Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ԿԱՐՄՐԱՎՈՐ ԵԿԵՂԵՑԻ

Կարմրավոր (սբ.Աստվածածին) եկեղեցին գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում: Խաչաձև հատակագծով կենտրոնագմբեթ այս եկեղեցին 7-րդ դարում կառուցել են Գրիգոր և Մանաս քահանաները: Կարմրավոր եկեղեցու տանիքը կարմիր կղմինդրից է, սակայն նրա անվանումն այլ ծագում ունի: Ըստ ավանդության, Աշտարակում ապրող երեք քույրեր սիրահարվում են Սարգիս անունով մի երիտասարդի։ Ավագ երկու քույրերը որոշում են իրենց զոհաբերել՝ կրտսերին երջանկություն պարգևելու համար և ծիրանագույն ու կարմիր զգեստ հագնելով իրենց նետում են անդնդախոր ձորը։ Այս լուրն իմանալով, փոքր քույրը սպիտակ զգեստ հագնելով, նույնպես իրեն ձորն է նետում, իսկ Սարգիսը այս դառը վշտից դառնում է ճգնավոր։ Հետագայում ձորի եզրին երեք եկեղեցիներ են հայտնվում՝ Կարմրավորը, Ծիրանավորը և Սպիտակավորը Կա նաև տարածված մեկ այլ կարծիք՝ կապված եկեղեցիների անվանածագման հետ։ Ասում են՝ Սպիտակավոր եկեղեցու որմնանկարներից մեկում Սուրբ Մարիամ Աստվածածնի գլխանոցը սպիտակ է, իսկ Կարմրավորում և Ծիրանավորում՝ համապատասխանաբար կարմիր և ծիրանագույն։ Եկեղեցու պատերին պահպանվել են շինարարական ու բազմաբնույթ այլ արձանագրություններ: Կարմրավորի մոտ կան շատ խաչքարեր, որոնցից առավել հայտնի է Ծակ-Քարը: Այն իր անունն ստացել է պատվանդանում ծակի պատճառով (1268թ.)։ Հնում Կարմրավորը կուսանաց վանք է եղել։ Կարմրավոր եկեղեցում է պահպանվում մի հնդկական նկարազարդ վարագույր, որը բերվել էր 1798-99 թվականներին Կալկաթայից, ինչպես նաև՝ Շուխոնց ավետարանը, ձեռագիր ավետարան է, որը 1873թ. նվիրաբերել է աշտարակցի Շուխյանց ընտանիքը։