Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ....

Լոռու մարզը գտնվում է Հայաստանի հանրապետության հյուսիսում: Բնակչության թվաքանակը կազմում է 235.000 մարդ: Տարածքը կազմում է 3798 քառ.կմ և զբաղեցնում է հանրապետության տարածքի 12.7 տոկոսը:
Լոռու մարզը հյուսիսից սահմանակից է Վրաստանին, արևելքից՝ Տավուշի մարզին, հարավից՝ Կոտայքի և Արագածոտնի մարզերին, արևմուտքից՝ Շիրակի մարզին:

Մարզի տարածքով է անցնում Երևան-Թբիլիսի միջպետական մայրուղին և երկաթգիծը: Մարզկենտրոնը Վանաձոր քաղաքն է 80.000 բնակչով, և որի հեռավորությունը մայրաքաղաք Երևանից կազմում է 120կմ:
Մարզում առկա են 8 քաղաքային և 105 գյուղական համայնքներ: Քաղաքներն են՝ Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր, Ախթալա, Թումանյան, Շամլուղ:

Բնակչության 97 տոկոսը հայեր են: Ազգային փոքրամասնություններից բնակվում են ռուսներ, հույներ:
Լոռու մարզում ծովի մակերեւույթից բարձրագույն կետը Աչքասար լեռան գագաթն է (3196մ), ամենացածրը՝ Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանը (մոտ 380մ):

Մարզի տարածքով է հոսում Դեբեդ գետը` Ձորագետ, Մարցագետ եւ Փամբակ վտակներով: Հարուստ է նաեւ հանքային աղբյուրներով: Մարզի տարածքում տիրապետում են անտառային, լեռնատափաստանային, մերձալպյան մարգագետինները։ Լոռու մարզում են տեղակայված Ախթալայի վանքը և ամրոցը, Հաղբատավանքը, Սանահինի վանքը, Քոբայրը, Օձունի եկեղեցին, Արդվիի վանքը, Հնեվանքը, Լոռիբերդ ամրոցը, Սանահինի կամուրջը, Դսեղի Բարձրաքարշ եկեղեցին… Լոռու մարզի Ախթալա քաղաքում է անցկացվում խորովածի ամենամյա փառատոնը: