Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ԴԱՇՏԱԴԵՄԻ ԱՄՐՈՑԸ

Դաշտադեմի ամրոցը գտնվում է Արգածոտնի մարզի գյուղում` Թալին քաղաքից 4 կմ հարավ-արևմուտք: Դաշտադեմի ամրոցը զուրկ է բնական պաշտպանությունից և ապավինել է իրեն շրջափակող հզոր պարիսպներին, ինչն ավելի վեհ ու ամբողջական տեսք է հաղորդում նրան։ Ամրոցի տարածքում կան երկու եկեղեցիներ` 7-րդ դարի եկեղեցին , որը գտնվում է ամրոցի արտաքին բերդապարսպի հարավ-արևելյան մասում և հյուսիսային պատին կից է միանավ Սբ. Սարգիս (10-րդ դար) սրբատաշ կարմիր տուֆից թաղածածկ եկեղեցին: Համալիրի կազմի մեջ են մտնում նաև ջրամբարները, Խանի պալատը, միջնաբերդը, միջնաբերդը շրջապատող պարսպապատերը: Գլխավոր մուտքը հյուսիսային կիսաշրջանաձև բուրգից է: Ամրոցն ունի ստորերկրյա գաղտնուղի, որն սկիզբ է առնում պարսպի հարավ-արևմտյան պատի կենտրոնից և հասնում արևմտյան կողմի ձորակը: Դաշտադեմի ամրոցի տեղում ամրոց է եղել դեռևս ուրարտական ժամանակաշրջանում: Իսկ ներկայիս ամրոցը կառուցվել է 5-7-րդ դարերում, Կամսարական իշխանների կողմից։ Բագրատունիների օրոք՝ 9-10-րդ դարերում բերդապարիսպը նորից վերակառուցվել է՝ ներառյալ միջնաբերդի դղյակն ու տաճարը։ Պարսպի մուտքի ճակատին պահպանվում են Բագրատունիների թագավորության զինանշան հովազակերպ պատկերները: 1064 թվականին ամրոցը անցնում է սելջուկներին: Սելջուկներից հետագայում այն անցնում է Շադդադյան տոհմին և այդ տոհմի ներկայացուցիչ Սուլթան իբն Մահմուդ իբն Շավուրին: Վերջինս 1174թ. նորոգում և վերակառուցում է ամրոցը, սրբատաշ քարերից և կրաշաղախից ուղղանկյուն հին աշտարակին կցելով կիսաշրջանաձև, բազմանկյուն հատակագծով բուրգեր։ Այդ մասին է վկայում հարավային բուրգի վրա թողնված արաբերեն արձանագրությունը: Ամրոցը հետագայում ազատագրվում է Զաքարյան իշխանների կողմից: Նրանց է վերագրվում միջնաբերդի շուրջ կառուցված կիսաշրջանաձև աշտարակներով առաջին պարսպապատի կառուցումը: Միջնաբերդի հիմքերը դրված են կոպտատաշ և խոշոր քարասալերի վրա։ Ամրոցի շրջագծից դուրս՝ նրա արևմտյան կողմում, բլրի լանջերին կիկլոպյան տիպի շարվածքով պարիսպների հետքեր են նկատվում։ Միջնաբերդից պահպանվել են միայն առաջին հարկի մեծ դահլիճը և վերևի հարկերի առանձին պատեր։ Ամրոցի հնագույն շինությունը դահլիճն է , որն ունի քառակուսի ձև։ Քառանկյուն աշտարակին հետագայում կցվել են կիսաշրջանաձև բուրգեր, որոնք կառուցվել են 12-րդ դարում։