Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ԿԵՉԱՌԻՍ

Կեչառիսի կամ Կեչառույքի վանքը գտնվում է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում: Վանքը հիմնադրվել է XI դարում Գրիգոր Մագիստրոս Պահլավունի իշխանի կողմից: Իսկ ավարտուն տեսք է ստացել XIII դարում: XII-XIII դարերում Կեչառիսը միջնադարյան Հայաստանի ամենախոշոր մշակութային և հոգևոր կենտրոններից էր: Կեչառիս անվան ստուգաբանության երկու տարբերակ է շրջանառվում. Նախ անվանումը կապվում է տարածքում շատ տարածված կեչի ծառատեսակի հետ, ապաև՝ կաճառ՝ դպրանոց բառի հետ, քանզի եկեղեցու տեղում նախաքրիստոնեական Հայաստանում ամենայն հավանականությամբ եղել է գիտության և դպրության հովանավոր Աստծու՝ Տիրի տաճարը: Համալիրն իր մեջ ներառում է 4 եկեղեցի, գավիթ, 2 մատուռ և գերեզմանատուն: Կեչառիսի առաջին և գլխավոր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է: Համաձայն հարավային մուտքի վերևում պահպանված արձանագրության՝ եկեղեցին կառուցվել է 1033թ.: Հետագայում մի շարք պատմաբաններ ենթադրեցին, որ եկեղեցին կառուցվել էր ավելի վաղ, 1013թ., երբ դեռ ողջ էին արձանագրությունում հիշատակված հայոց թագավոր Գագիկ Ա Բագրատունին և կաթողիկոս Սարգիս Ա Սևանցին: Պատկանում է քառասյուն ժամատների այն տարբերակին, որի արևելյան անկյուններում ավանդատներ կան: Արտաքին ճարտարապետությունը սահմանորեն պարզ է: Կիրառված են հարդարանքի սակավ միջոցներ՝ ճակատների նեղլիկ լուսամուտները եզերված են կամարունքերով, հարավային պատին կա արևային ժամացույց, արևմտյան կողմում՝ շրջանակավոր շքամուտք: Գմբեթի հիմքով շրջանցում է զարդանախշ ու տրամավորող գոտի, նիստերից մեկը զարդարված է որմնափակ խաչքարով Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գավիթը կառուցվեց 1196-1206թթ.: Եկեղեցու գմբեթը քանդվել է 1828թ. երկրաշարժի ժամանակ: : Գլխավոր եկեղեցուց հարավ, գտնվում է ոչ մեծ՝ Սուրբ Նշան գմբեթավոր եկեղեցին: Սբ. Նշան եկեղեցին տեղավորված է գլխավորից հարավ-արևելք: Այն չունի հստակ թվագրություն: Համաձայն պատմական տարեգրություններին, այս եկեղեցին նույնպես կառուցվել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունու կողմից: Երկու եկեղեցիների միջև տեղավորված էին դամբարան-մատուռներ, որոնցից պահպանվել է միայն արևելյան պատը` զարդարված որմնափակ խաչքարերով: Սբ. Կաթողիկե եկեղեցին, որ գտնվում է Սբ. Նշանից հարավ, կառուցվել է 1214թ. Իշխան Վասակ Խաղբակյանի պատվերով ու Վեցիկ ճարտարապետի կողմից: Սբ. Հարություն միայնակ եկեղեցին, որ գտնվում է հիմնական խմբից հարավ-արևմուտք, կառուցվել է 1220 թվականին: Փոքրաչափ այս եկեղեցին եզակի է հատակագծային իր հորինվածքով` բաղկացած է արևմտյան կողմի նախասրահից և կիսաշրջան աբսիդ ունեցեղ աղոթասրահից: Վանքի տարածքում գտնվող բազմաթիվ խաչքարերից մեկը հավերժացնում է ճարտարապետ Վեցիկի հիշատակը: Կեչառիս վանքի տարածքում թաղված են սելջուկների հետ ճակատամարտում նահատակված իշխան Գրիգոր Ապիրատյան Պահլավունին (1099թ.), Պռոշ Խաղբակյանը (1284թ.): 2000թ. Կեչառիս վանքը նորից օծվեց: Այժմ վանքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ծառայում է որպես Կոտայքի թեմի առաջնորդանիստ: