Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ԱՐՈՒՃԻ ԵԿԵՂԵՑԻ

Արուճ գյուղը գտնվում է Արագածոտնի մարզում, Արագածի հարավային ստորոտին, Աշտարակ քաղաքից 23 կմ արևմուտք: Արուճը հնագույն բնակավայր է: Վաղ միջնադարում եղել է հայոց բանակի ձմեռային կայանատեղերից մեկը, Հայոց իշխանաց իշխան Գրիգոր Մամիկոնյանի աթոռանիստը: Արուճի սուրբ Գրիգոր տաճարը հայկական ճարտարապետության հրաշագեղ կոթողներից է: Այն իր չափերով վաղ միջնադարյան Հայաստանի մեծագույն կոթողներից է և 662-666 թվականներին կառուցել է իշխան Գրիգոր Մամիկոնյանը իր կնոջ` իշխանուհի Հեղինեի հետ, որի մասին տաճարի պատին թողել է համապատասխան արձանագրություն: Տաճարը օծել է Հայոց կաթողիկոս Անաստաս Ա Ակոռեցին (661-667): Մինչև Սուրբ Գրիգոր եկեղեցու հիմնադրումն Արուճում գոյություն է ունեցել մեկ այլ` բազիլիկ եկեղեցի, որի քահանա Գիորգոսը մասնակցել է Դվինի Գ եկեղեցական ժողովին (609): Հետագայում այդ եկեղեցին վերածվել է աշխարհիկ շինության: Հատկապես նշանակալից է գմբեթավոր դահլիճը իր չափսերով` (17մ - 34,5մ): Աչքի է ընկնում հանդիսավոր` ներքին տարածությամբ` պսակված որմնամույթերին ու առագաստներին հենված գմբեթով: Լուսավորվել է 41 պատուհաններից և երկու լայնադիր դռներից ներթափանցող առատ լույսով: Մուտքերը հյուսիսային և հարավ-արևմտյան կողմից են: Արևելյան ճակատին երկու եռանկյունաձև խորշեր կան: Քիվերի զարդաքանդակը հյուսածո է: Տաճարում յոթերորդ դարից մնացած որմնանկարներ կան, որ այժմ խիստ քայքայված են: Պատկերված է Համբարձման տեսարանը: Ավագ խորանի վերևի հատվածում` յոթ մետր բարձրությամբ պատրերված է Քրիստոսը` ձախ ձեռքին մագաղաթալար, որի վրա գրված է մի հատված Հովհաննեսի Ավետարանի խոսքից. «Ով իմ պատվիրաններն ընդունում և դրանք պահում է, նա է, որ ինձ սիրում է. և ով ինձ սիրում է, պիտի սիրվի իմ Հորից, ես էլ նրան պիտի սիրեմ և ինձ պիտի հայտնեմ նրան» (Հովհ. 14։21)։ Պատկերի որոշ մանրամասներ ոսկեզօծված են եղել: Պատվանդանը պատված է գեղեցիկ զարդագոտիով, որի տակ գրված է նկարչի անունը` Ստեփանոս, ով մեզ հայտնի 7-րդ դարի առաջին նկարիչն է: Ներքևում` հյուսիսային կողմում պատկերված են վեց առաքյալներ` գրքերով: Հովհաննես Դրասխանակերտցու հաղորդման համաձայն` Արուճի տաճարի հարավ-արևելյան կողմում Գրիգոր Մամիկոնյանը ժամանակին պալատ-նստավայր է կառուցել, որը բացվել է 1948-1951 թվականների պեղումների ժամանակ: Այն իր ձևով նման է եղել Դվինի կաթողիկոսարանին: Տաճարի հարավ-արևելյան ավանդատան դիմաց 867 թվականի արձանագրություն կա, որ վկայում է Արուճի և Կոշ գյուղերի միջև ջրօգտագործման վեճի` իշխան Սմբատ Բագրատունու կողմից կարգավորելու մասին: 970 թվականին եկեղեցին ավերվել է ուժեղ երկրաշարժից, երեք տարի անց վերանորոգվել Գուրամ իշխանի կողմից` վարպետ Դավթի ձեռքով: 987-ին Սմբատ Բ Տիեզերակալ արքան, ըստ եկեղեցու հարավային պատի արձանագրության, Արուճին հարկային արտոնություն է տվել: Եկեղեցու հարավային մուտքի ճակատի վրայի արձանագրության համաձայն, 1285-ին Արուճի բնակիչները ազատվել են բնահարկերից: XIII դ. Մարգար կազմողը եկեղեցու հյուսիսային պատի արևելյան որմնամույթի վրա քանդակել է չորս մեծ և երեք փոքր խաչեր: XV դ. Խաչատուր վարդապետը նորոգել է եկեղեցին, որ քիչ անց փլվել է` հավանաբար երկրաշարժից: XVI-XX դդ. եկեղեցին կիսավեր էր և լքված: 1946-ին նորոգվել են եկեղեցու հարավային և արևմտյան պատերի քանդված հատվածները, վերանորոգվել քիվերը և տանիքը: Տարածքում պահպանված են նաև բրոնզեդարյան դամբարաններ, հին ամրոցի, 13-րդ դարի քարավանատան մնացորդներ: