Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ԱՐԵՆԻ

Արենի գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզում, Արփա գետի ափին, Եղեգնաձոր քաղաքից 12 կմ հարավ-արևմուտք: Գյուղը հայտնի է պատմական հուշարձաններով, հայոց անմահական գինով: Արենի գյուղի մերձակա քարանձավներում են հայտնաբերվել աշխարհի հնագույն գինու հնձանը, աշխարհի ամենահին կոշիկը, որոնց տարիքը հաշվում է գրեթե 6000 տարեկան: Շնորհիվ այն բանի, որ Արենին առևտրական բանուկ ճանապարհների հանգույցում է գտնվում, միջնադարում այն դարձել է շեն գյուղաքաղաք և 13-րդ դարում իշխան Տերսայիճ Օրբելյանը իր իշխանանիստ կենտրոնը Եղեգիս Ավանից տեղափոխել է այստեղ: Արենի գյուղի մոտակայքում` 1 կմ հեռավորության վրա, դեպի հյուսիս-արելք, գտնվում է լայնաթռիչք չորս կամարանոց կամրջի մնացորդներ, որ կառուցել է Ամաղու Նորավանքի Սարգիս եպիսկոպոսը 13-րդ դարի վերջին: Արենիում է գտնվում միջնադարյան խոշորագույն հայ ճարտարապետ Մոմիկի գլուխգործոցներից մեկը` սուրբ Աստվածածին եկեղեցին: Ինչպես հավաստում է եկեղեցու արևմտյան պատի արձանագրությունը` նրա շինարարության նախաձեռնողը Սյունիքի արքեպիսկոպոս Հովհաննես Օրբելյանն է` 1321 թվականին: Եկեղեցու ներքին հարդարանքում գերակշռում է վեր խոյացող գմբեթը` հենված երկու որմնամույթերի և երկու առանձին կանգնած սյուների վրա, ինչը բնորոշ չէր այդ ժամանակաշրջանի հայկական եկեղեցիներին և դա Մոմիկի նորամուծությունն է համարվում։ Սուրբ Աստվածածինը կենտրոնագմբեթ եկեղեցի է: Այն աչքի է ընկնում ներդաշնակ համաչափությամբ ու համարվում է Մոմիկ ճարտարապետի գլուխգործոցը: Մոմիկը Վայոց ձոր է եկել Կիլիկիայից: Նա սկզբից նկարչությամբ է զբաղվել, ձեռագրեր ծաղկել: Սակայն վատանում է Մոմիկի տեսողությունն ու նրա հանճարը արտահայտվում է այլ ոլորտում` ճարտարապետության մեջ: Եկեղեցու բազմանիստ թմբուկի վրա առկա են ութ պատուհաններ: Խորանն ունի զույգ խաչաձև լուսամուտներ: Սուրբ Աստվածածինը երկու մուտք ունի` արևմտյան և հարավային: Հարավային կողմում երկու ավանդատներ են: Եկեղեցու արևմտյան մուտքի մոտ գեղեցիկ զարդաքանդակ կա, ուր պատկերված է Մարիամը` մանուկ Հիսուսը գրկին: Եկեղեցու ներսում քանդակված են չորս ավետարանիչների խորհրդանշանները՝ հրեշտակ, թևավոր ցուլ, արծիվ և թևավոր առյուծ: Սուրբ Աստվածածնի գմբեթը 1840 թվականին ավերվել է երկրաշարժից: Վերանորոգվել է նախնական տեսքով 1998 թվականին: Եկեղեցու մոտակայքում ժամանակին գերեզմանատուն է եղել: Այնտեղ մինչ օրս պահպանվում են 14-17-րդ դարի տապանաքարեր, խաչքարեր: Ժամանակին այստեղ է գտնվել նաև 13-րդ դարի ականավոր զորավար, իշխան Տերսայիճ Օրբելյանի ապարանքը, որի հանդեպ ցավոք, ժամանակն ավելի անողոք է գտնվել: