Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ԱՐԵՆԻԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ

Արենի գյուղը հայտնի ոչ միայն իր չքնաղ եկեղեցով, հնագույն կոշիկով ու հնձանով: Այն Հայաստանի ՙԳինու մայրաքաղաքն՚ է: Արենի գյուղում գրեթե բոլոր ընտանիքներն զբաղված են գինեգործությամբ: Այստեղ ամեն տարի հոկտեմբեր ամսին անց է կացվում ավանդական գինու փառատոնը: Գինեգործական մշակույթը Արենիում հազարամյակների պատմություն ունի: Վկան` գյուղից փոքր ինչ հեռու գտնված աշխարհում հնագույն հնձանը, որի տարիքը հաշվում է ավելի քան վեց հազար տարի: Ապացուցված փաստ է, որ Արենի տեսակի խաղողը հազարամյակների ընթացքում աճել է հենց այս տարածաշրջանում: Արենի խաղողն ունի յուրահատուկ բաղադրություն, նրանում առկա է գինեստեղծման տարրերի անհրաժեշտ քանակությունն ու համամասնությունը, որի շնորհիվ հնարավոր է դառնում այդ որակից ստանալ գինիների հիանալի տեսականի։ Եվ դա հիմնականում պայմանավորված է ինչպես խաղողի տեսակով, այնպես էլ Վայոց Ձորի յուրահատուկ կլիմայով: Այստեղ պատրաստվում են կիսաքաղցր, կիսաանապակ և անապակ գինիներ, ինչպես նաև գինիներ ռան, ծիրանի, դեղձի, խնձորի, մոշի, բալի, մորիի... Մրգային գինիները շուկայում չկան: Նրանք հիմնականում հենց տեղում են իրացվում` զբոսաշրջիկների կողմից: Գործարանը փոքր է: Խաղողի մթերման ծավալներն այստեղ կազմում են սոսկ տարեկան 300 տոննա: Չնայած արտադրական փոքր ծավալներին` Արենու գինու գործարանի արտադրանքի 40 % արտահանվում է: