Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ

Տիգրանակերտը հնավայր և հին հայկական քաղաք է Լեռնային Ղարաբաղում, Մարտակերտի շրջանում, Խաչեն գետի աջ ափին: Քաղաքը կառուցել է հայոց արքա Տիգրան Մեծը մթա 1-ին դարում: Տիգրանակերտը որպես բնակավայր գոյություն է ունեցել շուրջ հազար հինգ հարյուր տարի: Այստեղ 2006 թվականից սկսած պեղումներ են կատարվում: Գտնվել և ուսումնասիրվել են քաղաքի միջնաբերդը, պարիսպները, քաղաքի կենտրոնական մասը և վաղ միջնադարյան բազիլիկ եկեղեցին։ Քաղաքը հիմնականում կառուցված է սպիտակ կրաքարով։ 2010 թ մայիսին Տիգրանակերտի տարածքում գտնվող ուշ շրջանի կանգուն ամրոցում բացվել է պեղումների թանգարանը, որը այցելուներին ներկայացնում է աշխատանքների ընթացքում հայտնաբերված ցուցանմուշները։ Բազիլիկ եկեղեցու կենտրոնական հատվածում հայտնաբերվել են միջնադարյան տարբեր արհեստանոցների հետքեր։ Հնագետները հայտնաբերել են գունավոր ապակու արհեստանոցի հետքեր, պեղվել է ապակու մեծ հավաքածու, հայտնաբերվել են 30-40 ապարանջանների բեկորներ։ Ապարանջանների մեծ մասը 12-13-րդ դարերին է վերաբերում. այդ ժամանակաշրջանում ապարանջանները բավականին տարածված էին։ Պեղումների արդյունքում հայտնաբերել են մոզաիկ ապակու բեկորներ։ Տիգրանակերտի տարածքում հնագետները գտել են նաև ջնարակապատ խեցեղենի մեծ հավաքածու՝ տարբեր բույսերի ու թռչունների պատկերներով։ Պեղված մասունքների մեջ առանձնանում են սև, գունավոր և գորշ խեցեղենի կատարյալ նմուշներ, որոնք վերագրվում են մ.թ.ա. 1 - մ.թ. 1 դարերին, հայտնաբերվել են եղջերագավաթներ, կնիքներ, թալիսմանաքարեր, իսկ բազիլիկից` կավե պնակ հայկական գրություններով, վաղ միջնադարյան ապակի և 9-11 դարերի ջնարակապատ խեցեղեն: Տիգրանակերտի անտիկ դամբարանի տարածքում պեղվել են երկու կարասային գերեզմանոցներ, որոնցից մեկի մեջ ամբողջական գունավոր սափորների, երկաթյա օղակների, զարդարված քարերի և ոսկեջրած ականջօղերի հետ գտնվել են նաև լավ պահպանված արծաթյա պարթևական դրամներ` ձուլված մ. թ. ա. 1-ին դարի կեսերին: Տիգրանակերտից 3 կմ հեռավորությամբ, Խաչենագետի աջ ափին գտնվող մշակութա-քարանձավային համալիրը բաղկացած է ժայռային ապառաժին փորված եկեղեցուց, նախամուտքից և դամբարանից, դեպի այստեղ ձգվող երկար ժայռափոր և աստիճանաձև ճանապարհից: Ժայռերը ծածկված են խաչերով նկարված կոմպոզիցիաներով և հայկական ու հունական արձանագրություններով: Քարանձավային համալիրի խաչային կոմպոզիցիաները վաղքրիստոնեական մշակույթի բնորոշ գծերից մեկն են: Խաչերը տեղադրված են բարձր աստիճանների և հենաձողի վրա, նկարված են զարդանախշային շրջանակների մեջ և կրում են Քրիստոսի հունարեն միացագրերը, ուղեկցվում են ծաղկային և թռչնային մոտիվներով` ինչը խորհրդանշում է մահվան նկատմամբ հաղթանակը, հոգու փրկությունը և դրախտը: