Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ԳԼԱՁՈՐԻ ՎԱՆՔ

Գլաձորի (կամ Թանադեի, Թանահատի) վանքը գտնվում է Վայոց ձորում՝ Վերնաշեն գյուղից 7 կմ հեռավորության վրա: Գլաձորի վանքը պատմական աշխատություններում հիշատակվում է 8-րդ դարից: 1279 թվականին այստեղ Պռոշյան իշխանական տան հովանու ներքո կառուցվում և օծվում է Սուրբ Ստեփանոս եկեղեցին: Վանքի հարավային պատին Պռոշյան իշխանները թողել են իրենց տոհմական զինանշանը՝ արծիվ, որ ճանկել է գառնուկին: Նույն պատին նաև բազում բարձրաքանդակներ են արված, ուր պատկերված են տարբեր կենդանիներ: Ուշագրավ է արևային ժամացույցը, որի գլխամասում պատկերված են գավաթից ջուր խմող երկու սիրամարգեր: Սուրբ Ստեփանոս եկեղեցին խաչաձև գմբեթավոր եկեղեցի է: Խաչաձևությունն ստացել են անկյուններում տեղակայված չորս ավանդատների շնորհիվ, որոնցից երկուսը կրկնահարկ են: Սբ.Նշան եկեղեցին գտնվում է նախորդից փոքր ինչ հյուսիս: Այն նույնպես 13-րդ դարի կեսերի կառույց է: Սբ.Նշանի մուտքը զարդարված է որսի տեսարաններ պատկերող հարթաքանդակներով: Վանքի տարածքում միջնադարյան գերեզմանատուն է եղել: Այնտեղ կան խաչքարեր ու շիրմաքարեր: Միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր համալսարանը՝ Գլաձորը, 1291 թվականին Ներսես Մշեցին հենց այստեղ՝ Թանադեի վանքում է հիմնել: Գլաձորի համալսարանը իրավամբ, կարելի է համարել միջնադարյան ամենախոշոր կրթահամալիրներից մեկն աշխարհում: Ժամանակակիցների կողմից անվանվել է «Երկրորդ Աթենք պանծալի», «Մայրաքաղաք իմաստության», «Գերահռչակ համալսարան»։ Այստեղ հոգևոր, աշխարհիկ գիտելիքներից զատ ուսանողները արվեստներ էին սովորում, հատուկ գեղանկարչական դպրոց էր գործում: Առեհասարակ, համալսարանում երեք լսարան էր գործում՝ Եկեղեցական և աշխարհիկ դպրության լսարան, Գրչության արվեստի լսարան, Խազագիտության և երաժշտության լսարան: Գլաձորի համալսարանում ուսանել են միջնադարյան անվանի հոգևոր-մշակութային ու գիտական գործիչներ, որոնց վաստակը այդ ոլորտներում դուրս է եկել հայության սահմաններից ու համաշխարհային նշանակություն ստացել: