Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ԳՆԴԵՎԱՆՔ

Գնդեվանքը գտնվում է Վայոց ձորի մարզում, Արփա գետի ձախ ափին, բարձրադիր տեղանքում, Գնդեվազ գյուղից 1 կմ արևմուտք: Վանքը հիմնադրել է Սյունյաց Սմբատ իշխանի կին և Վասպուրականի Գագիկ Արծրունի արքայի քույր Սոփիա (Սոփի) իշխանուհին 931 թվականին, որպես ճգնավորների մենաստան: Գնդեվանք է կոչվել վանահայր Սուփան Գնդունու անունով: Մեկ այլ մեկնության համաձայն՝ իշխանուհին վաճառել է իր ականջի գինդերը, որպեսզի կարողանա ավարտել եկեղեցու շինարարական աշխատանքները, և այդ գինդերի համար վանքը կոչվել է Գնդեվանք։ Հուշարձանախումբը X-XVII դդ. կառույց է, որի կազմում են Ս. Ստեփանոս եկեղեցին, գավիթը, սեղանատունը, գերեզմանատունը, բնակելի և տնտեսական շինությունները, ջրանցքը: Պարսպապատ է: Ավանդույթի համաձայն Սոփիա իշխանուհին գնում է Գնդևանք կոչված ձորն ու, ուր սրբերի բազում նահատակների ոսկորներ կային ու մենակյացներ էին ապրում: Մենակյացները բժշկությամբ էին զբաղվում: Նրանք բուժում են Սոփիա իշխանուհու դստերը և իշխանուհին որոշում է այստեղ նրանց համար եկեղեցի կառուցել: Եվ նա կառուցում է եկեղեցին, քարափի գլխին գյուղ է հիմնում այգի է տնկում... Վանքի մի արձանագրության մեջ Սոփիա իշխանուհին հիշատակում է, որ ՙՎայոց ձորը անակն մատանի էր, շինեցի սա և ակ դրեցի վրան՚: Շինարարությունը ղեկավարել է նկարիչ Եղիշե երեցը։ Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 931-936 թվականներին։ Կառույցը սրբատաշ բազալտով է, քառախորան՝ արտաքուստ խաչաձև կենտրոնագմբեթ հորինվածքով։ Եղիշե երեցը եկեղեցու ներսը զարդարել է որմնանկարներով, որոնցից խորանի պատին պահպանվել է Քրիստոսի պատկերի մի փոքր հատված։ Ներսում՝ գմբեթի առագաստների վրա, կան չորս ավետարանիչների բարձրաքանդակները։ Եկեղեցին քառախորան` արտաքուստ խաչաձև կենտրոնագմբեթ կառույց է` արևելյան զույգ ավանդատներով: Խաչաթևերը մշակված են եռանկյունաձև հատվածքի խորշերով: Գմբեթի առագաստներին պատկերված են չորս ավետարանիչների խորհրդանշանների բարձրաքանդակներ: Եղել են նաև որմնանկարներ, որոնց հեղինակը նկարիչ Եղիշե երեցն է (X դ.): Ավելի ուշ շրջանի գործեր են ավանդատների մուտքերից վեր պատկերված ֆիգուրները: 999 թվականին, Քրիստափոր վանահայրը կառուցել է եկեղեցու արևմտյան գավիթը։ Վերջինիս հյուսիսային պատի երկայնքով տեղավորված են ուղղանկյուն հատակագծով երկու սենյակներ։ Արևմտյան սենյակը ծառայել է որպես գրատուն։ 1008 թվականին վանահայր Սարգսի ջանքերով վանքապատկան հողերը ոռոգելու համար 22 կմ երկարությամբ ջրանցք է կառուցվել, ինչը գործում է մինչ օրս։ 1691 թվականին Պետրոս վարդապետը նորոգել է եկեղեցին և գավիթը, վանքը շրջապատել պարիսպով և նրան կից կառուցել է բնակելի ու տնտեսական շինություններ։ Այդ ժամանակ է նկարվել Մարիամ Աստվածածնի պատկերով որմնանկարը՝ եկեղեցու հյուսիսային ավանդատան պատին։ Դա ուշ միջնադարի հայկական կերպարվեստի լավագույն գործերից է։ Մյուս որմնանկարները, ցավոք, վերջին տասնամյակներում խոնավությունից քայքայվել են: Գնդեվանքի տարածքում առկա են 10-16-րդ դարերի խաչքարեր և տապանաքարեր։ Պահպանվել են բազմաթիվ վիմագրական արձանագրություններ։