Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ՑԱԽԱՑ ՔԱՐ

Ցախաց քարը հայտնի է նաև Աստվածածնի անապատ, Արեգունու սբ.Գրիգոր, Սբ.Կարապետ, Ղոշավանք անուններով: Վանքը գտնվում է Վայոց ձորի մարզում, Եղեգիս գյուղից 6 կմ հյուսիս-արևելք և կառուցվել է 10-րդ դարում՝ ոմն Ստեփանոս եպիսկոպոսի կողմից: Այն ժամանակին մշակութային անվանի կենտրոն է եղել: Վանական համալիրը բաղկացած է Սբ.Հովհաննես (989), Սբ.Աստվածածին, Սբ.Կարապետ եկեղեցիներից, գավիթից: Առհասարակ, համալիրը բաղկացած է երկու մասից՝ արևելյան և արևմտյան մասի հուշարձանախումբ: Համեմատաբար լավ է պահպանված սբ.Կարապետ եկեղեցին, որ որ խաչաձև- գմբեթավոր, չորս անկյուններում՝ ավանդատներով եկեղեցի է: Շքամուտքի վերին ձախ անկյունում տեղավորված է եղել թևատարած արծվի մի պատկերաքանդակ` խոյը ճիրաններում։ Հյուսիսային ճակատի վերին մասում, ճակատապատին տեղավորված է առյուծի և ցլի մենամարտ ներկայացնող պատկերաքանդակ՝ Հայաստանում իր չափերով ամենամեծը հայտնի բոլոր պատկերաքանդակներից։ Այս խմբի երկրորդ կառույցը երկհարկ դամբարան-եկեղեցին է, որի առաջին հարկն են կազմում թաղածածկ ոչ մեծ եկեղեցին և նրա արևմտյան կողմում տեղավորված քառակուսի գավիթը։ Վերջինիս վրա բարձրացող մատուռը և նրա երկու կողմերում տեղավորված խաչքարերը կազմում են կառույցի երկրորդ հարկը: Ցախաց քարի վանական համալիրն իր յուրահատուկ տեսքով և հնագույն կերտվածքով ուրույն շեշտ է դնում իր բնությամբ անկրկնելի Վայոց Ձորի պատմական և աշխարհագրական հարուստ պատկերին: Ոմն բանաստեղծ, անցած դարի կեսերին, այցելելով Ցախաց քար, այսպես է բնութագրել այն. «Մի խրոխտ և լուռ արծիվ, որ կարծես լեռներին թառած հսկում է Վայք աշխարհի անդորրը»: