Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ՀԱՎՈՒՑ ԹԱՌ

Հավուց թառ վանական համալիրը գտնվում է Կոտայքի մարզում, Գառնիից արևելք, Ազատ գետի ձախ, բարձրադիր ափին: Նախաքրիստոնեական Հայաստանում այստեղ հեթանոսական տաճար է եղել: Հաշվի առնելով, որ Հավուց թառը դեռ վաղ միջնադարից գրչության կենտրոն էր հռչակված, այստեղ պետք է, որ լիներ Տիր աստծու տաճարը: Վաղ միջնադարյան եկեղեցու տեղում 1013 թվականին Գրիգոր Մագիստրոս Պահլավունի իշխանը այստեղ սուրբ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին է կառուցել: Վանական համալիրը վերելք ապրեց 11-14-րդ դարերում, իսկ 1679 թվականի երկրաշարժից այն ավերվել է և այլևս չի վերականգնվել: Համալիրը բաղկացած է երկու հուշարձանախմբից: Արևմտյան հուշարձանախմբի գլխավոր եկեղեցին (XIII դ.) ներքուստ խաչաձև, արտաքուստ ուղղանկյուն, չորս անկյուններում ավանդատներով հորինվածք ունի։ Բազմագունության սկզբունքով շարված պատերը (սրբատաշ կարմրավուն տուֆ) հարուստ են արձանագրություններով։ Քանդված են եկեղեցու գմբեթն ու ծածկը։ Նրան հարավից կից են երկու միանավ մատուռներ (այժմ՝ կիսավեր)։ Արևելյան հուշարձանախումբը XVIII դ. 1-ին կեսին հիմնովին վերակառուցվել է, որի ընթացքում օգտագործվել են Գրիգոր Մագիստրոսի կառուցած եկեղեցու և վանքի քառամույթ գավթի քարերը։ Հավուց թառը միջնադարյան Հայաստանում գիտական խոշոր կենտրոն է եղել, ուր բազում գրքեր են գրվել ու նկարազարդվել: