Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ԾԻԾԵՌՆԱՎԱՆՔ

Ծիծեռնավանքը գտնվում է ԼՂՀ Քաշաթաղի շրջանում, Բերձոր քաղաքից 26 կմ արևմուտք, Աղավնո գետի աջ ափին, Ծիծեռնավանք գյուղի մոտ: Անվան բացատրությունը կապված է քրիստոնեական ավանդույթի հետ, ըստ որի՝ այստեղ է պահվել Պետրոս առաքյալի ճկույթը՝ ծիծեռնը: Իրականում վանքի անվանումը կապված է ծիծեռնակների հետ, քանզի եկեղեցու տեղում հեթանոսական տաճար է եղել, իսկ նախաքրիստոնեական Հայաստանում թռչունների, մասնավորապես՝ ծիծեռնակի պաշտամունքը տարածված էր: Ծիծեռնավանքը պատկանում է եռանավ բազիլիկ եկեղեցիների տիպին, ունի ուղղանկյուն հատակագիծ, չորս զույգ մույթեր, արտաքուստ շեշտված միջին նավ։ Հայկական նույնատիպ կառույցների մեջ միակ կանգուն և լավ պահպանված օրինակն է։ Ներկայիս Ծիծեռնավանքն իր վրա կրում է մի քանի շինարարական փուլերի ազդեցությունը։ Մասնավորապես, արտաքին պատերի ստորին՝ սրբատաշ բազալտով մասը պատկանում է IV դարին (կամ ավելի վաղ ընկած ժամանակաշրջանին)։ V–VII դարերում հաջորդաբար ավելացվել են պատերի վերնամասը (ֆելզիտից), ավանդատները և խորանը՝ սյունազարդ վերնահարկով, փայտե սյուների փոխարեն՝ կամարաշարերը։ Ծիծեռնավանքի բազիլիկի առանձնահատկություններից են արևմտյան ճակատում մուտք չունենալը (որը հատուկ է հեթանոսական տաճարներին և բնորոշ չէ բազիլիկ եկեղեցիներին), խորանի վերևի կամարակապ սրահը (եզակի է հայկական ճարտարապետության մեջ), բեմում լուսամուտ չունենալը, թաղակիր կամարների բացակայությունը և այլն։ Ի տարբերություն զուսպ արտաքին ճակատների, ներսը վաղ միջնադարի հայկական այլ ճարտարապետական հուշակոթողների նմանությամբ հարուստ հարդարանք ունի։ Մույթերը զարդարված են շախմատաձև ու երկշարք ատամիկներով, ալիքաձև ու պարանահյուս, օձակերպ քանդակներով, ուղղանկյան մեջ ներգծված ութճառագայթանի աստղերով (նման հարդարանքը հանդիպում է V դ. 2-րդ կեսին կառուցված Տեկորի, Երերույքի, Փարպիի, Ամարասի բազիլիկ եկեղեցիներում)։ Հյուսիսային պատին պահպանվել է որմնանկարի մի հատված՝ երկու սրբերի պատկերով։ Պահպանվել է որոշ վարդյակների ու մույթերի խոյակների վրա կարմիր ներկը։ Ամբողջ համալիրում բացակայում են արձանագրությունները: Առաջին անգամ հիշատակվում է 844 թվականի մի գրության մեջ: Ստեփանոս Օրբելյանը Ծիծեռնավանքը համարում էր Սյունաց 13 կարևորագույն վանքերից մեկը: Ծիծեռնավանքը եղել է մեծ ոըխտատեղի. Ողջ Սյունիքից և Արցախից Համբարձման և Սուրբ խաչի տոներին այստեղ ուխտավորներ են գալիս: 2003 թվականից վանքի սեղանատանը բացվել է նաև թանգարան, ուր պահվում են վանքի տարածքից և շրջակայքից հայտնաբերված հնագիտական արժեքավոր ցուցանմուշներ: