ԶՎԱՐԹՆՈՑ
Զվարթնոցը կառուցվել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը՝ 652 թվականին։ Զվարթնոց անվանումը առնչվում է զվարթուն՝ հրեշտակ բառին։ Զվարթնոցի տարածքում է եղել հեթանոսական Տիր աստծու մեհյանը։ 301 թվականին այստեղ են հանդիպել Հայոց Տրդատ Գ արքան և Գրիգոր Լուսավորիչը և Տրդատը Գրիգորին ուղեկցել է մայրաքաղաք Վաղարշապատ ու քրիստոնեությունը հռչակել պետական կրոն: Զվարթնոցի տաճարը եզակի ճարտարապետական կառույց է՝ նոր, ուրույն ոճով: Այն իր ժամանակաշրջանի ամենաբարձր կառույցն էր՝ 49 մ։ Ժամանակաշրջանին բնորոշ խաչաձև գմբեթավոր կառույցների կամ բազիլիկների փոխարեն, Զվարթնոցի տաճարը ներկայացրեց բացարձակապես նոր ոճ. կենտրոնական գմբեթը հենված էր մեկ ամբողջական շրջան կազմող անկյունների ու խորանների վրա։ Տպավորիչ չափսերը և ինքնատիպ կառուցվածքը թույլ են տալիս տաճարը բնորոշել որպես իսկական ճարտարապետական հրաշք` որի մասին բազմաթիվ ավանդազրույցներ են հյուսվել, իսկ շքեղությունը բազմիցս հիշատակվել գրավոր աղբյուրներում։ 652 թվականին, տաճարի օծման արարողությանը ներկա գտնվող բյուզանդական Կոստաս 2-րդ կայսրը այնքան է տպավորվել շինությամբ ու նրա ծավալով, որ վերադարձին իր հետ է տարել տաճարի ճարտարապետին` նմանատիպ մի տաճար Կոստանդնուպոլսում կառուցելու մտադրությամբ։ Վերջինս, սակայն, ճանապարհին հիվանդացել է ու մահացել։ Զվարթնոցի հորինվածքը ներկայացնում է արտաքուստ եռաստիճան, հետզհետե նվազող տրամագծերով երեք գլանային ծավալների ներդաշնակ ամբողջություն։ Արտաքուստ բոլորաձև տաճարը ներքուստ խաչաձև կենտրոնագմբեթ կառույց է՝ 4 հավասար խաչաթևերով։ Հորինվածքի առաջին աստիճանը 32 նիստանի է, երկրորդը` 16, իսկ երրորդը` 8. նիստերից յուրաքանչյուրին արված են լուսամուտի 1-ական կամարակապ բացվածքներ։ Ճոխ հարդարանքով աչքի է զարնել առաջին հարկը. երկրորդ ու երրորդ հարկերն ունեցել են առավել զուսպ հարդարանք` շինությանը հաղորդելով սլացիկություն։ Կրաբետոնի մեջ օգտագործվել է փշրած վանակատ (օբսիդիան), որը թրծելիս դառնում է առավել թեթև։ Վերջինս խառնել են կրաշաղախին՝ այն դարձնելով ավելի թեթև, բայց և ավելի ամուր սովորական կրաշաղախից։ Ոմանք կարծում են, որ Զվարթնոցի մտահղացման հիմքում Աստծո ձեռքի պատկերն է` ափը արևելքում, իսկ հինգ մատները` դեպի արևմուտք։ Իրականում հատակագիծը թեև շրջանաձև է, բայց դժվար չէ պատկերացնել ձեռքի խորհրդանիշը. արևելյան վեհարանը՝ ափն է, շրջանի հինգ մուտքերը խորհրդանշում են հինգ մատները։ Ամբողջապես տաճարն արտաքուստ եռաստիճան, հետզհետե նվազող տրամագծերով կենտրոնակազմ գմբեթավոր հորինվածք է։ Առաջին և ամենամեծ աստիճանը (յարուսը) 35,75 մ տրամագծով շրջան է, որը լուսավորվել է յուրաքանչյուր նիստի վրա բացված մեկական լուսամուտով։ Ներքուստ, տաճարի կենտրոնում, ուղիղ գմբեթի տակ՝ հատակին արված բացվածքը քարե աստիճաններով տանում է շենքի ներքնահարկ, ուր ամփոփված էր Սբ Գրիգոր Լուսավորչի մասունքը։ Զվարթնոցի տաճարը կանգուն է մնացել մինչև 10-րդ դարի վերջը: Տաճարի ավերման ընդունելի հավանական պատճառաբանությունը երկրաշարժն է։ Տեսակետներից մեկն էլ այն է, որ արաբները պատերի շարվածքից հեռացրել են հանգուցային հիմնաքարերը՝ թուլացնելով կառույցն այնպես, որ այն, ի վերջո, փլուզվել է սեփական ծանրությունից։ Զվարթնոցի գտածոներից հնագույնը Ռուսա 2-րդ ուրարտական արքայի սեպագիր արձանագրությունն է` շինարարական աշխատանքների, այգիներ տնկելու, ջրանցք կառուցելու և աստվածներին զոհաբերություններ մատուցելու վերաբերյալ։ Պեղումների ընթացքում հայտնաբերվել են տաճարից հարավ-արևմուտք գտնվող կաթողիկոսական պալատն` օժանդակ շինություններով (բաղնիք, խուցեր), տարբեր իրեր, գերեզմաններ, խաղողի հնձան և այլն։ Պալատի գինու շտեմարանը /մառանը/ գտնվել է գահասրահին կից հյուսիսային կողմում։ Այստեղ կարող եք տեսնել պեղումների ժամանակ հայտնաբերված միջնադարյան կարասները։ Դրանք պատրաստվել են տեղական կավից այնպես, որ գինու խմորման ընթացքում կողքի թեքվեն, իսկ երբ գինին պատրաստ լինի՝ ուղիղ կանգնեցվեն։ Պալատին ավելի ուշ հավելված օժանդակ կառույցների թվում է գինեգործարանը՝ բաղնիքից դեպի հարավ։ Այստեղ կար խաղողի հնձան՝ կլոր ու քառակուսի լայնաբերան մեծ տաքարներով (գուռերով), որտեղ հավաքվում էր ոտքերով ճզմված խաղողի հյութը։ Այնուհետև, խմորման նպատակով հյութը լցվում էր մյուս սրահներում գտնվող կարասների մեջ: Յուրաքանչյուր գուռ 4-5 հազար լիտր գինու տարողություն ուներ, դրանց ընդհանուր տարողությունը կազմում էր 22 հազար լիտր։ Պալատի տարածքում ցուցադրված 2 մեծ կարասները գինու խմորման համար օգտագործվող տարաներն են։





