Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ԴԱԴԻՎԱՆՔ

Դադիվանքը վանական համալիր է Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանում, Թարթառ գետի ձախ ափին: Ավանդույթի համաձայն վանքը դեռևս առաջին դարում կառուցվել է Թադեոս առաքյալի աշակերտներից Դադիի գերեզմանի տեղում: Վանական համալիրը կոչվում է նաև Խութավանք, քանզի կառուցված է բարձր բլրի՝ խութի վրա: Դադիվանքը կազմված է սբ.Աստվածածին եկեղեցուց, 2 ժամատնից, 2 հնագույն այլ եկեղեցիներից, երկհարկանի զանգակատնից, մատուռներից, խաչքարերից, Հասան-Ջալալ իշխանի ապարանքից: Սբ.Աստվածածինը 1234 թվականին կառուցել է Հաթերքի Արզու-Խաթթուն իշխանուհին: Նա Դադիվանքի շինարարությունը նվիրել է մոնղոլների դեմ պատերազմում նահատակված իր Գրիգոր և Հասան զավակների հիշատակին: Եկեղեցին գեղատեսիլ է՝ խաչաձև գմբեթավոր, պատված է 13-րդ դարի որմնանկարներով: Եկեղեցու չորս անկյուններում կրկնահարկ ավանդատներ կան: Դադիվանքը եղել է Արցախի հզոր Վախթանգյան իշխանական տոհմի տոհմային գերեզմանատունը: