Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ

Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը հիմնադրվել է 1946 թվականի աշնանը` Արագածի հարավային լանջին` Բյուրական գյուղի մոտ` ծովի մակերևույթից 1405 մ բարձրության, Երևան քաղաքից՝ 40 կմ հեռավորության վրա: Համարվում է Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն աստղադիտարաններից մեկը։ Հիմնադիրը անվանի աստղաֆիզիկոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանն է, Ճարտարապետն է Սամվել Սաֆարյանը։ Սկզբնական շրջանում բաց երկնքի տակ տեղակայված առաջին շատ համեստ աստղադիտակներով են կատարվել անդրանիկ դիտումները: 1956 թվականինին, երբ տեղի ունեցավ աստղադիտարանի պաշտոնական բացումը, ստացված կարևոր արդյունքների շնորհիվ այդ գիտական հաստատությունը հայտնի դարձավ ողջ աշխարհում: Հիմնադրման օրվանից մինչև 1988 թվականը աստղադիտարանի տնօրենն էր Վիկտոր Համբարձումյանը: Այդ տարիներին աստղադիտարանում տեղադրվեցին Եվրոպայում խոշորագույններից մեկը՝ 2,6 մ հայելու տրամագծով դասական աստղադիտակը, 1 մ տրամագծով մուտքի բացվածքով աշխարհում խոշորներից համարվող Շմիդի համակարգի աստղադիտակը, ռադիոօպտիկական աստղադիտակը և շատ ու շատ այլ բարձրակարգ սարքեր: Դրանք հնարավորություն տվեցին Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանում կարևորագույն հետազոտություններ կատարել աստղերի ու գալակտիկաների առաջացման, ինչպես նաև նյութի տիեզերական գոյաձևերի ֆիզիկայի վերաբերյալ: 1947 թվականին, օրինակ, հայտնագործվեցին աստղասփյուռները՝ երիտասարդ աստղերի խմբեր, որտեղ ձևավորվում են աստղերը, և առաջին անգամ ապացուցվեց, որ մեր ժամանակներում ևս շարունակվում են աստղերի առաջացման երևույթները: Բյուրականի աստղադիտարանում մշակվեցին և հիմնավորվեցին նաև գալակտիկաների կորիզների ակտիվության վարկածները, որոնք հեղաշրջեցին այդ գիտության մեջ իշխող պատկերացումը: Այսօր Դուք հնարավորություն ունեք Բյուրականի աստղադիտարանից զմայլվել աստղերի գեղեցիկ խաղով ու հետևել գալակտիկաների դասավորությանը…