Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ԱՐԶՆԻ

Արզնին Հայաստանի հնագույն բնակավայրերից է: Անվանումը կապված է Արա Գեղեցիկի և Շամիրամի պատումի հետ: Երբ մարտի դաշտում ընկնում է Արան` Շամիրամը կարգադրում է Արայի դին բերել իր մոտ: Եվ քանի որ բացի իրենից ոչ ոք ասորի զինվորներից չէին տեսել Արային, բերում են ընկած բոլոր քաջերին ու ասում` Առ, զննի... Եվ ավանդույթի համաձայն հենց Արզնու բուժիչ ջրերով Շամիրամը փորձեց վերակենդանացնել Արային: Մեկ այլ ավանդույթի համաձայն դեռ Տիգրան Մեծի ժամանակներից Արզնին հայոց բանակի հանգստավայրերից է եղել: Արզնի գյուղի տարածքում հայտնաբերվել են Նոր քարեդարյան ժամանակաշրջանի դամբարանադաշտեր, նյութեր, իսկ Հրազդանի կիրճում կան նախամարդու բնակեցրած քարանձավներ, որոնք ավելի ուշ շրջանում պաշտպանական դերակատարություն են ունեցել: Իսկ պահպանված հնագույն շինությունը 6-րդ դարի եկեղեցին է: Ըստ երևույթին այստեղ հնագույն ամրոց է եղել, որի պարիսպների մնացորդները պահպանվում են մինչ օրս: Գյուղում կան նաև 19-րդ դարում կառուցված երկու մատուռներ, հին գերեզմանատուն: Գյուղից ոչ հեռու գտնվում է Արզնի ՀԷԿ-ը: Արզնին աշխարհին հայտնի է իր հինգ առողջարաններով: Վերջիններում հիմնականում բուժվում են աղեստամոքսային տրակտի, սրտի իշեմիկ եւ ռևմատիկ հիվանդություններ: ՙԱրզնի՚ առողջարանը գտնվում է ծովի մակերևույթից 1250 մ բարձրության վրա` Հրազդան գետի կիրճում: Արզնիում կլիման ցամաքային է, մեղմ, ցուրտ ձմեռով՝ հունվար ամսին -5˚C միջին ջերմաստիճանով, ջերմ, հաճելի ամառով՝ հուլիս ամսին +22˚C միջին ջերմաստիճանով, երկարատև և տաք աշունով։ Արևային օրերը տարվա մեջ կազմում են 2236 ժամ։ Պարզ օրերի քանակով Արզնին գերազանցում է Կովկասի բոլոր առողջարաններին։ Բարոմետրիկ ճնշումը կայուն է, առանց կտրուկ տատանումների և հավասար է 657 մմ սնդիկի սյան։ Արզնու հիմնական բուժիչ գործոնները հանդիսանում են ածխաթթու-քլորիդա-հիդրոկարբոնատանատրիումային ջրերը, ինչպես նաեւ լեռնային տեղանքի կլիմայական պայմանները՝ ցածր բարոմետրիկ ճնշումով: