Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ՀԱՅՐԱՎԱՆՔ

Հայրավանքը գտնվում է Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի հյուսիս-արևելյան կողմում, Սևանա լճի ափին։ Դեռևս 4-րդ դարում այստեղ կառուցվել է Սբ. Ստեփանոս եկեղեցին որը հետագայում ստացել է քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարները, ութանիստ թմբուկով գմբեթը՝ սրբատաշ տուֆից։ Սակայն Հայրավանքի տարածքում դեռևս հազարամյակներ առաջ հեթանոսական տաճար է գոյություն ունեցել, հավանաբար նվիրված ջրերի հովանավոր աստվածուհուն՝ Ծովինարին: Նույն վայրում նաև կիկլոպյան ամրոցի հետքեր են հայտնաբերվել: 9-րդ դարի վերջին կառուցվել է եկեղեցին ներկայիս տեսքով: Ավելի ուշ՝ 1211-ին Հայրավանքի Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին ու կառուցել երկսյուն, երդիկավոր ութանիստ, շթաքարեզարդ գմբեթով գավիթ։ Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան XVI դ. տապանաքարեր ու խաչքարեր, իսկ պարսպից դուրս խցերի և տնտեսական շենքերի ավերակներն են։ Հայրավանքը միջնադարում հայտնի գրչության կենտրոն է եղել: Հայրավանքն ունի նաև «Մարդաղավնյաց» անվանումը, ինչը կապված մի գեղեցիկ ավանդության հետ, համաձայն որի, 1381-ին՝ Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, Հայրավանքի վանահայր Հովհանը Քրիստոսի Խաչափայտի մասունքով խաչի զորությամբ բռնակալի գերեվարած հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու և ազատ արձակել։