Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ԷՐԵԲՈՒՆԻ ԱՐԳԵԼՈՑ ԹԱՆԳԱՐԱՆ

Երևանի Էրեբունի արգելոց-թանգարանը բացվել է 1968 թվականին: Հայտնի է, որ Երևանի աշխարհի հնագույն մայրաքաղաքն է: Ճիշտ է, Երևանի իրական տարիքը 5000 տարեկան և ավելին է՝ հաշվի առնելով Երևանի թաղամասերից Շենգավիթյան քաղաքակրթությունը, սակայն նրա հիմնադրման թվականը պայմանականորեն համարվում է մթա 782 թվականը՝ Էրեբունի ամրոցի հիմնադրման թվականը: Այն գտնվում է Արին Բերդ բլրի վրա, ուր տեղակայված է նաև Էրեբունի ամրոցը: Էրեբունի թանգարանը տարեկան տասնյակ հազարավոր այցելուներ է ընդունում: Թանգարանի շենքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների հորինվածքը` պահպանելով արտաքին խուլ պատերով ու երդիկավոր հարթ կտուրներով ներքին բակի շուրջ ամփոփված ժողովրդական բնակելի տան տրամաբանական սկզբունքը: Արգելոց-թանգարանում ներկայացված է Էրեբունի քաղաք-ամրոցի պատմությունն ու մշակույթը: Ցուցասրահներում ներկայացված են Էրեբունի, Կարմիր բլուր հնավայրերի և Երևանի մ.թ.ա. VIII դ. ուրարտական դամբարանի պեղումներից հայտնաբերված բարձրարվեստ նյութեր: Դրանց մեջ հատկապես առանձնանում են կարմիր անգոբապատ ցլագլուխ և առյուծագլուխ կավանոթները, Սարդուրի II-ի բրոնզե սաղավարտը, Էրեբունիի որմնանկարների հատվածները, արծաթե եղջրագավաթները և այլ արժեքներ: Ցուցադրության օրգանական շարունակությունն է կազմում Արինբերդ բլրի գագաթին պեղված միջնաբերդն իր պալատական, կրոնական ու տնտեսական շինություններով: Այստեղ է գտնվում նաև հուշարձանի ամենակարևոր գտածոն` Էրեբունի քաղաքամրոցի հիմնադրման մասին սեպագիր արձանագրությունը: Այն հնամենի Էրեբունի - Երևանի անձնագիրն է: Թանգարանային հավաքածուի բացառիկ արժեքները բազմիցս ցուցադրվել են Լուվրում (Ֆրանսիա), Մետրոպոլիտեն թանգարանում (ԱՄՆ), Էրմիտաժում (Ռուսաստան), Բրիտանական թանգարանում (Մեծ Բրիտանիա) և հանրահայտ այլ մշակութային օջախներում: