Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ՆՈՐԱՎԱՆՔ

Վայոց ձորի մարզում՝ Ամաղու գյուղից 3 կմ հյուսիս-արևելք է գտնվում Նորավանքը՝ հայոց ճարտարապետական գլուխգործոցը: Դեռ վաղ միջնադարում այստեղ գործել է սբ.Փոկաս եկեղեցին, որի բեմի տակից բուժիչ ջուր է բխել: Կարելի է ենթադրել, որ նախաքրիստոնեական Հայաստանում Նորավանքի տեղում եղել է տաճար՝ նվիրված Ծովինար կամ Անահիտ աստվածուհիներին: Նորավանքի համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին (Բուրթելաշեն) դամբարան-եկեղեցուց, Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցուց, նրան կից գավթից, Սուրբ Գրիգոր եկեղեցուց (Ստեփանոս Օրբելյանի դամբարան։ Համալիրի գլխավոր եկեղեցին Բուրթել իշխանի կառուցած երկհարկ դամբարան-եկեղեցին է` Սուրբ Աստվածածինը, որը կառուցվել է 1339 թվականին՝ որպես Օրբելյանների տոհմական տապանատուն: Բուրթելաշենը հայկական ճարտարապետության մեջ պահպանված դամբարան-եկեղեցիների բարձրարժեք կատարումներից է. այն միջնադարյան անվանի քարգործ-վարպետի` Մոմիկի վերջին աշխատանքն է։ Եկեղեցու հարավային կողմում պահպանվել է Մոմիկի` իր իսկ կերտած համեստ խաչքար-մահարձանը։ ։ Կառույցի կիսագետնափոր առաջին հարկում դամբարանն է։ Այն աչքի է ընկնում գեղակերտ խաչքարերով և ավետարանիչների պատկերաքանդակներով։ Արևմտյան մուտքի երկու կողմից պատի հետ վեր բարձրացող նեղ աստիճանները տանում են դեպի երկրորդ հարկի աղոթարան, որն արևելքում ավարտվում է կիսաշրջանաձև խորանով։ Չորս ավանդատներ ունեցող հորինվածքը պսակվում է սյունազարդ ռոտոնդայով, որի վրա հենված է գմբեթը։ Ռոտոնդայի 12 սյուներին պատկերված են թռչնաքանդակներ, ինչպես նաև պատվիրատուի` Բուրթել իշխանի դիմապատկերը` կառույցի մանրակերտը ձեռքին։ Եկեղեցու արևելյան ճակատին պատկերված է Օրբելյան իշխանական տան տոհմանշանը` արծիվ, որի մագիլներում եղնիկ է։ Գավիթը կից է Սուրբ Ստեփանոս Նախավկա գլխավոր եկեղեցուն և կառուցվել է Սիրանես ճարտարապետի կողմից: Գավիթի զարդն ինչ խոսք, Հայր Աստծու և Ադամի բարձրաքանդակն է, ինչը Մոմիկ ճարտարապետի գլուխգործոցներից է համարվում: Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցին Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցին կառուցվել է 1216-1223թվականներին՝ իշխան Լիպարիտ Օրբելյանի կողմից։ Այն ներքուստ քառաթև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր կառույց է. Մատուռ-տապանատուն Սուրբ Գրիգոր, Սմբատ իշխանի դամբարանը Դամբարանի ճարտարապետը Սիրանեսն է։ Այն կառուցվել է 1275թ.։ Եկեղեցու ներսում թաղված են Օրբելյան իշխանական ընտանիքի 10 անդամները։ Մեծաչափ տապանաքարերից ամենից ուշագրավը Էլիկումինն է, որի վրա վերջինս պատկերված է իբրև ննջող առյուծ։