Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

Սևանա լիճը գտնվում է Գեղարքունիքի մարզում. այն ՀՀ ամենամեծ ջրային ավազանն է: Լիճը հայտնի է նաև Գեղամա ծով անվամբ: Գեղամը Հայկ նահապետի թոռն էր: Բելի դեմ տարած հաղթանակից հետո Հայկ նահապետը իր որդիների ու թոռների միջև բաժանեց Հայոց երկիրը, և այս չքնաղ լճակը բաժին հասավ Գեղամին: Իսկ Սևան բառը փոքր ինչ փոփոխված ձևով հիշատակվում է նաև ուրարտական արձանագրություններում: Սևանա լիճը հարավամերիկյան Տիտիկակայից հետո իր աշխարհի երկրորդ բարձր լեռնային լիճն է: Բարձրությունը ծովի մակարդակից 1910 մետր է: Առավելագույն խորությունը՝ 99 մետր: Լճի մակերեսը 1200 քառակուսի կմ է, ձգվածությունը ափից ափ՝ 70 կմ: Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանը ամռանը 18-24 աստիճան է, իսկ ձմռանը լիճը մասամբ սառցակալում է: Սևանը երկու մասից է կազմված՝ Մեծ և Փոքր Սևաններ, որ իրար են միանում Արտանիշի նեղուցով: Սևանա լճի մեջ են թափվում 28 գետեր, նրանից սկիզբ է առնում միայն Հրազդանը: Սևանա լիճը Մերձավոր Արևելքի քաղցրահամ ջրի ամենամեծ ավազանն է: Լիճը հարուստ է կենդանական աշխարհով, ձկնատեսակներով: Էնդեմիկ է իշխան ձուկը, որ ունի չորս տարատեսակ՝ ամառային և ձմեռային բախտակ, գեղարքունի, բոջակ: Սևանա լճի մակարդակը 1950-ական թվականներին զգալիորեն նվազեց, երբ լճի ջրերն օգտագործվեցին ոռոգման և էներգետիկ նպատակներով: Սակայն 1980-ական թվականներին շահագործված Արփա-Սևան ջրատար թունելը փրկեց Սևանի կյանքը և այժմ լիճը դարձյալ բարձրանում է: Սևանա լճի տարածքում է գտնվում Սևան ազգային պարկը՝ Նորաշենի, Լիճք-Արգիչի, Գիլլի և Արտանիշի արգելոցներով: