Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ԳԱՖԵՍՃՅԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆ

Գաֆեսճյան արվեստի կենտրոնը բացվել է 2009 թվականին: Այն գտնվում է երևանցիների սիրելի վայրում՝ Կասկադում՝ Թամանյան 3 հասցեում: Կասկադը անվանի հայ ճարտարապետ, Երևանի հատակագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյանի նախագիծն էր, որ կյանքի կոչվեց Ջերալդ Գաֆեսճյանի միջոցով: Հիմա Կասկադում տեղակայված է Գաֆեսճյան արվեստի կենտրոնը իր հարուստ հավաքածուով: Այս կենտրոնը իր հյուրընկալ հարկի տակ տարեկան ավելի քան մեկ միլիոն այցելու է ընդունում: Գաֆեսճյան արվեստի կենտրոնի ցուցահանդեսները հիմնականում ներկայացնում են կենտրոնի հիմնադիր Ջերարդ Գաֆեսճյանի հարուստ հավաքածուն։ Ավելի քան հինգ հազար նմուշ պարունակող այս հավաքածուն հատկապես հարուստ է ժամանակակից գեղարվեստական ապակեգործության նմուշներով, որոնց մեջ առանձնանում են հանրահայտ չեխ քանդակագործներ Ստանիսլավ Լիբենսկու և Յարոսլավա Բրիխտովայի ստեղծագործությունները։ Այստեղ կարող եք հիանալ նաև Դեյլ Չիհուլիի, Բոհումիլ Էլիասի, Պավել Հլավայի, Յարոմիր Ռիբակի, Իվանա Շռամկովայի, Բերտիլ Վալիենի, Լինո Թալիապիետրայի, Մարկ Պեյզերի և Հիրոշի Յամանոյի աշխատանքներով։ Հավաքածուն ներառում է նաև գծանկարչության, գեղանկարչության և քանդակագործության ոլորտում անվանի արվեստագետների՝ Ֆերնանդո Բոտերոյի, Արշիլ Գորկու, Ջենիֆեր Բարթլեթի, Լին Չեդուիքի, Բարրի Ֆլանագանի, Ժաումե Պլենզայի և Ֆրանսուա­ Քսավիե Լալանի հանրահայտ ստեղծագործությունները։ Սրահներից զատ՝ Գաֆեսճյան արվեստի կենտրոնի ցուցանմուշները կարող եք դիտել Կասկադի ողջ տարածքում: