներից, որոնք կապված են իրար հետ: Միջին մասում գտնվող ամենաբարձր դահլիճի վրա բարձրանում է նրա գմբեթը: Դրան կից եղած մյուս երկու դահլիճները փոքր են և համեմատաբար ցածր առաստաղ ունեն: Բակի հյուսիսային կողմում գտնվում է փոքր աղոթարանը: Մինարեն հին Երևանի կառուցվածքների բարձրագույն կետն էր և ուշադրություն էր գրավում շատ հեռվից: