Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

Սբ. Հռիփսիմե տաճար

Սբ Հռիփսիմե եկեղեցին գտնվում է Վաղարշապատ քաղաքում՝ Երևանից 20 կմ դեպի հյուսիս: Համաձայն ավանդույթի՝ եկեղեցին կառուցվել է Հայաստանում քրիստոնեություն քարոզող սբ Հռիփսիմեի և նրա 32 ընկերուհիների (Հռիփսիմյանց կույսեր) նահատակման վայրում: Ագաթանգեղոսի պատմության համաձայն՝ 301 թվականին այստեղ, հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի նախաձեռնությամբ, Տրդատ Գ արքան, նրա քույր Խոսրովդուխտը և Աշխեն թագուհին, ի հիշատակ նահատակ կույսերի, կառուցել են վկայարան՝ կիսագետնափոր դամբարան: 395 թվականին Սահակ Ա Պարթև կաթողիկոսը վերակառուցել է Սբ. Հռիփսիմեի վկայարանը, որն ավերել էր պարսից Շապուհ արքան: 618 թ-ին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսը, ով նաև ճարտարապետ էր, վկայարանի տեղում կառուցել է Սբ Հռիփսիմե եկեղեցին՝ սրբատաշ տուֆից: Եկեղեցին կենտրոնագմբեթ է, քառախորան: Ավագ խորանի տակ սբ Հռիփսիմեի թաղածածկ դամբարանն է: Որպես քառանկյուն հատակագծով խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցի՝ այն առաջին է համարվում հայկական ճարտարապետության մեջ: Եկեղեցին ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-յի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ։ Համաձայն ավանդույթի՝ Հռիփսիմեն հալածվելով Հռոմի Դիոկղենտիանոս կայսրից՝ իր ընկերուհիների հետ փախչում, հաստատվում է հայոց Վաղարշապատ մայրաքաղաքի մատույցներում: Կայսրը խնդրանքով դիմում է Տրդատ Գ արքային՝ որպեսզի վերջինս գտնի նրանց և ետ վերադարձնի Հռոմ: Սակայն Տրդատ Գ արքան սիրահարվելով Հռիփսիմե կույսին՝ ցանկացավ տիրել նրան: Բայց կույսը անձնատուր չեղավ և արքայի հրամանով իր ընկերուհիների հետ նահատակվեց այս վայրում՝ քարկոծման միջոցով: Հիմա եկեղեցու խորանի տակ գտնվող դամբարանում ամփոփված է ոչ միայն սուրբ Հռիփսիմեի աճյունը, այլև ի ցույց է դրված քարը, որով սպանել են Հռիփսիմեին: Նա փաստորեն, Հայաստանում հանուն քրիստոնեության նահատակված առաջին սրբերից է, իսկ նրա շիրիմը՝ սրբերից մեզ հասած ամենահինն է: