Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ՋԵՐՄՈՒԿ

Ջերմուկը առողջարանային քաղաք է Վայոց Ձորի մարզում, մարզկենտրոնից 50 կմ հյուսիս-արևելք, Արփա գետի ակունքի շրջանում, Երևանից 173 կմ հեռավորության վրա։ Քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 2080 մետր բարձրության վրա: Կա մի լեգենդ, որի համաձայն, մի անգամ, Ջերմուկի անտառում փորձառու որսորդը նետահարում է երիտասարդ եղնիկին։ Վիրավոր եղնիկը մեծ ճիգերով, վերջին ուժերը հավաքած, փախչում է։ Որսորդը կրնկակոխ հետապնդում է նրան։ Մի կերպ, ոտքերը հազիվ քարշ տալով, եղնիկը հասնում է Ջերմուկի հանքային աղբյուրներին, նետվում ջուրը և... այ քեզ հրաշք, ջրից դուրս է գալիս բոլորովին առողջ ու ապաքինված և անմիջապես անհետանում անտառի խորքը։ Կյանքում ամեն ինչ տեսած փորձառու որսորդը ապշում է հասարակ ջրի կատարած հրաշքից, և այդ օրվանից տարածվում է «Ջերմուկ» ջրի համբավը աշխարհե-աշխարհ, իսկ հրաշք ջրի գաղտնիքը մարդկանց հասցրած եղնիկը դառնում է ժողովրդի սիրելին ու Ջերմուկի խորհրդանիշը։ Ջերմուկն ունի լեռնային կլիմա։ Ամառը զով է, ձմեռը՝ երկարատև և ձյունառատ։ Արևափայլի տևողությանը կազմում է տարեկան 2300 ժամ։ Օդի օրական միջին ջերմաստիճանը Ջերմուկում կազմում է՝ գարնանը՝ +0.4 աստիճան, ամռանը՝ +15.3 աստիճան, աշնանը՝ + 4.9 աստիճան, ձմռանը՝ -9 աստիճան։ Հունվարի միջին ջերմաստիճանը –9°C է, նվազագույնը՝ –35°C, հուլիսինը՝ 18°C, առավելագույնը՝ 32°C, տարեկան տեղումները՝ մոտ 800 մմ, հարաբերական խոնավությունը՝ 45–48% , արևափայլքի տևողությունը՝ 2340 ժ։ Ջերմուկում առկա են բոլոր պայմանները ամառային և ձմեռային հանգստի, ինչպես նաև՝ առողջարանային բուժման կազմակերպման համար: Այցելելով Ջերմուկ՝ դուք կարող եք հենց աղբյուրից ըմբոշխնել բխող հորդառատ հանքային ջրերը: Կարող եք ձեր հանգիստն անցկացնել քաղաքամերձ անտառներում, Կեչուտի ջրամբարի ափին…