Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ԳԱՆՁԱՍԱՐ

Գանձասար վանական համալիրը գտնվում է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վանք գյուղում: Գանձասարի անվանումը կապված է մոտակա լեռներում առկա մետաղական հանքավայրերի հետ: Այն դարեր ի վեր եղել է Արցախի հոգևոր կենտորնը: Ուշ միջնադարում Գանձասարում առանձին կաթողիկոսություն է գործել: Անանիա Մոկացի հայոց կաթողիկոսի վկայությամբ՝ այստեղ դեռևս 10-րդ դարում եկեղեցի է գործել, որի հետքերը չեն պահպանվել: Վանքի առաջին՝ սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 1216 թվականին Խաչենի Հասան-Ջալալ իշխանի հովանավորությամբ, Քարիմ ճարտարապետի կողմից: Այն խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցի է, անկյուններում կրկնահարկ ավանդատներով: Ներսում` թմբուկի հիմքին, տեղադրված են բարձրաքանդակ գլուխներ (խոյի, ցուլի, մարդու), բեմառաջքը զարդարված է երկրաչափական քանդակներով: Ամենաուշագրավը 16-նիստանի թմբուկը և հովհարաձև վեղարն են: Նիստերը մշակված են պատկերաքանդակներով, լուսամուտների քանդակազարդ պարակալներով, կողերը շեշտված են նուրբ որմնասյուներով: Արևմտյան նիստերին քանդակված են Քրիստոսը, Ադամն ու Եվան, 2 կտիտոր (նվիրատու-պատվիրատու), իսկ հարավային նիստերին՝ ծնրադիր, լուսապսակներով մարդիկ, որոնք դիմում են միջին նիստի ճակտոնում պատկերված Աստվածամորը: Թմբուկի վրա` եզան գլխի և թևատարած արծվի, հարավային ճակատին՝ կաքավի, արևմտյան պատին թռչունների քանդակներ են: Եկեղեցու արևմտյան ճակատին բարձրարվեստ բարձրաքանդակ է՝ Խաչելության տեսարանը: Գավիթն արևմտյան մասի 2 հզոր սյուներին և արևելյան պատի որմնասյուներին հանգչող կամարներով ընդարձակ դահլիճ է: 1261 թվակնին Մամքան իշխանուհին եկեղեցու դեմ կառուցում է մեծ գավիթը, որ հանդիսանում է Հասան-Ջալալյան իշխանական տոհմի տապանատունը: Գավիթը ծածկված է խաչաձև կամարներով և հորինվածքով շատ նման է Հաղբատի գավիթին: Եկեղեցին հարուստ ձեռագրատուն է ունեցել, այստեղ միջնադարում դպրանոց է գործել: 17-18-րդ դարերում Գանձասարը հայոց ազատագրական պայքարի կենտրոն է եղել: Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հյուսիսային պատին Հովասափ Միայնակեցին 1240 թվականին արձանագրել է Հասան Ջալալ Մեծի Ուխտը։ Ըստ Հասան Ջալալ Մեծի 27 տողից բաղկացած կտակի՝ երբ սկսվում է Գանձասարի կառուցումը և քարագործ վարպետները հասնում են արևելյան լուսամուտին, մայրը՝ Խորիշահը, Աբգար թագավորի կնոջ՝ Հեղինեի նման, գնում է Երուսաղեմ և մինչև իր կյանքի ավարտը ճգնում է Սուրբ Հարություն տաճարում։ Ըստ իր կտակի՝ նա եկեղեցիներին ազատում է հարկերից և միաբանության կամքով և Աղվանքի Ներսես կաթողիկոսի հայրապետությամբ նշանակում Սուրբ Պատարագներ: Ըստ ավանդույթի՝ Գանձասարում են ամփոփված Հովհաննես Մկրտչի գլուխը, Հովհաննես Մկրտչի հոր՝ Զաքարիայի արյունը, Գրիգոր Լուսավորչի ծնոտը, Լուսավորչի թոռ Գրիգորիսի, սուրբ Պանտալեոն բժշկի և այլ նահատակների նշխարները։