Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ՄԵԾԱՄՈՐ

Մեծամորի հնավայրը գտնվում է Երևանից 35 կմ դեպի հարավ-արևմուտք՝ Արմավիրի մարզում, Տարոնիկ գյուղի մերձակայքում: Այն վաղբրոնզեդարյան հուշարձան է: Դեռևս մթա 4-րդ հազարամյակում Մեծամորը ծաղկուն բնակավայր է եղել՝ շուրջ 100 հա ընդգրկուն տարածքով: Անվան ստուգաբանությունը՝ Մեծ Մայր, հավաստում է, որ այստեղ է գտնվել Անահիտ Աստվածուհու պաշտամունքային գլխավոր կենտրոններից մեկը: Մեծամորում ընդհանուր առմամբ յոթ սրբատեղիներ են եղել: Մեծամորի տաճարում օծման արարողություններ էին կատարում, Աստվածներին զոհ մատուցում, գինի հեղում, սրբազան հաց թխում...Այստեղ լավ ամրացված պարսպապատ բերդաքաղաք է եղել, ունեցել է նաև տաճար, աստղադիտարան… Շատ ուսումնասիրողների կարծիքով՝ այն նախաուրարտական շրջանում եղել է Արարատյան տարածաշրջանի կենտրոն-մայրաքաղաքը: Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում Մայր Աստվածուհուն նվիրված տասնյակ ֆալոսները, որոնք պտղաբերության խորհուրդն ունեն: Միջնաբերդից 0,5 կմ հյուսիս-արևելք տարածվող դամբարանադաշտում պեղվել են կարմիր տուֆակերտ կրոմլեխներով օղակված հսկայածավալ դամբարաններ: Այստեղ թաղվել են ցեղային առաջնորդները, նրանց պատվին զոհաբերվել և թաղվել են նաև բազմաթիվ նժույգներ, խոշոր և մանր եղջերավոր անասուններ, շներ և բազում այլ կենդանիներ: Դամբարաններում թաղված առարկաներից ուշագրավ են ջնարակված կավամանները, քանդականախշ փայտե զարդատուփերը, ոսկուց, արծաթից և կիսաթանկարժեք քարերից, մածուկից պատրաստված պերճանքի առարկաները: Մեծամորը աշխարհում մեզ հայտնի հնագույն պղնձաձուլարանն է: Մինչ օրս լավ պահպանվել է պղնձաձուլարանի ամբողջ համակարգը՝ հնոցները, հալոցը, որոնք ժայռափոր են: Այստեղ դեռ հազարամյակներ առաջ 14 տեսակ պղինձ են ստացել: Մեծամորին պղինձ մատակարարել են հեռվից՝ Լոռիից: Մեծամորի հնավայրի տարածքում գործող թանգարանում բազում հազվագույտ նմուշներ են պահպանվում: Պահպանվող ցուցանմուշների թիվն անցնում է 25.000-ից: Հայտնաբերված իրերի շարքում ամենանշանավորը բաբելոնյան թագավոր Ուլամ Բուրարիաշի ագաթից պատրաստված գորտ-կշռաքարն է (մ.թ.ա. XVI դ.) և բաբելոնյան մեկ այլ տիրակալ Կուրիգալզուին պատկանող եգիպտական հիերոգլիֆ տեքստով սարդոնիքսե կնիքը (մ.թ.ա. XV դ.): Այս գտածոները վկայում են, որ Մեծամորը հնագույն ժամանակներից ի վեր եղել է առևտրական ճանապարհների խաչմերուկ, որոնք անցել են Արարատյան դաշտով և կապել են իրար Առաջավոր Ասիան և Հյուսիսային Կովկասը: