Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ՍԱՂՄՈՍԱՎԱՆՔ

Սաղմոսավանքը գտնվում է Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում՝ Քասախ գետի կիրճի աջ՝ բարձրադիր մասում, Երևան քաղաքից 17 կմ հյուսիս: Վանական համալիրը կառուցվել է նախկինում այստեղ եղած կիկլոպյան ամրոցի և Վահագնի հեթանոսական տաճարի տեղում: Սաղմոսավանքից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Քասախի կիրճը և Արայի լեռը: Ավանդույթի համաձայն՝ Սաղմոսավանքի առաջին եկեղեցին դեռևս 4-րդ դարում կառուցել է Գրիգոր Լուսավորիչը: Այժմ վանական համալիրը բաղկացած է սբ.Սիոն, Սբ.Աստվածածին եկեղեցիներից, գավթից, գրատնից: 1215 թվականին Վաչե Վաչուտյան իշխանը այստեղ կառուցել է սբ.Սիոն եկեղեցին: Այն արտաքուստ ուղղանկյուն հատակագծով, ներքուստ՝ խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցի է՝ անկյուններում կրկնահարկ ավանդատներով: Վաչէ Վաչուտյանի որդին՝ Քուրդ Վաչուտյանը, 1255 թվականին այստեղ կառուցել է գրատուն: Հատակագծային հորինվածքով տարբերվում է նույն դարաշրջանի մյուս գրատներից: Արևելյան կողմում ունի խորան, իսկ պատերում` խորշեր: Միակ մուտքը արևմտյան կողմից է: Ապա Վաչե Վաչուտյանը եկեղեցուն կից կառուցել է քառասյուն գավիթ: Ուշագրավ է գավթի ծածկի համակարգը, որը հայկական ճարտարապետության բացառիկ օրինակներից է: Ս. Աստվածածին եկեղեցին գտնվում է Ս.Սիոն եկեղեցուց հարավ, գրատան արևելյան պատին կից: Կառուցվել է 1235 թվականին: Ուղղանկյուն հատակագծով, արևելյան կիսաշրջանաձև խորանով, թաղածածկ շինություն է: 13-րդ դարից այստեղ գործել է բարձրագույն դպրոց։ Սաղմոսավանքում գործել են շատ նշանավոր հայ գիտնականներ։ Այն գրչության խոշոր կենտրոն էր։ Պահպանվել են այստեդ գրված և ընդօրինակված մի քանի ձեռագրեր։ Վանական համալիրն ունի արտակարգ ակուստիկա, և գուցե դրանով է պայմանավորված նաև նրա անվանումը՝ սաղմոսների վանք….