Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ԽՈՐ ՎԻՐԱՊ

Խոր Վիրապի պատմությունը անմիջականորեն կապված է Հայաստանում քրիստոնեության ընդունման պատմության հետ: Այն հայերի գլխավոր սրբավայրերից է: Խոր Վիրապի վանքը գտնվում է ՀՀ Արարատի մարզում, Փոքր վեդի գյուղի մոտ: Խոր Վիրապը հայոց նախկին Արտաշատ մայրաքաղաքի տարածքում է գտնվում: Այն խոր փոս էր և եղել է արքունի զնդաններից մեկը, ուր նետել են մահապարտ հանցագործներին: Հայաստանում քրիստոնեություն քարոզելու մեղադրանքով Տրդատ Գ արքայի հրամանով այնտեղ է նետվում նաև Գրիգոր Լուսավորիչը, ով, այնտեղ անց է կացնում 14 տարի, և ի վերջո, դուրս գալով այնտեղից, Հայաստանում տարածում է քրիստոնեությունը: Սակայն Խոր Վիրապի մասին պատումը շատ ավելի հնուց է գալիս: Համաձայն ավանդույթի՝ Վիշապը փախցնում է հայոց սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկին, նրան պահում Խոր Վիրապի փոսում, փոսը ծածկում 40 գոմեշի կաշվով, 40 ջրաղացի քարով: Խոր Վիրապի դաշտում Վիշապի դեմ մարտի է բռնվում հայոց ռազմի աստված Վահագնը՝ Աստղիկի սիրեցյալը, ով հաղթում է Վիշապին, իր թուր-Կեծակիով զարկում, փշրում ջրաղացի քարերն ու ազատում Աստղիկ աստվածուհուն: Խոր Վիրապի վանական համալիրը, ներկայիս տեսքով կառուցվել է 17-րդ դարում: Այնտեղ ժամանակին հեթանոսական տաճար է եղել՝ նվիրված Անահիտ կամ Աստղիկ դիցուհիներին: Իսկ 5-րդ դարում կանգնեցվել է փոքրիկ բազիլիկ եկեղեցի: 642 թվականին Ներսես Գ կաթողիկոսը Վիրապի վրա կառուցել է սբ.Գևորգ եկեղեցին, որ զվարթնոցատիպ է եղել՝ ութ սյուներով, բոլորաձև: Այն հետագայում ավերվել է և 1662 թվականին նրա տեղում կառուցվել է թաղածածկ մատուռ, որ կանգուն է ցայսօր: Վանքի գլխավոր եկեղեցին սուրբ Աստվածածինն է, որ 13-րդ դարի կառույց է: Այն ժամանակին եղել է նաև կրթության, գիտության և մատենագրության նշանավոր կենտրոն: Խոր Վիրապում 13-րդ դարում համալսարան է գործել, ուր դասավանդել են միջնադարյան անվանի շատ հայ գիտնականներ: 17-րդ դարի երկրորդ կեսին կառուցվում են վանքի պարիսպները, վանքը վերանորոգվում է: 1669 թվականին կառուցվել է սուրբ Գրիգոր եկեղեցին: Իսկ 19-րդ դարի վերջին կառուցվել է զանգակատունը: