Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ՍԵԼԻՄԻ ՔԱՐԱՎԱՆԱՏՈՒՆ

Սելիմի քարավանատունը գտնվում է Վայոց ձորը Գեղարքունիքին կապող ճանապարհին՝ գեղատեսիլ ու բարձրադիր մի վայրում՝ Վարդենյաց լեռնանցքում, Աղնջաձոր գյուղի մոտ: Այս ճանապարհը լինելով Մետաքսի ճանապարհի մի հատվածը՝ հարյուրամյակներ շարունակ առևտրական կարևորություն է ունեցել, որի պատճառով էլ 1326 թվականին հայոց իշխան Չեսար Օրբելյանն այստեղ քարավանատուն կառուցեց՝ որպես հանգրվան առևտրական քարավանների: Այդ մասին նա հայերեն ու արաբերեն արձանագրություն է թողել քարավանատան պատին: Սելիմի քարավանատունը բազալտե, եռանավ շինություն է, որին հետագայում նախասրահ է ավելացվել: Քարավանատան ընդհանուր երկարությունը 36 մետր է: Սյունազարդ դահլիճում ամեն ինչ նախատեսված է եղել քարավանների հանգրվանի համար՝ նավեր, մսուրներ ձիերի, գրաստների և ուղտերի համար, քարե ջրավազան, ինչպես նաև՝ առանձնասենյակներ… Լուսավորությունն ապահոված է երեք երդիկների միջոցով: Գեղեցիկ, պատկերաքանդ ձևավորում ունի շքամուտքը: Չնայած քարավանատան կառուցողն ու կառուցման ճշգրիտ ժամանակը հայտնի են, ժողովուրդը հետաքրքիր ավանդապատում է ձոնել քարավանատան կառուցման վերաբերյալ. Մի երիտասարդ իշխանազուն սիրահարված էր Գեղարքունյաց աշխարհի գեղեցկուհիներից մեկին և միշտ այցելության է եկել նրան: Մի անգամ էլ ձմռանը , կորցրել է ճանապարհը ու խեղդվել ձյունաբուքի մեջ: Ասում են իշխանը իր տղայի հիշատակի համար կառուցել է մի իջևանատուն, որտեղ ճանապարհորդները կարողանան հանգստանալ ու շարունակել ճանապարհը: