Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ

Էջմիածնի Մայր Տաճարը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր կենտրոնն է: Գտնվում է Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում, Երևանից 20 կմ հեռավորության վրա: Տաճարը կառուցվել է IV դարի սկզբներին՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց անմիջապես հետո՝ հեթանոսական Սանդարամետ աստծու տաճարի տեղում (Ավագ խորանի տակ պահպանվել է հեթանոսական ատրուշանը)։ Սկզբում Մայր տաճարը բազիլիկատիպ էր, սակայն 480 թվականին հայոց իշխան Վահան Մամիկոնյանն այն վերակառուցում է՝ նրան տալով խաչաձև հատակագիծ և գմբեթավորելով 4 ազատ մույթերը։ Ճարտարապետական լուծումներով Էջմիածնի Մայր տաճարը նախատիպ է հանդիսացել եվրոպական մի շարք եկեղեցիների համար: 7-րդ դարում տաճարը վերակառուցվել է Կոմիտաս և Ներսես Գ կաթողիկոսների կողմից, 17-րդ դարում կառուցվել է զանգակատունը, 18-րդ դարում՝ թանգարանի մասը։ Մայր տաճարի շրջապատում են գտնվում մի շարք այլ կրոնական կառույցներ։ Առանձնահատուկ պատմագիտական արժեք է ներկայացնում Մայր տաճարի թանգարանը. այստեղ են պահպանվում հայկական եկեղեցական մշակույթի բազմաթիվ նյութական արժեքներ՝ ձեռագրեր, ասեղնագործություններ, հայկական հին դրամներ, գորգերի, նկարների և այլ արժեքավոր իրերի հավաքածու։ Մայր Տաճարը կառուցվել է Հայ Եկեղեցու առաջին կաթողիկոսի՝ Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից։ Գիշերային մենության մեջ, մտորումներով տարված՝ Լուսավորիչը մի տեսիլք տեսավ. Աստծու Միածին Որդին իջավ երկնքից և ոսկե մուրճով հարվածեց գետնին՝ ցույց տալով այն վայրը, ուր պետք է կառուցվեր Էջմիածնի Մայր Տաճարը։ Ս. Գրիգոր Լուսավորիչն ու Ս. Տրդատ թագավորը ժողովրդին առաջնորդեցին Միածնի իջման վայրը և կառուցեցին Մայր Տաճարը։ Սուրբ Էջմիածինը նաև կոչվում է լույսով լուսավորված, քանի որ ոչ թե կառուցվեց մահկանացու ճարտարապետների կողմից, այլ հիմնվեց երկնավոր Ճարտարապետի կողմից, որն իր լույսով լուսավորելով՝ ուրվագծեց նոր եկեղեցին։ Ավանդույթի համաձայն՝ տաճարի կառուցման ժամանակ օգտագործել են Նոյյան տապանից Տրդատ արքայի բերած շինանյութը: Ս. Էջմիածնի Մայր Տաճարի կառուցումն ավարտվեց 303 թվականի օգոստոսին։ Տաճարի օծումը տեղի ունեցավ Մարիամ Աստվածածնի Փոխակերպման տոնին նախորդող շաբաթ օրը և տաճարն անվանվեց Ս. Մարիամ Աստվածածին։ Մայր տաճարը համաշխարհային նշանակության հոգևոր, մշակութային կենտրոն է եղել դարեր ի վեր: Դեռևս 4-րդ դարում այնտեղ մեծ մատենադարան-գրապահոց հիմնվեց: 1771 թվականին Սիմեոն Երևանցի կաթողիկոսը այստեղ է հիմնել Հայաստանում և Մերձավոր Արևելքում առաջին տպարանը, իսկ 1860–70-ական թվականներին Գևորգ Դ կաթողիկոսը՝ գանձատունն ու Գևորգյան ճեմարանը: 5-րդ դարից սկսած՝ կապված Հայաստանում առկա քաղաքական իրավիճակի հետ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսությունը տեղից-տեղ էր հանգրվանում: Միայն 1441 թվականից այն կրկին վերահաստատվեց Էջմիածնում, ուր էլ մինչ օրս գործում է անփոփոխ: