ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ ....
Տավուշի մարզը գտնվում է ՀՀ հյուսիս-արևելքում: Մարզը հյուսիսում սահմանակից է Վրաստանին, արևելքում՝ Ադրբեջանին, հարավում՝ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերին, արևմուտքում՝ Լոռու մարզին: Տավուշի մարզի տարածքը կազմում է 2700 քառ. կմ, բնակչությունը՝ 132.000 մարդ:
Մարզկենտրոնը Իջևան քաղաքն է, որն ունի 20.500 բնակիչ և Երևանից հեռու է 125 կմ:
Մարզում առկա է 62 բնակավայր, որից հինգը՝ քաղաքային: Քաղաքներն են՝ Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ և Այրում:
Ազգային փոքրամասնություններից բնակվում են ռուսներ:
Տավուշի մարզով են անցնում Երևան-Թբիլիսի միջպետական մայրուղին ու Երևան-Թբիլիսի, Երևան-Իջևան երկաթգիծը:
Մարզի բարձրագույն կետը Մուրղուզ լեռն է՝ 2993 մետր, իսկ ցածրագույն կետը Դեբեդի հովտում է՝ Բագրատաշեն գյուղի մոտ՝ 380 մ:
Տավուշում կլիման մեղմ է՝ մեղմ ձմեռ և տաք ամառ: Մարզն աչքի է ընկնում առողջարար կլիմայով:
Տավուշի մարզում է գտնվում Պարզ լիճը: Նրա տարածքով են հոսում նաև Դեբեդ, Աղստև գետերը:
Տավուշի մարզի առավել հայտնի պատմական հուշարձաններն են՝ Գոշավանքը, Հաղարծինը, Մակարավանքը, Լաստիվերը: Տավուշի մարզում է գտնվում նաև Դիլիջանի ազգային պարկը և Դիլիջան առողջարանային քաղաքը: